27/08/2025

Մեզ տեղն է․ Կարեւորը` Ալիեւ էֆենդին գոհ լինի մեզնից

Իշխանավորների խմբակը, որը կենաց-մահու պայքար է մղում իշխանության մնալու համար, շատ ագրեսիվ է տրամադրված իրեն քննադատողների եւ, առհասարակ` հայ հանրության նկատմամբ:

Հրապարակ թերթը գրել է․ Նրանք պահանջում են, որ հասարակությունը 2018-ի նման իրենց սիրի ու փայփայի, իրենց հասցեին միայն գովեստներ շռայլի:

Իրենք ինչ աղետ ասես՝ բերեն ժողովրդի գլխին, բայց ժողովուրդը ոչ միայն ների ու հանդուրժի, այլեւ շարունակի հիանալ իրենցով, ամեն օր փառաբանի, Աստծուն շնորհակալ լինի, որ նման իշխանություն է իրեն պարգեւել:

Արցախը տվեցի՞ք` շատ ապրեք, այդ բեռից ազատեցիք մեզ՝ բոլորիս: Միջանցքը զիջեցի՞ք` կեցցեք, բա հո հավերժ չէի՞նք կռվելու մեր հարեւանների հետ ինչ-որ Արցախի համար, ինչ ուզում են՝ տանք, որ հանգիստ ապրենք:

Հայտնի գործարարին, սրբազաններին, ձեր դեմ խոսողներին բա՞նտ եք ուղարկում` շատ էլ լավ եք անում, նրանց տեղը բանտն է, հերիք է բամբասեն ու բողոքեն ձեզնից:

Մեր պատմությո՞ւնն եք փոխում, Արարատն Արագածո՞վ եք փոխարինում, Սահմանադրությո՞ւն եք փոխում` Ալիեւի պահանջով, ձեր ցավն էլ տանենք` ի՞նչ պետք է «Ծովից ծով Հայաստանի» գաղափարախոսությունը, կամ` ի՞նչ տարբերություն` Մասիս սարի նկարը կփակցնենք մեր պատերին, թե՞ Արագածի:

Կարեւորը` Ալիեւ էֆենդին գոհ լինի մեզնից: Ռուսների՞ն եք վռնդում, բանա՞կն եք կրճատում` շատ ճիշտ քայլեր են:

Ֆինանսներ խնայեք, որ ձեզ բոլ-բոլ պարգեւավճարներ բաժանեք, գործուղումների շատ գնաք` մենք լավ չենք ապրում, գոնե դուք լավ ապրեք:

Վարձավճարներն ու տուգանքնե՞րն եք բարձրացնում, հարկեր-տուրքե՞րը` բա պետության գլխավոր գործն իր քաղաքացու կաշին քերթելն է, իսկ ո՞ր երկրում հարկ ու տուրք չեն հավաքում:

Դպրոցնե՞ր եք փակում, ծառե՞ր եք կտրում, ասֆալտի վրա նոր ասֆա՞լտ եք գցում` ո՞ր մեղր ծախողը մատը չի լպստում: