29/08/2025

Ալիևն իզուր չի քծնում Թրամփին, ինչի ակնկալիք ունի Բաքվի բռնապետը

Ադրբեջանն ու Միացյալ Նահանգները նախնական բանակցություններ են վարել շրջանակային համաձայնագրի ստորագրման հնարավորության վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին օրերս հայտարարել է Ադրբեջանի  էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը նախագահ Իլհամ Ալիևի ԱՄՆ կատարած այցին նվիրված կառավարության հատուկ նիստում։

Նրա խոսքով, փաստաթղթի ստորագրման համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել նախագահ Ալիևի Վաշինգտոն կատարած պատմական այցից հետո։

Նախարարը շեշտել է, որ կողմերն արդեն նախնական բանակցություններ են վարել, որոնց ընթացքում հատկապես նշվել է Ադրբեջանի ներդրումը տարածաշրջանի և աշխարհի էներգետիկ անվտանգության գործում։

«Հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի հարուստ էներգետիկ պաշարներին և վերականգնվող էներգիայի աղբյուրների ներուժին», – հավելել է Ջաբարովը։

Միաժամանակ, ԱՄՆ ամենահայտնի թերթերից մեկը՝ The Washington Times-ը, հրապարակել է Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփայության դոկտոր Ռոբ Սոբհանիի հոդվածը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած եռակողմ բանակցությունների մասին։

Հրապարակման հեղինակը գրում է, որ Ադրբեջանի նախագահը պատրաստ է համագործակցել Թրամփի և ԱՄՆ մասնավոր հատվածի հետ՝ ամերիկյան ընկերություններում արհեստական ​​​​բանականության ոլորտում ներդրումներ կատարելու համար» և համագործակցել ԱՄՆ առաջատար համալսարանների և բիզնեսների հետ։

Ըստ հեղինակի, 2003 թվականին իշխանության գալուց ի վեր, նախագահ Ալիևը ողջունել է յուրաքանչյուր ամերիկյան ընկերության, որը պատրաստ է ներդրումներ կատարել Ադրբեջանում:

Փաստորեն, Սյունիքի տարանցիկ ճանապարհով դեպի Նախիջևան անխոչընդոտ երթևեկի բաղձալի հնարավորությանը հասնելուց հետո Ալիևն ավելի է մեծացրել ախորժակը և Թրամփի հետ հարաբերությունների խորացումը դիտարկում է իբրև ռազմավարական առաջնահերթություն: Ամենևին պատահական չէ, որ նա գովեստի խոսքեր է շռայլում ամերիկացի առաջնորդի հասցեին՝ ընդհուպ Փաշինյանի հետ նրան առաջադրելով խաղաղության Նոբելյան մրցանակի: