Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման կազմակերպիչները հայտարարում են, որ նորոգման ընթացքում ե՛ւ թանգարանը, ե՛ւ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների եւ պաշտոնական պատվիրակությունների համար:
Այդ նպատակով մույթերը հերթով են հիմնանորոգվում, այժմ ընթանում են առաջին երկու մույթերի վերականգնման աշխատանքները: Աշխատանքների նպատակն է՝ ջրահեռացման խնդիրը լուծել, որը գոյություն ունի տասնամյակներ շարունակ, եւ որի պատճառով քայքայվել էին մույթերի քարերը՝ առաջացնելով քարաթափման վտանգ, իսկ վարչական եւ թանգարանի մասնաշենքերում մշտապես կար անձրեւաջրերի ներհոսքի խնդիր։ Նշում են նաեւ, որ նախորդ տարի առաջին փուլով իրականացվել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավման աշխատանքներ, որի շրջանակում Եղեւնիների պուրակում գործարկվել է ոռոգման կաթիլային համակարգ։
Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի եւ թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից է։ Եվ չնայած այս ամենին, մասնագետներն ու հանրությունն ահազանգում են՝ պնդելով, որ այս ամենն արվում է կանխամտածված: Հաջորդ տարի Հայաստանում տեղի է ունենալու COP 17-ը, ինչի շրջանակներում Հայաստան են ժամանելու ամենատարբեր երկրներից: Ու որպեսզի այդ շրջանում ցեղասպանության մասին չհիշատակվի, հյուրերը չայցելեն Ցեղասպանության թանգարան, իշխանությունները որոշել են այն երկարատեւ նորոգման հանձնել: Ըստ որոշ տեղեկությունների` վերանորոգման աշխատանքները կտեւեն մեկուկես տարուց ոչ պակաս:
Պատմաբան, պատմության դասագրքերի հեղինակ Աշոտ Ղուկասյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատում է. «Հավանաբար, հերթական խոստումն է տվել պարոնը Թուրքիային: Հավանաբար, հերթական անգամ այս վարչապետ կոչվածը որոշել է ուրանալ Ցեղասպանությունը: Ասեմ ավելին` եթե սա մնաց իշխանության, ոչ թե ժամանակավոր, այլ ընդմիշտ փակելու է Ծիծեռնակաբերդը: Ես երբեմն զարմանում եմ մեր հասարակության վրա, որ դեռ սրա արարքներից զարմանում են կամ դեռ կասկածում, որ սա դրսի պատվերն է կատարում: Այս մարդը դրսի ծրագիրն է իրականացնում: Նա իր առաջ դրված բոլոր խնդիրները հերթով լուծում է, հիմա հերթը հասել է արդեն ցեղասպանությանը: Թուրքիայի կողմից հրահանգ ունի ստացած, ի վերջո՝ վերջնականապես պետք է ցեղասպանության հարցը փակի՞, թե՞ չէ: Նեմեսիսի հուշարձան բացողներ են սրանք, հերթը հասել է Հայոց ցեղասպանությանը, ամեն ինչ անելու է, որ ցեղասպանության մասին հայ ժողովուրդը չհիշի: Նա փորձում է ջնջել հայ ժողովրդի պատմական հիշողությունը: Ցեղասպանությունը մոռացնել տալ՝ նշանակում է հայ ժողովրդին դատապարտել վերջնական կործանման: Այժմ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ինչքան քիչ մարդ խոսի Հայոց ցեղասպանության մասին, այնքան լավ, այնքան ՔՊ-ի օգուտն է: Տարբեր հումանիստներ կարող են առաջիկայում այցելել Հայաստան, խոսել մեծ ողբերգության մասին, իսկ դա այս իշխանությանը պետք չէ, ավելին` խանգարում է: Հայաստանն այսօր վարում է թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքականությունը: Թուրքիան ունի թիվ մեկ խնդիր՝ ջնջել հայ ժողովրդի պատմական հիշողությունը: Արտերկրից ինչքան մարդիկ կարող են գալ եւ ինչքան բան կարող են տեսնել, Նիկոլ Փաշինյանին դա խիստ անհանգստացնում է: Եթե այսպես երկար շարունակվեց, իսկապես ժողովուրդը մոռանալու է ամեն ինչ: Հայ ժողովրդի մի հատված դեռեւս հավատում է այս մարդուն, հավատում է, որ նա կարող է խաղաղություն բերել, բայց ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել: 532 թվականին Իրանի եւ Բյուզանդիայի միջեւ կնքվեց հավիտենական հաշտության պայմանագիր, որն ընդամենը յոթ ամսվա կյանք ունեցավ: Հայաստանի պարագայում այդ պայմանագիրն անգամ յոթ ամսվա կյանք չի ունենալու: Ալիեւն արդեն իսկ սպառնում է: Նրանք օգտվում են Նիկոլ Փաշինյանի ներկայությունից եւ մինչեւ վերջ գնալու են: Այդ թղթի կտորը ոչ մեկին պետք չէ: Այն ոչ մի բան չի ներկայացնում իրենից»:
Բաց մի թողեք
Փաշինյանը կազատի՞, արդյոք, աշխատանքից իր դիրքորոշմանը հակառակ դիրքորոշում հայտնած Լիպարիտ Դրմեյանին
Լիլիթ Մակունց` անգին քարը, կնշանակվի ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
Նախկին ոստիկանապետի վարորդը սկանդալի մեջ է հայտնվել