Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական: Այս մասին ճապազրույցի ընթացքում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ ավարտվել է Մակունցի պաշտոնավարումն ԱՄՆ-ում որպես դեսպան: Օգոստոսի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հրաժեշտի ընդունելություն՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի պատվին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։
Նոր դեսպան է նշանակվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանը:
Լիլիթ Մակունցի անունը Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղեգծում վաղուց է հայտնի։ Շատերը նրան համարել են վարչապետի «անգին քարերից» մեկը՝ սառը, անշարժ, բայց անփոխարինելի։
Բայց երբ «անգին քար» ես ոչ թե պետության հիմքերում, այլ ղեկավարի մատանու տեղում, արժանիքն ու արժեքը ընկնում են հարցականի տակ։ ԱՄՆ-ում տարիների ընթացքում նրա հիմնական նվիրումը եղել է Փաշինյանի, ոչ թե Հայաստանի համար։
Դեսպան նշանակվելով ԱՄՆ-ում՝ նա ստացավ բացառիկ հնարավորություն Հայաստանի շահերը ներկայացնելու աշխարհի ամենակարևոր մայրաքաղաքներից մեկում։ Բայց տարիների անցման հետ ավելի ակնհայտ դարձավ, որ նրա իրական ծանրակշիռ ծառայությունները եղել են ոչ թե Հայաստանի, այլ անձամբ վարչապետի համար։
Պաշտոնավարման ավարտին Մակունցը վերադարձավ Հայաստան։ Եվ եթե համեմատությունը չափազանցված չթվա, ապա ինչպես Մոնա Լիզայի կտավը, որը հատուկ պայմաններով տեղափոխում են թանգարանից թանգարան, այնպես էլ նա Վաշինգտոնից վերադարձավ՝ անմիջապես վարչապետի գլխավոր խորհրդականի աթոռին։ Սա ինքնին խոսում է այն մասին, թե ում համար է եղել նրա ներկայությունն այդքան արժեքավոր։
Բայց հիշենք ժամանակագրությունը․ նա մեկնեց Վաշինգտոն այն տարիներին, երբ Արցախը գոյություն ուներ, Հայաստանը ուներ պետականության այլ հենասյուներ ու ինքնավստահություն։ Այսօր վերադարձած է մի այլ իրականություն․ Արցախը կորցրած, Հայաստանը՝ թուլացած։
Եվ եթե կա հպարտություն, ապա այն միայն իր բաժին «լումայի» համար՝ այս ողբերգական փոփոխությունների շղթայում։ Նա վերադարձել է մի երկիր, որտեղ արժեքը չափվում է անձնական նվիրմամբ, ոչ թե երկրի համար կատարած գործերով։ Սա նման է այն բանին, երբ տերը գիտի իր մատանու քարի արժեքը։
Ուսումնասիրելով Փաշինյանի գլխավոր խորհրդականի՝ Լիլիթ Մակունցի 2024 թվականի անշարժ գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը՝ MediaHub-ը նկատել է, որ ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպանն այնքան էլ ցոփ ու շվայտ կյանքով չի ապրում, կամ էլ գուցե թաքցնում է, համենայն դեպս ներկայացված տեղեկությունների համաձայն՝ Մակունցը չունի ոչ անշարժ գույք, ոչ տրանսպորտային միջոց, անգամ նրա աշխատավարձ, ինչն էլ ամենատարօրինակն է։
Այն եզակի տեղեկությունները, որ առկա են հայտարարագրում, վկայում են, որ հաշվետու տարվա սկզբում Մակունցի առկա փոխառության գումարը կազմել է 3 մլն 918 հազար դրամ, ինչը հաշվետու տարվա վերջ նվազել է՝ դառնալով 2 մլն 676 հազար դրամ։ Մյուսը տարվա սկզբին եղել է 28 մլն 850 հազար դրամ, որն էլ տարեվերջին էապես չի փոխվել՝ 28 մլն 236 հազար դրամ։
Տարվա սկզբում նրա բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 27 հազար 305 դոլար, ինչը տարվա վերջում աճել է՝ դառնալով 36 հազար 3 դոլար։ Մյուսն հաշվի մնացորդն էլ է աճել՝ 395 հազար դրամից դառնալով 419 հազար դրամ։
Ինչպես արդեն նշեցինք, ներկայացված հայտարարագրի ամենահետաքրքիր մասը վերաբերում է նրա եկամուտին, որը թե՛ նախորդ տարիների, թե՛ մյուս երկրներում ՀՀ դեսպանների ներկայացված տեղեկատվության հետ համեմատած զգալի տարբերվում է։
Եթե, օրինակ, Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի աշխատավարձը նույն տարվա համար կազմել է 27 մլն դրամ (68 հազար դոլար), ՌԴ-ում ՀՀ դեսպանինը՝ 35 հազար դոլար, ապա Լիլիթ Մակունցի աշխատավարձը (ԱԳՆ-ից), ըստ հայտարարագրի, կազմել է ընդամենը 2 մլն 616 հազար դրամ։
Մինչդեռ նախորդ՝ 2023 թվականի հայտարարագրում առկա է ոչ միայն այդ նույն վարձատրությունը ԱԳՆ-ից՝ 2 մլն-ից փոքր ավելի, այլև նշված է ԱԳՆ-ից ստացած 51 հազար դոլարի մասին տեղեկություն։ Թե ինչո՞ւ 2024-ին ԱԳՆ-ից ստացած վարձատրությունը ամբողջական արտացոլված չէ հայտարարագրում, պարզ չէ:
Ըստ հայտարարագրի՝ Լիլիթ Մակունցը զրոյացրել է դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա 32 մլն 768 հազար դրամ վարկը։
Կարիերայի թռիչքաձև անկումը հենց այս տեսքն է ունենում… Թեև, ազնիվ լինենք՝ Մակունցի պարագայում հարկ է զարմանալ ոչ թե նրա այս անկման, այլ տարիներ առաջ ոչ մի բանից, բառի բուն իմաստով՝ զրոյից ԱՄՆ նման գերտերությունում դեսպան նշանակվելուն, քանզի այն, ինչ այսօր է իր հետ տեղի ունենում, դրա տրամաբանական շարունակությունն է:
Ամիսներ շարունակ մամուլը գրում էր այն մասին, որ Փաշինյանը դժգոհ է Լիլիթ Մակունցից, քանզի վերջինս որևէ կերպ իր դեսպանության տարիներին չի նպաստել քաղաքական երկխոսության զարգացմանը, իսկ այն, ինչ տեղի է ունեցել հատկապես վերջին ամիսներին՝ ՀՀ-ԱՄՆ մերձեցման կոնտեքստում, դրանում Մակունցի դերակատարումը զրոյական է, ամենը պայմանավորված է գլոբալ տարածաշրջանային զարգացումներով ու դրանում ԱՄՆ դերի ամրապնդմանն ուղղված քայլերով, այլ ոչ թե ինչ-որ մեկի ջանքերով: Առավել ևս, որ որպես այդպիսին՝ Մակունցը որևէ ջանք չի էլ գործադրել:
Պատմում են, որ Մակունցն ընդունելի չի եղել ո՛չ հայ համայնքի կողմից, ո՛չ էլ ամերիկացի պաշտոնյաների. դիվանագիտական շրջանակները շատ կոշտ են բոլոր նրանց նկատմամբ, որոնք նման պաշտոնների են նշանակվում «դրսից», առանց որևէ հետագծի, առանց արտաքին գործերի նախարարության հետ կապ ունենալու, ինչ-որ մեկի ուղղակի ցանկությամբ: Նրանք այդպես էլ մնում են «чужак»:
Հիշենք՝ Մակունցի նշանակմանը կտրականապես դեմ է եղել նաև այն ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը, սակայն ի՞նչ կարող էր նա անել Փաշինյանի որոշման դեմ: Հատկապես, երբ հայտնի էր՝ Մակունցը Աննա Հակոբյանի մտերմուհին է, Փաշինյանի ընտանիք մտել-դուրս է եկել, շատ բան է տեսել ու շատ բան գիտի: Հետևապես, ԱԳ նախարարի դժգոհությունը չէր կարող խոչընդոտ հանդիսանալ, և դեսպան նշանակվելու հաջորդ օրն իսկ նրան շնորհվեց արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
Ի դեպ, հենց այն հանգամանքը, որ Մակունցը Փաշինյանի ընտանիքի մտերիմն է, ենթադրել է տալիս, որ խորհրդականի «ստից» պաշտոնին նա երկար չի մնա, դա ժամանակավոր լուծում է, և 2026-ի ընտրություններից հետո մի պաշտոնի կնշանակվի: Փաշինյանը սիրում է իրեն շրջապատել կին պաշտոնյաներով, այնպես որ, հավանական է, որ Մակունցի համար էլ իր կաբինետում մի պաշտոն կգտնվի, կամ նա կվերադառնա ԱԺ: Ասում են՝ 2026-ից հետո Փաշինյանը մտադիր է ԱԺ նախագահ փոխել, անգամ կին է դիտարկում, թեև, մյուս կողմից, Ալեն Սիմոնյանը իրեն շատ լավ արդարացնում է ընդդիմության դեմ մղվող պայքարում ակտիվ իր դերակատարությամբ…
Ինչ մնում է Մակունցին, ապա բոլորն են հիշում, թե ինչպես նա չկարողացավ անգամ «Իմ քայլը» խմբակցությունը ղեկավարել, ինչպես էին թիմում դեմ իր նշանակմանը և բանի տեղ չէին դնում… բայց դա երբեք Նիկոլի համար կարևոր չի եղել, որոշումները ինքը միշտ կայացրել է միանձնյա և այսօրվա ճեպազրույցի ժամանակ էլ հենց այդպես էլ ասեց՝ «կառավարությունը ե՛ս եմ, ով չի կիսում իմ դիրքորոշումը, թող դիմում գրի»:
Բաց մի թողեք
Սենսացիոն որոշում․ Լրագրողին հարվածած բերետավորին մինչև 7 – 8 տարով ազատազրկում նախատեսող հոդվածով մեղադրեցին
Դուք թաթախեցիք ձեր ձեռքերը արդարների արյան մեջ. Բագրատ Սրբազան
Թրամփն ընդդեմ Փաշինյանի և Միրզոյանի․ Կարո՞ղ ա` Փաշինյանն ու Միրզոյանը չեն էլ հասկանում, ի´նչ են բանակցել