16/10/2025

Կխոչընդոտի արդյոք Մոսկվան Հայաստանին ու Ադրբեջանին անդամակցել ՇՀԿ-ին

Հայաստանն ու Ադրբեջանը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկխոսության ակտիվ գործընկերներ են, մասնակցում են ընդհանուր համագործակցության և համատեղ միջոցառումների:

Այս մասին ասել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը՝ պատասխանելով լրագրողների դիտարկմանը, թե արդյո՞ք «Ռուսաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների սառեցումը կարող է ազդել նրանց հեռանկարների վրա» այս կազմակերպությունում։

«Ես լիարժեք տեղեկատվություն չունեմ այս հարցի վերաբերյալ և ինձ իրավունք չեմ վերապահում մեկնաբանել երկկողմ հարցերը։ Ներկայում ՇՀԿ անդամ պետությունները քննարկում են բոլոր առկա հարցումները։ Սխալ կլինի առաջ շարժվել և կանխատեսումներ անել», – նշել է Երմեկբաևը։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ «նոր երկրների ընդունման որոշումը բոլոր անդամ պետությունները կայացնում են կոնսենսուսի միջոցով՝ հիմնվելով կանոնադրության նպատակների և սկզբունքների, այլ միջազգային պայմանագրերի և ՇՀԿ փաստաթղթերի դրույթների վրա»։