17/10/2025

ԱԱԾ-ականը հաղթել է ՀՀ գլխավոր դատախազությանը

Ազգային անվտանգության ծառայության աշխատակից Արման Մելքոնյանը, որը 2018 թվականին եղել է առողջապահության նախարարի անվտանգության գծով խորհրդականը, 2020 թվականից դատարանների դռներին է։

Հրապարակ թերթը գրել է․ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ, լինելով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, անցել է իր պաշտոնեական լիազորությունների սահմանները, ինչի արդյունքում պետության օրինական շահերին եւ անձի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս է պատճառվել:

Ըստ մեղադրանքի՝ նա, զբաղեցնելով նախարարի անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը, մտերիմ հարաբերություններ է հաստատել «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն աչքի կլինիկա» ՓԲ ընկերության բաժնեմասերի գերակշիռ մասի սեփականատեր, տնօրեն Ալեքսանդր Մալայանի հետ:

Տեղեկանալով, որ Ալեքսանդր Մալայանը դժգոհություններ է ունեցել բժշկական կենտրոնի տնօրենի ֆինանսական գծով տեղակալ, նշված ընկերության բաժնեմասերի ավելի քան 20 տոկոսի սեփականատեր Սմբատ Օհանյանի աշխատանքից, իր ծառայություններն է առաջարկել հիվանդանոցի` վերջինիս վերահսկողության տակ գտնվող ֆինանսատնտեսական գործունեությունը ստուգելու եւ դրա արդյունքում նրան այդ աշխատանքների ղեկավարումից հեռացնելու հարցում:

2019թ. փետրվարի վերջին եւ մարտի 15-ին Արման Մելքոնյանը, զբաղեցնելով ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի բաժանմունքի պետի պաշտոնը, Ալեքսանդր Մալայանի հետ ունեցած քննարկումների ընթացքում իրազեկել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մտադրվել է նվազեցնել հիվանդանոցին պետական պատվերով մատուցվող ծառայությունների համար նախատեսված հատկացումները (գումարը), ոչ ձեռնտու քայլեր են կատարել զորակոչի կազմակերպման ժամանակ, արդեն իսկ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկան զրկվել է համավճարային սկզբունքով բժշկական ծառայություններ մատուցելու հնարավորությունից:

Եվ այդ հարցերը լուծելու համար անհրաժեշտ է կազմակերպել, որ Սմբատ Օհանյանը կաշառք տա ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին։ Սակայն Օհանյանը տեսաձայնագրությունները ստուգելիս իմացել է, որ իր «գլխին սարքում» են, որեւէ կաշառք չի առաջարկել կամ տվել, այլ հակառակը՝ դրա մասին տեղյակ է պահել ԱԱԾ-ին։

Մելքոնյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը, եւ նա դատական պրոցեսի ողջ ընթացքում շարունակել է աշխատել ԱԱԾ-ում՝ դատարանի որոշմամբ։

Առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, Արման Մելքոնյանն արդարացվել է, դատախազությունը որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, իրավիճակն այստեղ կտրուկ փոխվել է` դատավոր Մեսրոպ Մակյանը բեկանել է որոշումը։

«Կայացնել դրան փոխարինող նոր դատական ակտ եւ Արման Կարլենի Մելքոնյանին մեղավոր ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով եւ որպես պատիժ նշանակել 500 հազար ՀՀ դրամ տուգանք»,- նշված է որոշման մեջ։

Պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարան եւ այստեղ գրանցել է վերջնական հաղթանակ։ «ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը բեկանել եւ օրինական ուժ տալ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռին»,- ասված է վճռաբեկի որոշման մեջ։