16/10/2025

Թուրքիան՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագծին Միացյալ Նահանգների ներգրավվածության մասին

Հայաստանի քաղաքական որոշ դերակատարներ Սյունիքում հաղորդուղիների բացման հարցում առաջարկում են վերադառնալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին, ոմանք վստահ են, որ իշխանության գալով՝ իրենք «ավելի լավ կբանակցեն»:

Այդ մոտեցումներում էական նորություն չկա:

Ավելի ինտրիգային է փորձագիտական գնահատականն է, ըստ որի «Վաշինգտոնում ստորագրված հայ-ադրբեջանական Հռչակագիրն Ադրբեջանը ստորագրել է, որովհետև իր ցանկացածն ստանում է»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարին օգոստոսի 28-ին կոնկրետ հարց է ուղղվել՝ ի՞նչ դիրքորոշում ունի Անկարան այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծին Միացյալ Նահանգների ներգրավվածության մասին:

Հաքան Ֆիդանը պատասխանել է, որ իրենք «ադրբեջանցի եղբայրներին վստահում են»:

Կարելի է հասկանալ, որ Էրդողանը փորձել է այդ սկզբունքային հարցում տարհամոզել, բայց ի վերջո տեղի է տվել: Ֆիդանն ասել է, որ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ կոնկրետություն դեռևս չկա, կողմերը պետք է քննարկեն»:

Թուրքիայի արտգործնախարարի ընդգծված ենթատեքստային դիտարկումներից ենթադրվում է, որ Սյունիքում «Թրամփի կամուրջ» նախագիծն «այն չէ, ինչ կցանկանար Թուրքիան»: Ինչու՞:

Որովհետև ստորագրված Հռչակագիրը սահմանում է, որ հաղորդակցությունը պետք է իրականացվի «պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման հիման վրա»:

Այս հիմնարար սկզբունքը Պուտին-Փաշինյան-Ալիև հայտարարության 9-րդ կետում չկա: Պայմանականորեն ասած՝ «պուտինյան» տարբերակն առերևույթ անվտանգ է. երթուղին հանձնում ես երրորդ կողմի, քեզ ազատում «գլխացավանքներից»:

Երկրորդն իրավա-քաղաքական առումով սուվերենացնում է Հայաստանը: Անշուշտ, դա ավելի դժվար իրացնելի է, եթե անգամ, ինչպես արտգործնախարար Արարատ Միրզոյանն է ձևակերպել, առաջնորդվենք ոչ թե «դիմակայության», այլ՝ «համագործակցության կանխավարկածով»:

Բայց ո՞վ է ասել, որ կարգավորումն ավելի հեշտ է, քան՝ խզումը: