17/10/2025

«Թրամփի կամուրջ» նախագիծը կվերածվի՞ ուժային բևեռների միջև մրցակցության առարկայի

Ռուսաստանը համաձայն է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, և եթե որևէ այլ երկիր չառարկի, ապա սեպտեմբերի 1-ին այդ մասին կհայտարարվի պաշտոնապես:

Աշխարհաքաղաքական իմաստով դա նշանակում է, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանի Դաշնությունը և Ֆրանսիան համարում են, որ Հայաստանը և Ադրբեջանը, նախաստորագրելով խաղաղության և հարաբերությունների հաստատման մասին Համաձայնագիրը, սկզբունքորեն փակում են հակամարտության էջը:

Հայաստանը և Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին համատեղ առաջարկություն ներկայացրել են Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ, չառարկելով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, Ռուսաստանը ճանաչում է Վաշինգտոնի հայ-ադրբեջանական և հայ-ամերիկյան, ադրբեջանա-ամերիկյան նախնական պայմանավորվածությունները, այդ թվում՝ Թրամփ-Փաշինյան-Ալիև քաղաքական Հռչակագիրը:

Իհարկե, ասվածից ուղղակիորեն չի հետևում, թե Ռուսաստանը Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցության, հաղորդուղիների գործարկման, առեւտրա-տնտեսական համագործակցության և այլ հարցերի վերաբերյալ այլեւս ոչ մի «մտահոգություն չունի»:

Խոսքն այն մասին է, որ Մոսկվան ֆորմալ առումով ձեռնպահ է մնում ԱՄՆ հետ առնվազն առերևույթ դիմակայությունից:

Խնդիրն, իհարկե, ավելի խորքային է և ակնհայտորեն առնչվում է ռուս-ամերիկյան համալիր հարաբերություններին: Առկա իրավիճակում Ռուսաստանի նախագահ Պուտինը հազիվ թե Դոնալդ Թրամփին նյարդայնացնելու առիթ ընձեռի:

Մանավանդ որ Ալյասկայում Պուտինի հետ հանդիպման մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է հենց Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ընթացքում՝ այդպիսով ակնարկելով գործընթացների կապակցվածությունը:

Վաշինգտոնի հանդիպումից հետո Հայաստանի քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածից հնչել է հաղորդուղիների բացման հարցում նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարության 9-րդ կետի սկզբունքներին վերադառնալու անհրաժեշտության կոչ:

Բացառված չէ, որ դա պայմանավորված էր սպասումով, որ Ռուսաստանը չի պաշտպանի ԵԱՀԿ ՄԽ լուծարման նախաձեռնությունը: Այդ դեպքում «Թրամփի կամուրջ» նախագիծն, իրոք, կվերածվեր ուժային բևեռների միջև մրցակցության առարկայի:

Վլադիմիր Պուտինն, այսպիսով, ոչ միայն աջակցեց վաշինգտոնյան նախագծին, այլև առարկայորեն պայթեցրեց Հայաստանի ընդդիմության «փուչիկը»: Մոսկվայի այդ քայլը բացահայտեց, որ հայաստանյան ընդդիմությունը տեղյակ չէ Ռուսաստանի արտաքին քաղաքականության նույնիսկ կարճաժամկետ ծրագրավորումներից:

Դա նրան զրկում է իշխանություններին այլընտրանք ներկայանալու և Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի հետ «ավելի լավ բանակցելու» միակ խաղաքարտից: