10/09/2025

ՏԿԵ նախարարը ճիշտ չէ․ Arm Roads Info հավելվածը թերի է աշխատում

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ճանապարհաշինության աշխատանքներին ու ճանապարհների կառավարման գործընթացում քաղաքացիների մասնակցության խթանմանը, շեշտեց Arm Roads Info հավելվածի արդյունավետ գործարկման կարևորությունը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը վստահեցրեց․ «Հավելվածն ամբողջությամբ գործում է ճանապարհային դեպարտամենտի մասով, երկկողմանի կապ է ապահովում ինչպես քաղաքացու, այնպես էլ ճանապարհային դեպարտամենտի ու ծրագիրը օգտագործողի միջև»։

Ավելին, վերջինս որպես օրինակ, նշել էր․ «Այսօր եթե Դիլիջանի թունելը փակ է, հավելվածից օգտվողները դրա մասին և շրջանցիկ ճանապարհի մասին ծանուցում են ստանում»։

Փաշինյանը, սակայն, հարց հնչեցրեց․ «Բայց քաղաքացիները գիտե՞ն հավելվածի գոյության մասին»։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է հավելվածի ներբեռնումների, գնահատականների և տեղեկատվության օպերատիվության մասին տվյալները։

Օգտագործման ցուցանիշներ և արձագանքներ

  • Հավելվածը ներբեռնել է ավելի քան 1000 քաղաքացի։
  • Օգտատերերի գնահատականը՝ 4․2 միավոր 5-ից։
  • Հավելվածի մեկնաբանություններում հաճախ նշվում են տեղեկատվության ուշացումների և անճշտությունների մասին դժգոհություններ։
Հավելվածի արտապատկերումը:

Դիլիջանի թունելի օրինակը

Հավելվածի աշխատանքի արդյունավետության ու ճշգրտության գնահատման համար դիտարկել ենք օգոստոսի 21-ից 23-ը Դիլիջանի թունելի երթևեկելի հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքների հետ կապված իրազեկման գործընթացը։

Մեր ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այդ ընթացքում հավելվածը չի ապահովել ժամանակին և ճշգրիտ ծանուցումներ։

  • Օգոստոսի 21-ին ճանապարհային դեպարտամենտն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է թունելի փակման մասին։
  • Օգոստոսի 23-ին նույն էջում հրապարակվել է աշխատանքների վերջնաժամկետների փոփոխման մասին երկու հաղորդագրություն՝ նախ փակման երկարաձգման, ապա աշխատանքների ավարտի և թունելի բացման վերաբերյալ։
  • Սակայն հավելվածի «Ծանուցումներ» բաժնում այդ տեղեկությունը չի հայտնվել։ Թունելի հետ կապված վերջին թարմացումը թվագրված է օգոստոսի 5-ին և չի պարունակել հստակ վերջնաժամկետ։

Այս բացը տարակարծությունների և սոցիալական ցանցերում վարորդների կողմից ակտիվ քննարկումների ու դժգոհությունների տեղիք է տվել։

Այսպիսով, չնայած նրան, որ Arm Roads Info հավելվածի գործունեությունը պաշտոնապես ներկայացվում է որպես լիարժեք, փաստացի օրինակները ցույց են տալիս, որ կան թերություններ՝

  • տեղեկությունները չեն թարմացվում օպերատիվ կերպով,
  • հավելվածը չի ապահովում լիարժեք և ճշգրիտ տեղեկատվություն,
  • հավելվածից օգտվողների թիվը չափազանց փոքր է՝ հաշվի առնելով Հայաստանում   վարորդական վկայական ունեցողների թիվը (ավելի քան 850 000 մարդ):

Գայանե Մարկոսյան