Մեկնարկում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովը, որ, ըստ պաշտոնական ձևակերպման, «անցկացնում են Չինաստանը և Ռուսաստանը»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղևորությանն ընդառաջ ծավալուն հարցազրույց է տվել Չինաստանի «Սինխուա» պետական գործակալությանը, որտեղ, սակայն, անդրադարձել է բացառապես ռուս-չինական երկկողմ հարաբերություններին, զարգացման հեռանկարին:
Վլադիմիր Պուտինի Չինաստան այցի աշխատանքային ժամանակացույցում նախատեսված է նաև նրա ու Հնդկաստանի վարչապետ Մոդիի հանդիպումը: Մինչ այդ, սակայն, օգոստոսի 30-ին Հնդկաստանի վարչապետի նախաձեռնությամբ կայացել է նրա և Ուկրաինայի նախագահ Զելենսկու հեռախոսազրույցը:
Այդ մասին սոցիալական X հարթակում կողմերը գրառում են կատարել: Ըստ Մոդիի, նա Ուկրաինայի նախագահի հետ քննարկել է «հակամարտության հումանիտար ասպեկտը», ինչպես նաև «աջակցություն հայտնել Ուկրաինայում խաղաղության հաստատման ջանքերին»:
Ուկրաինայի նախագահի սոցցանցային գրառման մեջ առկա է մի կարևոր նրբերանգ. Զելենսկին հրապարակայնացրել է, որ Հնդկաստանի վարչապետն իրեն տեղեկացրել է Չինաստանում ՌԴ նախագահի հետ հանդիպման մասին և խոստացել «հստակ ազդակ փոխանցել»:
Հնդկաստանի վարչապետը Գլոբալ հարավի միակ առաջնորդն է, ով ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր անցյալ տարի այցելել է Ուկրաինա: Ռուսաստանն այդ առթիվ հրապարակային դժգոհություն չի հայտնել, բայց դա իր պատճառն ունի:
Հնդկաստանը ռուսական նավթի խոշոր գնորդներից մեկն է, և նրա հետ հարաբերություններում Մոսկվան այդ կարևոր հանգամանքը չի կարող անտեսել:
Այդուհանդերձ, ռուս-ուկրաինական հակամարտությունը Հնդկաստանին շատ որոշակի «անհարմարություն է պատճառում»: ԱՄՆ-ը մշտապես սպառնում է պատժամիջոցներ կիրառել՝ կապված ռուսական նավթի գնման հետ:
Արևմտյան որոշ փորձագետներ ԱՄՆ նախագահին քննադատում են, որ Հնդկաստանի նկատմամբ ճնշումը Մոդիին ստիպել է «մերձեցման գնալ Չինաստանի հետ»: ՇՀԿ գագաթաժողովին Հնդկաստանի վարչապետի մասնակցությունը գնահատվում է այդ համատեքստում:
Բայց ավելի ուշագրավ է այն, թե Մոդին Ուկրաինայի հարցով ի՞նչ ազդակ կարող է հղել Վլադիմիր Պուտինին: Մանավանդ այդ տեղեկությունից կարելի է ենթադրել, որ ՇՀԿ շրջանակներում Ուկրաինայի հարցը քննարկվելու է:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը նախօրեին ասել է, որ Ռուսաստանը «չորս մարզերի կառավարման հարցում զիջումների պատրաստ է»: Հնդկաստանի վարչապետը Պուտինին այդ մոտեցումը դիվանագիտորեն ձևակերպելու ազդա՞կ է հղելու:
Բաց մի թողեք
Կալասը պատահական չի համարում ԱԹՍ-ների կողմից Լեհաստանի օդային տարածքի խախտումը
Ո՞վ համոզեց Հայաստանին՝ գնալ դեպի ողբերգություն
Հայ-ադրբեջանական հնարավոր կարգավորումը դիտվում է Իսրայելի և արաբական աշխարհի հաշտեցման համատեքստում