Իսրայելը և Թուրքիան հարաբերությունների լիակատար խզումից հետո գտնվում են բաց հակամարտության եզրին: Այդ մասին գրում է իսրայելական հեղինակավոր The Jerusalem Post պարբերականը:
Նշելով, որ Անկարան օդային տարածքը փակել է իսրայելական ինքնաթիռների համար, թերթը փոխանցում է փորձագետների գնահատականը, որ դա «աննախադեպ և ռազմավարական առումով պայթյունավտանգ քայլ է»:
Թել-Ավիվի համալսարանի Թուրքիայի հարցերով փորձագետ Կոեն- Յանարոջին ընդգծել է, որ նման քայլերը բնորոշ են «ավելի շուտ պատերազմական, քան քաղաքական տարաձայնությունների իրավիճակին», քանի որ դրանք խզում են տնտեսական փոխկապակցվածությունը, իսկ այդպիսով մեծանում է էսկալացիայի հավանականությունը, երբ կողմերն արդեն կորցնելու ոչինչ չունեն»:
Փորձագետը տեսակետ է հայտնում, որ իսրայելա-թուրքական լարվածության պատճառը միայն Գազան չէ: Նա գտնում է, որ Էրդողանը Մերձավոր Արևելքում «ռազմավարական հեռագնա ծրագիր ունի և ձգտում է Թուրքիան դարձնել իսլամական աշխարհի առաջնորդ»:
Նա համոզված է, որ անգամ Գազայում «կարգավորումից հետո իսրայելա-թուրքական հարաբերություններն այլեւս նախկինը չեն լինելու, և բոլորը պետք է այդ իրողության հետ հաշվի նստեն»:
Կարելի է ենթադրել, որ Էրդողանի պայմաններով հարաբերությունների կարգավորման տարբերակը Նաթանյահուի կառավարության կողմից մերժվել է: Ներկա փուլում Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածությունը կապված է նաև Սիրիայի հետ:
Իսրայելը կտրուկ մերժում է Սիրիայում թուրքական ռազմահենակայաններ ստեղծելու հեռանկարը և պահանջում, որ տարածաշրջանում իր ռազմաօդային ուժերի համար որևէ արգելք չստեղծվի:
Թուրք-իսրայելական լարվածությունը չի կարող շրջանցել իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները: Եթե Թուրքիան իսրայելական ինքնաթիռների համար փակել է իր օդային տարածքը, ապա, անկասկած, Իսրայել-Ադրբեջան օդային հաղորդակցության համար առաջանում են լոգիստիկ խնդիրներ:
Իսրայելն Ադրբեջանի սպառազինությունների հիմնական մատակարարներից մեկն է, իսկ փոխադրումները հիմնականում իրականացվել են ռազմատրանսպորտային ավիացիայի միջոցով:
Թուրքիան, իհարկե, կարող է Ադրբեջանի համար բացառություն անել, բայց եթե հիմնական խնդիրը հակաիսրայելական կոալիցիայի ձևավորումն է, ապա Բաքուն, ամենայն հավանականությամբ, հազիվ թե կարող է ընդդիմանալ:
Պատահական չէ, որ հենց այս օրերին Թուրքիան Ադրբեջանում իր դեսպանատան ռազմական կցորդ Օրուջօղլուին նշանակել է «ծառայողական խմբի հրամանատար»: Դա Ադրբեջանի բանակի նկատմամբ ամուր վերահսկողություն պահպանելու հստակ ուղերձ է:
Բաց մի թողեք
«Զանգեզուրի միջանցքն» էլ պետք է կրի նախագահ Իլհամ Ալիևի անունը
Համաձայնագիրը բարենպաստ հնարավորություններ է ստեղծել տարածաշրջանի, ինչպես նաև լայն աշխարհագրության համար. Ալիև
Պակիստանը կճանաչի Հայաստանը ՄԱԿ-ում, ինչի համար «կանաչ լույս» կստանա ԵԱՏՄ-ում