Տյանցզինում կայացել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այդ մասին բավական ծավալուն հաղորդագրություն է տարածել Ալիևի պաշտոնական կայքը:
Հանդիպման ընթացքում Չինաստանի առաջնորդը կարևորել է «Տրանսկասպյան երթուղին», որ իր երկիրը կապում է եվրոպական շուկաներին: Այս առումով Սի Ծինփինը շատ ուշագրավ դիտարկում է արել:
Նա կարևորել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի երկկողմ ձևաչափը և հավելել, որ Չինաստանը «սատարում է Ադրբեջանի սուվերեն զարգացմանը»:
Խոսքն,, ըստ երևույթին, Վաշինգտոնում եռակողմ և երկկողմ հանդիպումների և նախնական պայմանավորվածությունների մասին է, և Պեկինը պարզորոշ հասկացնում է, որ Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա Չինաստանի հետ ռազմավարական հարաբերությունների մասին համաձայնություններին:
Պատասխան խոսքում Իլհամ Ալիևը Չինաստանի առաջնորդին վստահեցրել է, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորումը բացառապես երկկողմ գործընթաց է և հայտարարել, որ երկու երկրների միջև «խաղաղությունն արդեն հաստատված է»:
Նույն տեղում Ալիևը հիշեցրել է, որ Ադրբեջանը «առաջիններից մեկն է դատապարտել Թայվանում անցկացված ընտրությունները»:
Նա միանշանակորեն հայտարարել է, որ Ադրբեջանը Թայվանի, Հոնկոնգի և Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի հարցերում պաշտպանում է Պեկինի պաշտոնական դիրքորոշումը, այսինքն՝ նշված կազմավորումները ճանաչում է որպես Չինաստանի անբաժանելի մաս:
Ալիևի այդ հայտարարությունը սկզբունքորեն հակասում է «թուրքական աշխարհի» մասին Թուրքիայի նախագահ Էրդողանի պատկերացումներին: Էրդողանը «թուրքական աշխարհը» տեսնում է «Դանուբից մինչև Չինաստան»:
Ույղուրներն էթնիկ թուրքախոս ժողովուրդ են, որ հիմնականում բնակվում են Չինաստանում, զգալի թվով ույղուրներ Ղազախստանի քաղաքացիներ են: Նրանք ձգտում են անկախության և «Թուրքեստան» պետության հռչակմանը:
Տևական ժամանակ այդ հարցի շուրջ Թուրքիան Չինաստանի հետ սուր հակասություններ է ունեցել: Էրդողանը մի քանի անգամ Սի Ծինփինին քննադատել է «ույղուրների ցեղասպանություն կազմակերպելու փորձերի» մեջ:
Իլհամ Ալիևը սկզբունքորեն Ադրբեջանը դուրս է դրել «ույղուների ազգային իղձերի» սպասարկման թուրքական քարոզչությունից:
Ադրբեջանն, իհարկե, այն երկիրը չէ, որ կարող է ույղուրների անջատողական ձգտումների հովանավոր լինել, մանավանդ որ խոսքը Չինաստանի ինքնավար շրջանի մասին է, բայց թեմայի նման կտրուկ փակումը «թուրքական աշխարհում» աննկատ չի կարող մնալ:
Այլ բան է, թե Չինաստանը որքանո՞վ աջակից կլինի, որպեսզի Ադրբեջանը «սուվերեն զարգացման ուղեգիծը պահպանի»: Բայց դա Ալիևի համար երաշխի՞ք է, թե՞՝ կաշկանդվածության մարտահրավեր:
Բաց մի թողեք
«Զանգեզուրի միջանցքն» էլ պետք է կրի նախագահ Իլհամ Ալիևի անունը
Համաձայնագիրը բարենպաստ հնարավորություններ է ստեղծել տարածաշրջանի, ինչպես նաև լայն աշխարհագրության համար. Ալիև
Պակիստանը կճանաչի Հայաստանը ՄԱԿ-ում, ինչի համար «կանաչ լույս» կստանա ԵԱՏՄ-ում