10/09/2025

Առաջիկա ԱԺ ընտրություններում կհաջողվի՞ կրկնել Գյումրիի փորձը

Գյումրու ու Փարաքարի՝ մայիսին կայացած ընտրություններից հետո հաջորդ ՏԻՄ ընտրությունը կայանալու է Վաղարշապատում (Էջմիածնում)։ ԿԸՀ-ն արդեն նշանակել է ավագանու ընտրությունների օրը՝ նոյեմբերի 16-ին։ Այդ մասին կառավարության վերջին նիստում հայտարարեց նաեւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որը, բանուգործը թողած, լծվել է ընտրությունների կազմակերպման գործին։

Ճիշտ է՝ ընտրության օրն արդեն հստակ է, բայց քաղաքական դաշտում դեռ նոր-նոր առաջին շարժերն են նկատվում։ Օգոստոսի 28-ին մի քանի արտախորհրդարանական ուժեր՝ Հայ ազգային կոնգրեսը, «Լուսավոր Հայաստանը», «Ապրելու երկիրը» եւ «Հաղթանակը», փակ հանդիպում էին անցկացրել, որ որոշեն՝ մասնակցելո՞ւ են Էջմիածնի ընտրություններին, թե՞ ոչ։ Բայց դաշինքի ձեւավորման մասին վերջնական որոշում չկայացավ, թեեւ քննարկումների բուն փաստը ցույց է տալիս, որ ընդդիմադիր դաշտը նոր ձեւաչափերի փնտրտուքի մեջ է։

Իշխանությունը շտապեց համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանին, որ նա սկսի նախընտրական քարոզարշավը, եւ ադմինիստրատիվ լծակներն աշխատեն նրա օգտին՝ նա է նորից խոշորացվող Վաղարշապատի համայնքապետի իշխանական թեկնածուն։

Եվ քանի որ Էջմիածնում Մեխակյանը բավարար ռեյտինգ չունի, իշխանությունը գնաց համայնքը կրկին խոշորացնելու ճանապարհով՝ նախկին խոշորացված Վաղարշապատ համայնքին է միացնում նաեւ Խոյ համայնքը՝ Մեխակյանի ծննդավայրը, որ համագյուղացիներն ընտրեն իրենց նախկին համայնքապետին։

Այս ֆոնին հաճախ օրինակ է բերվում Գյումրին․ վերջին ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր Վարդան Ղուկասյանը հաղթեց իշխանական թեկնածուին։ Փարաքարում էլ «Ապրելու երկիր» կուսակցության ընդդիմադիր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը համոզիչ հաղթանակ տարավ։ Բայց Ղուկասյանը հաղթեց միայն ընդդիմադիր մի քանի ուժերի կոալիցիայի միջոցով։ Կկարողանա՞ արդյոք ընդդիմությունը Վաղարշապատում կրկնել Գյումրու եւ Փարաքարի մոդելը, եթե համախմբվելու կամք դրսեւորեն եւ մեկ թեկնածուի շուրջ՝ ընտրությունից հետո ձեւավորեն միասնական ճակատ։ Իսկ եթե կրկին բաժանվեն մանր ճամբարների եւ սկսեն իրար «միս կրծել», ապա այս ընտրություններում կգրանցվի իշխանության հաղթանակը։ Այնինչ Էջմիածնի ընտրությունները համապետական ընտրությունների նախերգանքն են եւ շատ կարեւոր դեր են խաղալու։ Ի դեպ, իր առաջադրվելու մասին հայտարարել է Էջմիածնի ավագանու ընդդիմադիր «Էջմիածին» դաշինքը, որի համայնքապետի թեկնածուն Սեւակ Խաչատրյանն է, մասնակցելու մտադրություն ունի նաեւ «Հայաքվեն»։ Իր մասնակցության մասին հայտարարել է Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը եւս, որի թեկնածուն բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն է։

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում վստահություն հայտնեց․ «Այսուհետ ոչ միայն Էջմիածնում, այլեւ բոլոր համայնքներում եթե ՏԻՄ արտահերթ ընտրություններ լինեն, իշխանությունը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու։ Ես այս պահին Էջմիածնի պահով զերծ կմնամ հատուկ որեւէ բան ասելուց, բայց կանխատեսում ունեմ, որ ընդդիմությունը հաղթելու է, ինչպես Գյումրիում եւ Փարաքարում։ Իսկ յուրաքանչյուր ՏԻՄ ընտրություն համամասնական ընտրության պատկերն է, այսինքն` արդեն պարզ է, որ 2026-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իրականում չունի հաղթելու շանսեր, առավել եւս՝ Էջմիածնի պարագայում, երբ վերջին դեպքերը կապված էին կաթողիկոսի հետ։ Իշխանությունը փորձում էր ոչ միայն վարկաբեկել Եկեղեցին, այլեւ կազմակերպված հարված հասցնել կաթողիկոսին, նպատակը պարզ էր՝ այդ քայլով նաեւ քաղաքական արդյունքների հասնել։ Բայց, ինչպես երեւաց, ստացվեց հակառակը․ հենց այս ընտրություններում էլ էջմիածինցին իր խոսքը կասի ու ցույց կտա, որ նման քայլերը չեն ընդունվում»։

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Վաղարշապատ համայնքի ՔՊ-ական ղեկավար Դիանա Գասպարյանը պաշտոնից ազատման դիմում ներկայացրեց։ Հակակոռուպցիոն կոմիտեում փողերի լվացման եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածներով հարուցված քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաեւ Գասպարյանին, նրա ամուսնուն՝ ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանին, եւ սկեսուրին։ Որպես խափանման միջոց՝ կիրառվել է գրավը։