Monument Watch. 2025 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության օրը, ադրբեջանական կողմը սկսել է Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում գտնվող Արցախի Արտաքին գործերի նախարարության շենքի քանդման գործընթացը։
Սա ոչ միայն քաղաքական ու խորհրդանշական բնույթ ունի, այլև ուղղված է Արցախի պատմական հիշողության և մշակութային ժառանգության ոչնչացմանը։
Շենքի քանդումը ուղեկցվել է լուսանկարների և տեսանյութերի տարածմամբ, ինչը վկայում է գործողության նպատակաուղղված ու ծրագրավորված լինելը։ Քաղաքի կենտրոնում տեղակայված ԱԳՆ շենքը Արցախի պետական ինստիտուցիոնալ հիշողության կարևոր բաղադրիչներից էր և քաղաքական ինքնուրույնության խորհրդանիշը։
Նկատենք նաև, որ շենքը անցած դարի 50-ական թվականների ստեղծված ճարտարապետական լուրջ կառույց էր և ներառված էր Արցախի հանրապետության հուշարձանների ցանկում: Այս քայլով Ադրբեջանը խախտում է միջազգային հումանիտար իրավունքի հիմնարար դրույթները և միաժամանակ մի շարք միջազգային կոնվենցիաներ։
Նախ և առաջ այն հակասում է 1954 թվականի Հաագայի կոնվենցիային «Զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» և դրա 1999 թվականի երկրորդ արձանագրությանը, որոնք արգելում են մշակութային արժեքների դիտավորյալ ոչնչացումը կամ վնասումը։
Բացի այդ, շենքի քանդումը հակասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1972 թվականի «Աշխարհի մշակութային և բնական ժառանգության պաշտպանության կոնվենցիային», որը պետություններին պարտավորեցնում է պահպանել իրենց տարածքում գտնվող պատմական արժեքները, անկախ քաղաքական հանգամանքներից։
Այն միաժամանակ խախտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիան», քանի որ պետական ինստիտուտների շենքերը կրում են նաև խորհրդանշական և ինքնության արժեք, ինչպես նաև ՄԱԿ-ի 2007 թվականի «Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագիրը», որը պարտադրում է պետություններին հարգել և պաշտպանել բնիկ ժողովուրդների պատմական հիշողությունը և մշակութային ժառանգությունը։
Այսպիսով, Արցախի ԱԳՆ շենքի քանդումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես քաղաքական ճնշման մեխանիզմ, այլև որպես մշակութային ցեղասպանության դրսևորում, որի նպատակն է վերացնել հայկական ներկայության և ինքնության բոլոր նշանները Արցախում։
Բաց մի թողեք
Տուրիստական Դիլիջան՝ առանց ավտոկայան, զուգարանների, սպանդանոցի ․․․
Բողոքի ձայն ենք բարձրացնում նման հոգևորականների հակագիտական գործունեության դեմ․ Լուսանկար
Պուտինը ստացավ «այն, ինչ նա ուզում էր»․ Զելենսկի