Անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ Արսեն Ամյանը, որը մինչ 2018 թվականը քաղաքապետարանի հնաբնակներից էր եւ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո մեկ տարի աշխատեց նույն պաշտոնում, օգոստոսի 29-ին ձերբակալվել է։
Այդ օրը Հակակոռուպցիոն կոմիտեից «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան հաստատել էին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով ձերբակալվել է Երեւանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետը: Նա մեղադրվում է այն բանում, որ դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել Մոսկովյան փողոցում գտնվող «Սանտաֆե» սրճարան-ռեստորանի շենքը Երեւանի համայնքի գույքային հաշվեկշռում հաշվառելու ուղղությամբ։ Ի դեպ, նշված սրճարան-ռեստորանը պատկանում է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիներին։
Արսեն Ամյանին դատավոր Արամ Գրիգորյանը կալանավորել է, պաշտպանական կողմը որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։ Ամյանի պաշտպան Կարեն Սարդարյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով մեղադրանքին, ասաց՝ անհիմն է, ապա նշեց, որ այս քրեական գործով համաներում է կիրառվելու Ամյանի նկատմամբ, եթե անգամ մեղադրական դատավճիռ լինի․ «Եթե անգամ ինքը չարդարացվի, որը ես չեմ պատկերացնում, եթե անգամ իրեն մեղավոր ճանաչեն, կկիրառվի համաներում, բայց ինքն անմեղ է։
Նրան ազատազրկել հնարավոր չէ, կալանքը չի կարող կիրառվել` համաներման տակ է հոդվածը, իրեն չեն կարող որեւէ պարագայում ազատազրկել: Եթե չեն կարող ազատազրկել, ապա չեն էլ կարող կալանավորել»։ Այսինքն՝ Ամյանի մեղադրանքի վրա կիրառելի է վերջին համաներման մասին որոշումը:
Խոսելով քրեական գործի եւ Ամյանի` դրան առնչության մասին, Սարդարյանն ասաց․ «Վարձակալության հարաբերությունները չեն դադարել։ Պայմանագիրը կնքվել է 2001 թվականին, եւ վարձակալության ժամկետը սահմանել են մինչեւ 2026 թիվը, որեւէ հիմք չի եղել՝ այդ վարձակալական պայմանագիրը դադարեցնելու, նման գործընթաց, քննարկում էլ չի եղել, այսինքն՝ 2017 թվականի գործընթացը եղել է վարձակալի նախաձեռնությամբ։ Վարձակալը (Գագիկ Խաչատրյանի որդիները) 2017 թվականին դիմում է գրել, որ սահմանները ճշտեք` դա նորմալ ընթացակարգ է, երբ վարձակալները մի պահ զգում են, որ ավելի մեծ տարածքի համար են վճարում, քան օգտագործում են, դիմում են, ասում են՝ սահման ճշտեք, տեսեք` ինչքանն եմ օգտագործում, դրա համար վճարեմ։ Սահմանները ճշտվել են, տարածքը փոքրացել է մոտ մի 800 մետրով, բայց քաղաքապետարանն այդպես միշտ օգտվել է եւ իր շահերն է առաջ տարել, այս դեպքում էլ է առաջ տարել, օրինակ, վարձավճարը բարձրացրել են, համապատասխանեցրել են 2017 թ. վարձավճարի չափերին, այդ առումով համայնքը շահել է։ Այսինքն՝ սա ընդունված, օրինաչափ գործընթաց է, հիմա նախաքննության մարմինը չգիտեմ ինչ է ուզում մեր պաշտպանյալից։ Նա ուղղակի քաղաքապետի որոշման հիման վրա կնքել է վարձակալության պայմանագիր, դա տեխնիկական աշխատանք է։ Իսկ հաշվեկշիռ ընդգրկել վարձակալի գույքը, այդ հարցը կարող է քննարկվել, երբ վարձակալական հարաբերությունները դադարում են, տվյալ դեպքում վարձակալական հարաբերությունների դադարում տեղի չի ունեցել: Անգամ եթե քաղաքապետի որոշումը կարդաք, ինքը տալիս է մի կետով՝ նոր պայմանագիր կնքել կառավարության այսինչ որոշման համաձայն, հաջորդ կետով ասում է՝ նախկին պայմանագիրը համարել դադարեցված։ Այսինքն՝ վարձակալության հարաբերությունները չեն դադարում, ընդամենը պայմանագրերն են փոխվում, որովհետեւ անձին արդեն տրված է մինչեւ 2026 թիվը, դու իրավունք էլ չունես դադարեցնել։ Միակողմանի դադարեցում կարող է լինել միայն դատական ակտով, եթե կողմերի միջեւ չկա համաձայնություն»։
Ըստ փաստաբանի՝ առհասարակ, գույքը հաշվեկշռում ընդգրկելը Ամյանի գլխավորած վարչության գործը չէ, սակայն նշված գույքն այդ ժամանակ հաշվեկշռում ընդգրկելու իրավունք էլ չկար, ոչ էլ նման գործընթաց է եղել․ «Այսինքն՝ այստեղ 2 խնդիր ունենք` դա նախ պարոն Ամյանի վարչության գործառույթը չէ՝ անկախ ամեն ինչից, եւ երկրորդ՝ ընդգրկելու խնդիր չկար, ընդգրկելը կլիներ հանցագործություն: Քանի դեռ վարձակալության հարաբերությունները վերջնականապես չեն դադարեցվել, չի կարող վարձատուն ասել՝ վարձակալ, քո գույքը պետք է մնա ինձ, ավելին ասեմ՝ եթե վարձակալն ունի գույք, քաղաքացիական օրենսդրությունն ասում է՝ ցանկացած անձ իրավունք ունի օգտագործել իր գույքով զբաղեցրած տարածքը։ Այսինքն՝ այստեղ շատ վիճելի է՝ առհասարակ, կարելի՞ է այդ գույքը ետ վերցնել, որովհետեւ օրենքի տրամաբանությունից բխում է՝ եթե կա անշարժ գույք, ապա վարձակալության ժամկետը պետք է երկարացվի, կառավարության որոշումով հստակ նշվում է, որ եթե վարձակալած հողերի վրա առկա է անշարժ գույք, որը վարձակալի սեփականությունն է, մինչեւ 2040 թվականը քաղաքապետարանը պարտավոր է երկարացնել։ Հիմա՝ հեսա 2026 թվականը գա, տեսնենք՝ քաղաքապետարանը կարողանալո՞ւ է այդ գույքը ետ վերցնել, ես վստահ եմ՝ օրենքով չեն կարող՝ առանց վարձակալի համաձայնության, քանի որ անշարժ գույքով ծանրաբեռնված է, եւ վստահ եմ, որ երկարացնելու են։ Ի՞նչ վատ բան են արել, էն էլ Ամյանը չի արել, արել է քաղաքապետը` իր ստորաբաժանումներով. ճարտարապետն իր եզրակացությունն է տալիս, իրավաբանը՝ իր, ֆինանսիստը՝ իր, Ամյանը հո քաղաքապետ չի՞ աշխատել։ Այդ որոշումը կայացվել է Երեւանի քաղաքապետի կողմից, որը եւս օրինաչափ որոշում է, Ամյանն ընդամենն իր պարտականությունն է կատարել՝ որոշման հիման վրա կնքել է քաղաքապետի անունից պայմանագիր»։
Բաց մի թողեք
Հետախուզական տվյալների փոխարեն վարկեր է կուտակել․ Լուսանկար
Ինչու պետք է Ալիեւն ավելի բարոյական գտնվի, քան Փաշինյանը` իր ՔՊ-ի հետ միասին
Կառավարությանը նոր լիազորություն կտրվի