09/09/2025

ԿԿ հանձնաժողովը տուգանել է Հայկ Ալումյանին․ Լուսանկար

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է փաստաբան Հայկ Ալումյանին՝ 200 հազար դրամով։ Պատճառը նրա կնոջ՝ դատավոր Արմենուհի Բադիրյանի հայտարարագրի ուսումնասիրությունն է։

Ըստ հանձնաժողովի՝ Ալումյանը, որպես դատավորի ընտանիքի անդամ, 2024 թ. գույքի, եկամուտների եւ ծախսերի տարեկան հայտարարագիրը չի հանձնել եւ չի հրապարակել հայտարարագրերի ցանկում։

Հայկ Ալումյանը Հրապարակ թերթին ասել է՝ նոր որոշում է, ինքը դեռ չի ստացել, ստանալու դեպքում էլ վիճարկելու է դատարանում․ «Ես իմ հայտարարագիրը չեմ ներկայացնելու, ես վիճարկելու եմ իրենց որոշումը, ես էլի եմ տուգանվել, էլի եմ վիճարկել դատարանում, եւ դատարանն ինձ հետ համաձայնել է»։

– Դարձյա՞լ հայտարարագիր չներկայացնելու համար եք նախկինում տուգանվել։

– Այո։

– Այսինքն՝ ԿԿՀ-ն դատարանի որոշումից հետեւություններ չի անում եւ Ձեզ նույն բանի համար էլի պատժում է։

– Ես իրենց տվել եմ լիազորագրեր, որպեսզի իմ մասին բոլոր տվյալները կարողանան հավաքել, հայտնաբերել, որտեղից որ իրենց անհրաժեշտ է, հայտարարել եմ, որ թաքցնելու բան չունեմ, կարող եմ իրենց նորից լիազորագրեր տալ ցանկացած տեղից, իմ վերաբերյալ բոլոր տվյալները ձեռք բերեն, որովհետեւ ես թաքցնելու ոչինչ չունեմ, բայց նաեւ ես չունեմ հայտարարագիր ներկայացնելու ժամկետ՝ օրենքով, դրա համար ինձ չեն կարող տուգանել սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացնելու համար։

– Այսինքն, երբ ուզեք, կարո՞ղ եք հայտարարագիրը ներկայացնել։

– Օրենքի մեջ չկա ժամկետ, հիմա տարօրինակ է ոչ թե այն, որ ես ասում եմ, այլ տարօրինակ է, որ դա օրենքի մեջ գրված չի: Եթե դա օրենքի մեջ գրված չի, ուրեմն ես չեմ կարող տուգանվել սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացնելու համար։ Ես սպասում եմ, որ օրենքը ժամկետ սահմանի, ես էլ այդ պարտականությունը կատարեմ։

Հետո՝ իրենք ինձնից պահանջում են, որ ես ներկայացնեմ այնպիսի տվյալներ, որոնց տիրապետողը Հայաստանի Հանրապետությունն է, ինձ ասում են՝ դու ասա՝ քանի անշարժ գույք կա քո անունով գրանցված, այն դեպքում, որ գրանցողը հենց Հայաստանի Հանրապետությունն է։ Դա արդեն հայտարարագիր չի, դա վարժություն է, այսինքն՝ ինքը գիտի՝ ես ինչքան գույք ունեմ, բայց պահանջում է, որ ես իրենց ասեմ։ Դա անհեթեթ օրենք է՝ ինքն իրենով։ Ինձ համար կանխատեսելի էր։

«Հրապարակ». Հանձնաժողովը տուգանել է Հայկ Ալումյանին