08/09/2025

Գրքի փառատոն Երևանում․ Սարոյանը, չպոեզիան, նոր գրքերն ու պատերազմը

8-րդ անգամ արդեն Գրքի երևանյան միջազգային փառատոնն է Երևանում։

Փառատոնը գրքերի ներկայացման համար հետաքրքիր հարթակ է։ Վիլյամ Սարոյանի՝ «22 անտիպ պատմվածք» նոր գրքի շնորհանդեսին ներկա եղա ու ժամանակակից չորս գրողների պոեզիայի երեկոյին։ Առաջինով հիացա, երկրորդից՝ հիասթափվեցի։

«Մենք այսօր այստեղ ենք՝ խոսելու այս գրքի մասին, ինչը սենսացիա է։ Եվ ես ուրախ եմ, որ այն կիսում եմ հայերի հետ»,- գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի տնօրեն Սքոթ Սեդրակյանը, ով նոխորդ օրը Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի նույն պատմությունը պատմեց Վիլիամ Սարոյանի և Բեռնարդ Շոուի հանդիպման մասին։

Սարոյանական գործերի այս ժողովածուում 1930-70-ականներին գրված պատմվածքներն են… Ի դեպ՝ Գրքի միջազգային հորջորջվող փառատոնին զուգահեռ ԱՄՆ դեսպանատան կազմակերպմամբ՝ Սարոյանական օրերն են անցնում, ու այս խաչմերուկում ավանդական դարձած 4 անվանակարգերում մրցանակներ բաժանելուց բացի՝ «Սարոյան» հիմնադրամի հետ առաջին անգամ կանցկացվի նաև Սարոյանի անվան կարճ պատմվածքի միջազգային մրցույթ. 108 դիմում՝ 25 երկրից։ Հաղթողի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 7-ին։

Այս տարի հրատարակված գրքերում էլ պատերազմը, կորուստը գլխավոր դերում էին։ «Մեդիամասք»-ը, օրինակ, թարգմանել է «Պոլիտիկո» պարբերականի թղթակից Գաբրիել Գևինի՝ «Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը՝ Մեր հայրերի մոխիրը», որտեղ լրագրողը սեփական աչքով ու ականջով տեսածն ու լսածն է պատմում։

«Վերջին գիշերը երկրագնդի վրա» կոմիքսը վիզուալ պատմությունների շարք է՝ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից… այստեղ կնոջ աչքերով ու էմոցիաներով է անցնում պատերազմի արհավիրքը։ «Աշնան քսանչորսերոդ օրը մայրաքաղաքը օնլայն ռեժիմով հետևում էր՝ ինչպես է հանձնվում երկիրը՝ փոքրը», – Լուսինե Հովհաննիսյանը հենց առաջին տողով ասում է՝ «Աշնան 24-րդ օրը» ամենևին էլ ժամանակ չէ, վայր է։ Արցախից չորս սերնդի կանանց պատմություն, որ շարադրվել է պապենական տան մարջանագույն դարպասից այն կողմ, որտեղ այդ կանանցից որևէ մեկը չի ապրել, որն արդեն երևում է միայն Google Earth-ի հավելվածում, և որին մինչև ողբերգական այս իրադարձությունները հենվել ու նկարվել էր այս կանանցից որևէ մեկի հետ որևէ կապ չունեցող մի օտար կին՝ Ֆեյսբուքից։ «Պատերազմի մասին գրելը թերապիա է», – ասում է Լուսինե Հովհաննիսյանը՝ «քեզ ես բուժում, հետո էլ երևի՝ ով ուզի բուժվել»։ «Ինձ եմ առաջին հերթին ինչ-որ հանգստություն տվել և ուզել եմ, որ այդ մարդկանց մասին գրված տողը մնա: Ինձ թվում է՝ դա ավելի հավերժական հուշարձան է, քան քարը»:

Հովիկ Աֆյանի հերոսները․ Արդեն մի քանի լեզուներով թարգմանված «Կարմիրը», որ կարմիր թելի պես խճճվել է մի քանի պատերազմներում, հիմա էլ ռեժիսոր Պետրոս Հովհաննիսյանը կինոլեզվով կներկայացվի. «Խոսում են, որ ժամանակակից գրականություն չկա, ժամանակակից գրականության ներկայացուցիչներն ասում են, որ ժամանակակից կինո չկա՝ իրար չճանաչելու արդյունքում գուցե: Հիմա «Կարմիրի» ֆիլմ դառնալը, իմ կարծիքով, գալիս է, փոքրիկ փորձ է անում ապացուցելու, որ երկուսն էլ երևի կան»: «Կարմիրը» արտադրական փուլում է, պրեմիերան ակնկալվում է՝ հաջորդ տարվա սկզբին։ Գիրքը կինո է դառնում, գրողը՝ նկարիչ։

Իսկ պոեզիայի երեկոյից ազդված՝ դուրս եկա ու այս տրամադրությանը հանդիպեցի, իսկ արդեն տրանսպորտում ֆեյսբուքյան էջում գրեցի․ Էնքան ժամանակակից պոեզիա լսեցի, դուրս եկա Գրքի փառատոնից քուչա, չա, չա, չա, ամենուր լսածս պոեզիայի հանգույն խոսակցություններ էին. Երեք աղջիկներ էին ճեմում հրապարակում, մեկը տան հերսն էր հետը դուրս բերել – Ասում եմ, մնա տունը, ֆուտբոլ նայի ու ախպորդ լակոտներին, ասում ա, չէ, տղերքով պիվեն խփել ենք վրեքներս, գնում ենք ստադիոն նայենք, դու կնայես, ազիզ, կնայեմ, բա չեմ նայի, նայի ես էլ ինչ եմ խփում վրես։ Հատուկ բարձր ծիծաղեցի, նախորդ օրը Ֆեյսբուքում մեկի գրածը վերադարձրեցի. Նշանեք, իրան, իրան կսատկի … Իրական քիչ առաջվա պոեզիա’ լսածիս հնագույն, ընտիր ա, չէ։ Աստված կարոտ պահի։ Քուչա, չա, չա, չա … #չպոեզիա
Սիմոն Սարգսյան
Հ․Գ․ Նյութը պատրաստելիս օգտվել եմ Ազատություն ռադիոկայանի կայքից ու լրագրող Անուկ Մկրտչյանի հոդվածից, ինչի առումով՝ շնորհակալություն։