Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Իսրայելի դեմ պատժամիջոցներ է սահմանում, որ ուժի մեջ կմտնեն թագավորական հրամանագրի տեսքով:
Մադրիդը պաշտոնապես դադարեցնում է Իսրայելին ցանկացած զինատեսակի և զինամթերքի մատակարարումը, երկրի օդային տարածքը կփակվի դեպի Իսրայել ռազմական նշանակության բեռներ տեղափոխող ինքնաթիռների համար, իսպանական նավահանգիստներ մուտք չեն ունենա հրեական պետությանը վառելիք մատակարարող լցանավերը:
Իսրայելի արտաքին գործերի նախարար Սաարը Սանչեսի կառավարությանը մեղադրել է հակասեմիտականության և ահաբեկչությանն աջակցելու մեջ: Ի պատասխան չափազանց կոշտ հայտարարության, Մադրիդը խորհրդակցությունների համար ետ է կանչել Իսրայելում իր դեսպանին:
«Մենք միջուկային զենք, ավիակիրներ և նավթի ահռելի պաշարներ չունենք, Իսպանիան միայնակ չի կարող կանգնեցնել Իսրայելին, բայց դա չի նշանակում, թե մենք չպետք է փորձենք դա անել»,- հայտարարել է վարչապետ Պեդրո Սանչեսը:
Իսպանիան եվրոպական առաջին երկիրն է, որ Իսրայելի դեմ պատժամիջոցներ է կիրառում:
Վարչապետ Սանչեսի հայտարարությունն ակնհայտորեն հասցեագրված է Միացյալ Նահանգներին, որ, թերևս, միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել Գազայի պատերազմը: Նախագահ Դոնալդ Թրամփը, մինչդեռ, այն կարծիքին է, որ Իսրայելը պետք է ոչնչացնի ՀԱՄԱՍ-ին:
Վաշինգտոնը փաստացի փորձում է օրակարգից հանել Պաղեստինի անկախ պետության հարցը: ԱՄՆ-ը մուտքի վիզա չի տրամադրել Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասին և նրա կառավարության անդամներին: Աբասը մտադիր էր ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում հռչակել Պաղեստինի լիակատար անկախությունը:
Միջազգային փորձագետներն ուշադրություն են հրավիրել նախագահի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո Դոնալդ Թրամփի արած հայտարարությանը, որ պաղեստինցիները «ոչինչ չեն ստեղծել, մինչդեռ հրեաներն անապատը վերածել են ծաղկուն երկրի»:
Դա ընկալվում է որպես Պաղեստինի պետության միջազգային ճանաչումը կանխելու հորդոր: Ըստ էության՝ ԱՄՆ-ն պաշտպանում է ամբողջ Պաղեստինը հրեաների իրավազորությանը ենթարկեցնելու ծրագիրը:
Իսպանիայի օրինակին եվրոպական այլ երկրներ կհետևե՞ն: ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին հաշված օրեր են մնացել: Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը վստահեցրել է, որ այդ նստաշրջանում կհայտարարի Պաղեստինի անկախությունը ճանաչելու մասին: Նա խոստումը կկատարի՞:
Ֆրանսիայում կրկին կառավարական ճգնաժամ է: Մերձավորարևելյան կարգավորումը կապված է նաև Հարավային Կովկասի, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական «հաշտության գործընթացի» հետ:






Բաց մի թողեք
Ինչ են ներկայացրել Արայիկ Հարությունյանի փաստաբանները Բաքվի դատարանում
Արդյոք Թբիլիսիում Նաղիև – Սիմոնյան շփում եղե՞լ է
«Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության 26-րդ տարելիցն է այսօր․ Լուսանկար