29/10/2025

Լավրովը «գրոհում է» Դամասկոսը

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 9-ին ժամանել է Դամասկոս:

Այդ մասին տեղեկացրել է Սիրիայի պետական Al Ikhbariya հեռուստաընկերությունը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Փոխվարչապետ Նովակին ուղեկցում են շինարարության և կոմունալ տնտեսության նախարար Ֆայզուլինը, պաշտպանության փոխնախարար Եվկուրովը և փոխարտգործնախարար Վերշինինը:

Ռուսաստանի պատվիրակությանն ընդունել է Սիրիայի անցումային շրջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահեր ալ-Շարաան: Սիրիական SANA պետական գործակալության տեղեկացվածությամբ ՌԴ պատվիրակությունը բանակցություններ կվարի սիրիացի մի շարք պաշտոնյաների հետ, կքննարկվեն քաղաքական, տնտեսական, պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր:

Երկու երկրների հարաբերություններում որոշակի լարվածություն կա՝ կապված Սիրիայում Ռուսաստանի ռազմակայանների ապագայի և նախկին նախագահ Բաշար Ասադի կողմից «յուրացված ակտիվների» հետագա ճակատագրի հետ:

Միջազգային մամուլում ավելի վաղ տեղեկություն է հայտնվել, որ հարաբերությունների նորմալացման հարցով իսրայելա-սիրիական բանակցություններում Իսրայելը պնդել է, որ Սիրիայում Ռուսաստանի երկու ռազմահենակայանները պետք է շարունակեն գործել: Իսրայելը Սիրիայում Ռուսաստանի ներկայությունը գնահատում է թուրքական ազդեցության հակակշիռ:

Ռուսաստանի պատվիրակության կազմում պաշտպանության փոխնախարար Եվկուրովի ներկայությունը վկայում է, որ կողմերը քննարկելու են նաև Ռուսաստանի երկու ռազմակայանների ճակատագիրը: Դամասկոսի նոր իշխանությունների մոտ, երևում է, առաջին ամիսների ոգևորությունը տեղի է տալիս:

Անհավանական չէ, որ Մոսկվան և Դամասկոսը հասնեն Տարտուսի և Հմեյմիմի ռազմակայանների տեղակայման մասին նոր պայմանավորվածության: