16/09/2025

Վրաստանում քաղաքական «թեժ աշուն» է

Վրաստանում քաղաքական «թեժ աշունը» կարծես թե արդեն սկսվել է։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Վրաստանում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, որոնք, ըստ էության, համապետական նշանակություն ունեն։ Ընտրություններ են լինելու 64 մունիցիպալ համայնքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Թբիլիսիում։

Ավանդաբար, Թբիլիսին բողոքի ցույցերի վայրն է՝ քաղաքական ուժերի համար, ովքեր դեմ են գործող իշխանություններին։ Վրաստանի քաղաքացիներն ընտրելու են 64 համայնքապետ եւ տեղական օրենսդիր մարմինների 2 հազար 58 պատգամավորների։

Ինչպես գրում է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն իր հոդվածում, այն բանից հետո, երբ վրացական ընդդիմությունը փորձեր արեց՝ չճանաչել անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների արդյունքները, սակայն հաջողության չհասավ, մեդիայի հետաքրքրությունն այդ երկրի հանդեպ զգալիորեն նվազեց։

Սակայն սխալ կլիներ ասել, որ բողոքի ակցիաների «չեզոքացումը» նշանակում է, թե դրանք առհասարակ դադարեցին եւ չեն կարող էլի «պոռթկալ», եթե ինչ-ինչ հանգամանքներ նպաս­տեն։ Մասնագետները նկատում են, որ ընդդիմությանը, իհարկե, չի հաջողվում մեծ զանգվածներ դուրս բերել փողոցներ, սակայն դրանք, կարելի է ասել, անդադար են շարունակվում, եւ սեպտեմբերի վերջին էլ փորձեր կձեռնարկեն՝ էլի «նավը ճոճելու»։

Իսկ մինչ ամսվա վերջ, սեպտեմբերի 9-ին «Վրացական երազանքի» հառակորդներն արդեն հասցրել են հավաքվել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի նախընտրական շտաբի մոտ։ Վերջինս, ի դեպ, նորից է առաջադրվելու իշխող ուժի կողմից։ 23-ամյա քաղակտիվիստ Մեգին կամ Իրմա Դիասամիձեն Կալաձեի բանների վրա գրել է՝ «Ռուսական երազանք»։

Գրությունը, իհարկե, փակվեց կարճ ժամանակ անց։ Սակայն երիտասարդ աղջիկը վերջին երկու տարիներին անընդհատ է մասնակցում փողոցային գործողություններին։ Նրան ձերբակալեցին Կալաձեի գրասենյակի մոտ ակցիա իրականացնելուց հետո, սակայն սոցկայքերում նրա կողմնակիցները միանգամից նրան սրբադասեցին որպես «ռեժիմի զոհ»։

Իշխանություններն առայժմ փորձում են պահպանել «օլիմպիական հանդարտությունը»՝ բոլորին ցույց տալով, որ փողոցային ակցիաներով վերջինիս «կոտրել» հնարավոր չէ։

Այս ֆոնին՝ հասարակական-քաղաքական քննարկումներում ակտիվորեն «ծամում» են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի որոշումը՝ կապված ՏԻՄ ընտրություններին դիտորդներ ուղարկելուց հրաժարվելու հետ։ Այնտեղ կարծում են, որ հրավերը չափազանց ուշ է ստացվել։ Սակայն բոլորն էլ հասկանում են, որ մերժումը հիմնավորելու համար տարօրինակ փաստարկ է։

ԺՀՄԻԳ-ում սովորաբար քննադատում են այն իշխանություններին, որոնք այդ գրասենյակն անտեսում են՝ չեն հրավիրում ընտրություններ մոնիթորինգ անելու։ Այս ամենով հանդերձ, Թբիլիսիի առումով դուռը մինչեւ վերջ չեն փակում եւ հայտարարել են, որ մտադիր են մոնիթորինգ անել՝ մունիցիպալ ընտրությունների ժամանակ։ Սա նշանակում է, եզրակացնում է Մարկեդոնովը, որ եթե հաղթի «Վրացական երազանքը», ապա ԺՀՄԻԳ-ը պահանջների երկար ցանկ կներկայացնի, անկախ նրանից, որ տեղում դիտորդական առաքելությամբ ավելի շատ բան կարելի կլիներ տեսնել, քան հեռակա մոնիթորինգ իրականացնելով։