16/09/2025

Մկո ջան, քեզ ստորացա՞ծ ես զգում։ Ասե՛մ` ինչ կարող ես անել, բայց միայն՝ մեր մեջ

Համացանցում մեծ աղմուկ են բարձրացրել Նիկոլ Փաշինյանի դիտարկումները «Ցանկապատ» ներկայացման մասին։ Նախօրեին այդ բացօթյա ներկայացումը դիտելուց հետո Փաշինյանը դերասաններին, այդ թվում Մկրտիչ Արզումանյանին, ներկայացրել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, նրանց քննադատել «սխալ սյուժե» բեմադրելու համար։

Նրան հատկապես զայրացրել է. «Չկա առաջնորդ, որը ցանկապատը կքանդի ու կստեղծի Հայաստան» նախադասությունը եւ իր դասախոսությունում նա ասում է.

«Հայաստան ունենալու համար պետք է ցանկապատ` ոչ թե քանդել այն։ Երբ ցանկապատը քանդում ենք, Հայաստանը ոտքի տակ է հայտնվում։ Գնացեք Կիրանց ու տեսեք՝ ոնց է դրվում ցանկապատ եւ կառուցվում Հայաստան»: Նա վերլուծում էր պիեսն ու դերասաններին դաս տալիս, իսկ Մկրտիչ Արզումանյանը` Մկոն, փորձում էր արդարանալ. «Այսօրվա մասին չէ ներկայացումը, 1920 թվականների դեպքերի մասին է»։ Այս տեսանյութի ներքո մարդիկ իրենց զարմանքն են հայտնել, թե ինչպես կարելի է գրական գործի մասին նման ելույթ ունենալ, ներկայացումն առիթ դարձնել քարոզչության համար եւ այլն: Մեծ թվով ստատուսներ եւս կային:

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է.

«2018-ին Արցախ ազատագրողի պարգեւից հրաժարվում էին, իսկ այսօր Արցախ հանձնողի հետ լուսանկարվում են։

Նիկոլ, ցանկապատ դնելով, աննախադեպ չես դառնա։

Քեզնից 2 հազար տարի առաջ Արտաշես Բարեպաշտ /Ք.Ա. 189-160/ արքան սահմանաքարերը վաղուց տեղադրել է։

Քո կադաստրի վկայականն ու ցանկապատդ պահի քեզ, թե բա՝ «Կիրանցի ցանկապատից այն կողմ հայրենիք չկա»։

Հայրենիքը Աստված է ազգերին տալիս, իսկ քո նմանները հայրենիքի սահմանները փոքրացնում են ու հպարտանում են դրանով։

5 հազար հայորդիներն էին խանգարու՞մ ցանկապատիդ, թե՞ 140 հազար արցախահայերը։

Հայրենիքի սահմանը փոքրացնում ես, ցանկապատ ես տեղադրում ու դասեր ես տալիս «դերասաններին»։

Բա դրանք` դրել արդարանում են…մենք սա նկատի ունեինք, նա նկատի ունեինք, 1920-ի մասին է բան, ման…

Ամոթ է արա, ամոթ։

2018-ին էիք առյուծ կտրել, պետական պարգեւներից էիք հրաժարվում։

Բա թասիբ ունենայիք ու հարցնեիք` էդ ո՞նց եղավ 2019-ի օգոստոսին Ստեփանակերտում գոռում էիր «Արցախը Հայաստան է եւ վերջ», իսկ այսօր Արցախը հանձնել ես թշնամուն եւ եկել ես ցանկապատովդ ես պարծենում։

Բա մեկդ խոսեիք Բաքվի բանտերի հայ գերիներից։

Թե՞ դրա մասին խոսելը թրենդային չէ ձեր համար։

Նայում եմ ձեզ ու մտածում, որ Նիկոլն էլ է ձեզ շատ»:

«Հայաքվե» միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը գրում է.

«Ժամեր առաջ վարչախմբի պարագլուխը Բյուրականի ՀանդԱրտ այգում «Ցանկապատ» ներկայացումը դիտելուց հետո կոպտագույն ձևով խախտել է մշակութային միավորման ստեղծագործական ազատությունը՝ իր պարտվողական, հանձնվողական ու հակազգային հայեցակարգը փորձելով պարտադրել, որպեսզի ներկայացման ուղերձի մեջ դրվի այն գաղափարը, որ անիմաստ ու անպետքական է Արցախի մասին մտածելը, երազելը։

Արցախ կամ Ղարաբաղ բառն, իհարկե, նա չի օգտագործել, սակայն պարզ ու հստակ ասել է, որ իր «իրական Հայաստանից» դուրս չպետք է հայրենիքի մասին երազել։ Երկու տարի առաջ հայաթափված Արցախը, բնականաբար, չի մտնում նրա «իրական Հայաստանի» մեջ․․․ ու հիմա էս հայրենադավը փորձում է անգամ մշակութային ստեղծագործությունների բովանդակությունը խմբագրել տալ ըստ իր պիղծ մտքերի․․․

Ամենացավալին էն ա, որ էս հայրենադավի խոսքերի տողատակերի գիտակցումը չկա․․․․ էն, որ եթե մի օր, Աստված մի արասցե, «իրական Հայաստանը» դառնա 10 հազար քառ կմ, ապա սրա նման ուղերձն էն ա, որ էդ պոկված 20․ հազար քառ կմ-ի մասին էլ չպետք է մտածենք․․․»։

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Մկրտիչ Արզումանյանի և իր գործընկեր դերասանի՝ Նիկոլի առաջ արդարանալու փորձերը ինձ ամենաքիչն են հետաքրքրում։ Ամենակարևորն այն է, որ նիկոլյան իշխանությունն արդեն անցնում է մեկ այլ վտանգավոր սահման․ սկսում է խմբագրել ոչ միայն քաղաքական իրականությունը, այլև գեղարվեստական բեմադրությունները։ Երբ արվեստագետը ստիպված է իր ստեղծագործությունը համապատասխանեցնել իշխանական ճաշակին կամ քաղաքական պահանջին, դա արդեն ազատության ոչ թե սահմանափակում, այլ՝ բռնազավթում է։

Կարող ենք հաստատապես պնդել, որ «Մտքի ոստիկանության» գաղափարն այլևս գրական մետաֆոր չէ, այլ իրական գործընթաց։ Սա է խնդիրը․ ոչ թե դերասանի արդարացումը, այլ այն, որ իշխանությունը սկսում է թելադրել՝ ինչ մտածել, ինչ ասել և ինչ ստեղծել»։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.

«Երբ պայմանական «Մկո»-ն չի բարձրացնում հանրային կարևորության հարցեր, չի խոսում ազգային դավաճանության կամ քաղաքական կալանքների կամ իշխանության չարաշահման մասին, մի օր իր դուռն է թակում պայմանական «նիկոլը» ու սկսում է «մուննաթով» խոսել պայմանական «Մկո»-ի բեմադրած ներկայացման գեղարվեստական որակներից։ Այս առումով՝ իհարկե պայմանական «Մկո»-ին լրիվ հասնում ա, ու հեչ անարդար չի էս ամենը։

Հույսս էն ա, որ բոլոր պայմանական «Մկո»-ները մի լավ կմտածեն էս ամենի մասին ու հետևություններ կանեն։ Գոնե մեկը, երկուսը հետևություններ կանեն։

Հ.Գ. Մկո ջան, քեզ ստորացա՞ծ ես զգում։ Ասե՛մ` ինչ կարող ես անել, բայց միայն՝ մեր մեջ։ Կարող ես հենց էսօր ժամը 15:30-ին գալ Մասիվի դատարան ու ներկա լինել էրեկվա ցիլոյով «Ստանիսլավսկու» բեմադրած ներկայացման արարներից մեկին՝ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատին։ Չէ՞ որ, որքան գիտեմ, դու էլ ես լեննականցի, ու եթե ճիշտն ես ուզում իմանաս՝ շուտ պիտի գայիր»։

Դերասան Մկրտիչ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին աջակցող գրառման համար: Ինչպես հայտնել ենք, Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գովեստի ու քաջալերանքի խոսքեր էր ձոնել դերասանին:

Գրառման մեկնաբանությունների բաժնում Մկրտիչ Արզումանյանը գրել է. «Վահագն Ալեքսանյան ջան, շնորհակալ եմ»: Ի պատասխան ՔՊ-ականը տեղադրել է ձեռքսեղմման պատկերակ:

Մկո ջան, քեզ ստորացա՞ծ ես զգում, ասե՛մ` ինչ կարող ես անել