17/09/2025

Պարապ են մնացել․ Ոչ մի հոդաբաշխ բացատրություն

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2018 թվականից ի վեր աչքի է ընկնում ազգային ամեն երեւույթ ոչնչացնելու, կազմաքանդելու հետեւողական քայլերով:

Հրապարակ թերթը գրել է․ Արարատ լեռն Արագածով փոխարինել, Հայոց պատմությունից հրաժարվել` Հայաստանի պատմություն ներմուծել, Եկեղեցու պատմությունից հրաժարվել, հայ գրողների գործերը դպրոցական ծրագրերից հանել, Մաշտոցի նկարը` Այբբենարանից, զինանշանը, գերբը փոխել, Անկախության հռչակագրից հրաժարվել, «Արցախ» բառը չարտասանել, Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվել, Արցախի ներկայացուցչության շենքը վերցնել արցախցիներից, ստեղծագործական միությունների շենքերը վերցնել, անգամ «Առավոտ» օրաթերթի 30 տարուց ավելի օգտագործվող գրասենյակը վերցնել «առավոտցիներից», իսկ մի քանի տարի առաջ նույն «Առավոտի» հերթական տարեդարձն էր շնորհավորում` բարձրագոչ խոսքեր ասելով երկարամյա թերթի ու նրա վաստակի մասին:

Ամեն օր մի նոր նախաձեռնությամբ հանդես եկող իշխանությունը, որ կարծես թե ամեն հայկականի, ազգայինի, արժեքավորի դեմ կատաղի պայքար է մղում, հիմա էլ որոշել է հայկական անձնագրերի վրա դրվող կնիքներից Արարատ սարի պատկերը ջնջել, ինչը վերջին օրերին մեծ աղմուկի տեղիք է տվել:

Հայաստանի Հանրապետության հիմնն էլ չխուսափեց այս հրոսակախմբի աչքից: Նրանք դեռ ամիսներ առաջ օրենսդրական փոփոխություն իրականացրին, որով օրհներգի մի տունն առաջ տվեցին, մյուսը` ետ: Ոչ մի հոդաբաշխ բացատրություն չեղավ, թե ինչու են նման բան անում, եւ դա ում է հարկավոր, բայց արեցին: Իբրեւ թե չեն ուզում, որ տխուր նոտայի վրա հիմնը ավարտվի, դրա համար զոհվելու մասին տողը տեղափոխում են վերեւ:

Իսկ հիմա ԿԳՄՍ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ` օրենքի կատարման նոր կարգ է սահմանել: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը սեպտեմբերի 10-ից հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով պետք է սահմանվի ՀՀ օրհներգի կատարման նոր կարգը։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ մարտի 5-ին կատարված ««Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքով օրենսդրորեն ամրագրվեցին օրհներգի երկար եւ կարճ տարբերակները՝ համապատասխան երաժշտական եւ տեքստային խմբագրումներով։

Սակայն մինչ այդ կարգավորումները օրհներգի միայն մեկ՝ ստանդարտ տարբերակն էր գործնականում կիրառվում, ինչի հետեւանքով բացակայել էր հստակությունը, թե որ տարբերակը երբ եւ որտեղ պետք է կատարվի։ Առաջարկվում է մշակել նոր կարգ, որը կհստակեցնի օրենքով ամրագրված տարբերակների կատարման ձեւաչափերը:

Ըստ նախագծի՝ Հայաստանի Հանրապետության օրհներգի այլընտրանքային կատարումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության թույլտվությամբ: Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման կարգի խախտման դեպքում սահմանվում է տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»: