Նախորդ տարի Հայաստանի արեւմտամետ ուժերը` նրանց առաջնորդները համառ պայքար տարան` Հայաստանը Եվրոպական Միությանն անդամագրման ուղղությամբ` 60 հազար ստորագրություն հավաքեցին եւ ներկայացրին Ազգային ժողով՝ 300 հազար ստորագրություն ներկայացնելու համար:
Ստորագրահավաքն իրականացնում էին «Հանրապետություն», «Հանուն հանրապետության», Եվրոպական կուսակցության անդամները` Երեւանում եւ մարզերում: Ապա Ազգային ժողովն ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը, սակայն դրանից հետո Հայաստանը ո՛չ ԵՄ անդամակցության հավակնորդ դարձավ, ո՛չ էլ այդ ուղղությամբ որեւէ քայլ է իրականացվում:
Իսկ հիմա ե՛ւ ԵՄ անդամագրման պրոցեսն է մոռացվել, ե՛ւ այդ օրենքը: Այսօր անգամ քչերն են հիշում, որ նախորդ տարի նույն այս ժամանակահատվածում փողոցներում ստորագրահավաք էր իրականացվում` եվրոպական ընտանիքին մաս կազմելու համար:
Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է Եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանի հետ:
– Ի՞նչն է պատճառը, որ Եվրոպական Միության անդամ դառնալու պրոցեսը, ինչպես Փաշինյանն է սիրում ասել, սառեցվեց:
– Մենք ստորագրություններ հավաքեցինք` օրենք ընդունելու համար, օրենքն ընդունվեց, սակայն կառավարությունն այն այդպես էլ չկիրառեց:
– Ինչո՞ւ:
– Որովհետեւ այս իշխանության քայլերն արվում են լրիվ հակառակ ուղղության տրամաբանությամբ: Մարդը գնում է, հասնում է Եվրոպական Միության դուռը` Բրյուսել, Փարիզ, իսկ հաջորդ օրը Շանհայ հայտ է ներկայացնում: Փոխանակ գնա Շենգեն, գնում է Շանհայ, այնտեղից էլ մերժում է ստանում, բայց, ամեն դեպքում, դրանք իրարամերժ կառույցներ են: Եթե մի երկիր ցանկանում է մտնել Շանհայ, չի կարող լինել ԵՄ անդամ, դա բացառվում է: Հայաստանի կառավարությունն այս քայլով իր ընտրությունը կատարեց:
– Այսինքն` կարո՞ղ ենք արձանագրել, որ այն 60 հազար ստորագրությունը, որ հավաքել էիք, չծառայեց նպատակին:
– Ծառայեցին այն նպատակին, որ կարողացանք օրենք ընդունել: Այլ հարց է, որ օրենքը կառավարությունը չի կատարում: Մենք պետք է ունենանք մի կառավարություն, որը կկատարի օրենքը: Հակառակ դեպքում այն, ինչ արվում է, ապօրինի է, մենք, բնականաբար, պետք է հասնենք նրան, որ օրենքը կատարվի, եւ Հայաստանը դառնա ԵՄ անդամ:
– Եթե Շանհայի կազմակերպության անդամ չդառնանք եւ հայտ էլ չներկայացնեինք, ի՞նչ եք կարծում` Հայաստանը կդառնա՞ր ԵՄ անդամ:
– Ոչ միայն Շանհայի պրոցեսները: Նիկոլ Փաշինյանը մի շարք այնպիսի հայտարարություններ է արել, որոնք ուղղակի բացառում են ԵՄ անդամակցությունը: Նա առաջարկեց լուծարել Մինսկի խումբը, ինչը Եվրոպան արեց ընդամենը երկու շաբաթում, իսկ դա հստակ ժեստ էր: Հետո նա հայտարարեց, որ եվրոպական կառույցը ոչ մի օգուտ չի բերել, մի շարք նման հայտարարություններ՝ նույնպես: Թրամփի ուղին եւս հակասում է եվրոպական նախագծին, որովհետեւ այն բացառում է Հյուսիս-Հարավ ճանապարհը, որի համար Եվրոպան երկու անգամ միլիարդներ է հատկացրել: Մեկը` Սերժ Սարգսյանի ժամանակ, մյուսը` Փաշինյանի: Այս իշխանության բոլոր քայլերը Հայաստանը եվրաինտեգրումից հետ են պահում:
– Չե՞ք պատրաստվում ինչ-որ քայլեր ձեռնարկել:
– Քայլերն առաջիկա ընտրությունների ժամանակ են լինելու: Մենք համարում ենք, որ Նիկոլ Փաշինյանին աջակցում են Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը: Մենք փորձելու ենք մեր եվրոպացի գործընկերներին համոզել, որ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի ճանապարհն է կրկնում եւ դարձել է մի յուրահատուկ հայկական Իվանիշվիլի: Տասն օրից մեկնելու եմ Եվրոպա: Բելգիա եմ գնալու, եվրոպական խորհրդարանում ունենալու եմ հանդիպումներ, ներկայացնելու եմ մեր տեսակետները:
– Իսկ Արամ Սարգսյանը, ներկայանալով որպես արեւմտամետ ուժի առաջնորդ, Փաշինյանի հետ կոալիցիայի գնաց եւ այսօր արդեն չի տարբերվում ՔՊ-ից: Գյումրիում տեղի ունեցած ընտրությունները ցույց տվեցին, որ մարդիկ այլեւս չեն վստահում նրան: Ի՞նչ եք կարծում` հնարավո՞ր է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւս արեւմտամետ ներկայացող որոշ ուժեր Նիկոլ Փաշինյանին ծառայություններ մատուցեն, կոալիցիաների, ձայների փոշիացման եւ այլ ճանապարհներով:
– Անկեղծ ասած` մենք բավականին տարբեր ենք իրավիճակները գնահատում: Այն կոալիցիան, որ ստեղծվեց, Եվրաքվեի համար էր: Մենք ընդամենը օրենքի ընդունում ապահովեցինք: Ամեն մեկն իր ճանապարհով է գնում: Հայաստանի Եվրոպական կուսակցությունն իր օրակարգից չի շեղվել:
Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի դասընկերուհին դպրոցի տնօրեն է դարձել
Մի կողմից՝ Փաշինյանն ուզում է ասել, որ պետք է ունենանք մեկ Հայաստան, որը կլինի ցանկապատված սահմաններով, սակայն … Գյուլումյան
Ինչո՞ւ են ծեծել Կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն, և ո՞վ է նա. մանրամասներ. Լուսանկար