Դեռեւս ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված օրինագծի ընդունումից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զգուշացնում էր ՀԷՑ-ի աշխատակիցներին, որ նրանք, ովքեր կներգրավվեն Սամվել Կարապետյանի պաշտպանության ցույցերում, կպատժվեն։
Հրապարակ թերթը գրել է․ Նաեւ սպառնում էր, որ ընկերության այն աշխատողները, ովքեր «իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով», հուլիսին կազատվեն աշխատանքից։
Սպառնալիքները շատ արագ իրականություն դարձան։ Ռոմանոս Պետրոսյանի` ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվելուց հետո՝ հուլիսին եւ օգոստոսին, ՀԷՑ-ից զանգվածաբար մարդիկ ազատվեցին, նրանց աշխատանքային պայմանագրերը լուծվեցին, իսկ կարճ ժամանակ անց ազատվածները դիմեցին դատարան` աշխատանքը վերականգնելու եւ փոխհատուցումներ վճարելու պահանջով։ Որպես աշխատանքից ազատման պատճառ, նշված է «անվստահությունը» տվյալ աշխատակիցների նկատմամբ։
«Աշխատանքային օրենսգրքում կա նման հասկացություն՝ գործատուի անվստահությունը, բայց դրա հետ մեկտեղ պետք է նշվի աշխատանքից ազատման հիմքը, ինչն իրենք մեծամասամբ չեն նշել»,- ասում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենի նախկին ԺՊ Դավիթ Ղազինյանը։
Նրան ՀԷՑ տնօրենի ԺՊ-ն յուրօրինակ եղանակով է ազատել․ երբ Ղազինյանն առաջին անգամ եկել է, որ շենք մտնի, Ռոմանոս Պետրոսյանն ուղղակի շենքի բակում նրան խորհուրդ է տվել դիմում գրել, գնալ։
«Եթե ոչ՝ կազատեմ անվստահությունով»,- ասել է ՀԷՑ տնօրենի ԺՊ-ն։ «Ես էլ ասեցի՝ չեմ գրում, ու ազատեցին։ Էլ ապօրինությունը ո՞նց է լինում։ Նրանց հույսն այն էր, որ կասեն՝ դիմում գրեք, մարդիկ դիմում կգրեն, կազատվեն, հետո էլ կասեն՝ դուք եք գրել։ Քաղաքացիական դատարանը սկզբունքորեն հայցի ապահովման միջոցներ չի կիրառում, իսկ սա նշանակում է, որ պետք է շատ ժամանակ կորցնես՝ 3 ամիս առաջին ատյանն է, հետո՝ վերաքննիչ դատարան, վճռաբեկ եւ այլն, կարճ ասած՝ սա իրավական բեսպրեդել է»,- նշեց Դավիթ Ղազինյանը «Հրապարակի» հետ զրույցում։
Հայցի ապահովման միջոցը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի գործողությունները կասեցնելն է, աշխատանքից ազատման հրամաններն անվավեր ճանաչելը, մինչեւ դատական ակտի վերջնական ուժի մեջ մտնելը, ինչը դատարանները մերժել են բոլորին: Ըստ Ղազինյանի՝ ՀԷՑ-ի մոտ 40 աշխատակից դիմել է դատարան, սակայն կան բազմաթիվ աշխատողներ, որոնք դիմում են գրել, ազատվել՝ ենթարկվելով տնօրինության պահանջին։ Նրանք նախընտրել են գլուխ չդնել Ռոմանոսի հետ։
Թերթելով «Դատալեքս» տեղեկատուն, տասնյակ որոշումներ գտանք՝ տարբեր մարդկանց աշխատանքային պայմանագրերը լուծելու մասին որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով վարույթներ հարուցելու վերաբերյալ։ Հայցվորները հիմնականում առանցքային պաշտոններ են զբաղեցրել՝ անվտանգության տնօրինության աշխատակից Արթուր Հովհաննիսյանը՝ ՀԷՑ «Գեղամա» մասնաճյուղից, Անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գլխավոր տնօրենի խորհրդական Կարեն Հայրապետյանը, Արմեն Խաչատրյանը՝ «Արմավիրի» «ցանցերից», «Գեղամա» մասնաճյուղի նախկին գլխավոր ճարտարագետ Հովիկ Մանուկյանը, որը երկար տարիների ստաժ ունի եւ վերջին պաշտոնը տնօրենի խորհրդականն էր, Էջմիածնի «ցանցի» պետ Արտակ Բասենցյանը, Դավիթ Սարգսյանը, որը Երեւան քաղաքի էլեկտրաէներգիայի կորուստների վերլուծության բաժնի պետն էր, եւ ուրիշներ։ Նրանց բոլորին ասել են, որ դիմում գրեն, նրանք չեն ենթարկվել, ինչից հետո ազատվել են` որպես «անվստահելիներ»։
Աշխատանքից տարբեր պատճառաբանություններով հեռացված, այնուհետեւ «ցանցերին» դատի տված պաշտոնյաների թվում է նաեւ ՏԿԵ նախկին փոխնախարար Լիլյա Շուշանյանը, որը ՀԷՑ-ում գլխավոր տնօրենի տեղակալն էր՝ ընդհանուր հարցերով։
Լիլյա Շուշանյանի ազատման հրամանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռ․ Պետրոսյանը ստորագրել է հուլիսի 31-ին։ Հայտնի է, որ նա նախարարությունից ազատվելուց հետո 2022 թվականին կարճ ժամանակ աշխատեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։
Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքից ազատել է նաեւ նախկին փոխոստիկանապետ Անուբախ Համբարյանին, որը 2019 թվականից ՀԷՑ-ում էր աշխատում եւ վաղեմի մտերմություն ունի Սամվել Կարապետյանի հետ։
Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի դասընկերուհին դպրոցի տնօրեն է դարձել
Մի կողմից՝ Փաշինյանն ուզում է ասել, որ պետք է ունենանք մեկ Հայաստան, որը կլինի ցանկապատված սահմաններով, սակայն … Գյուլումյան
Ինչո՞ւ են ծեծել Կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն, և ո՞վ է նա. մանրամասներ. Լուսանկար