«Ազգային ժողովրդավարական բեւեռի» անդամներին այս տարվա սկզբից սկսել են ավելի ինտենսիվ կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության, 2024 թվականի «Ապրիլի 24»-ի միջադեպի գործով։
Հրապարակ թերթը գրել է․ Հիշեցնենք․ խոսքն այն մասին էր, որ Բեւեռի ներկայացուցիչները, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հանդիպելով Աննա Հակոբյանին, ռեպլիկներ էին հնչեցրել նրա ամուսնու հասցեին, ինչն իրավապահ մարմինները գնահատել էին որպես Փաշինյանի կնոջն ու աղջկան ուղղված հանցագործություն` նրանց «արժանապատվությունը նվաստացնող եւ հոգեկան տառապանքներ պատճառող» գործողություններ եւ քրեական վարույթ էին հարուցել:
Հարցաքննության կանչվողների թվում է եղել նաեւ Բեւեռի անդամ Գեւորգ Սաֆարյանը։ Սաֆարյանը, խոսելով գործի քննությունից, «Հրապարակին» ասաց. «Նախաքննության ավարտի վերաբերյալ ես տեղեկություն չունեմ»: Սակայն նշեց, որ վերջին անգամ ամիսներ առաջ են հարցաքննության կանչել։
Քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին՝ նախաքննությունը շարունակվում է․ «Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մաս կա, որն ուղարկվել է դատարան։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»։
Անջատված մասը վերաբերում է ԱԺԲ անդամ՝ 68-ամյա Տիգրան Դերմոյանին: Նրա մասով քննությունը դատարանն ավարտել է այս տարվա ապրիլին։ 68-ամյա Տիգրան Դերմոյանը ձերբակալվել էր, եւ նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ՝ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը: Նշված մասով հոդվածը 1-4 տարի ազատազրկում է նախատեսում:
Առաջին ատյանի դատարանն արդեն քննել է գործը` Տիգրան Դերմոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում եւ պատիժ է նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 375 հազար դրամի չափով: Դերմոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը մեզ ասաց, որ որոշումը բողոքարկել են ե՛ւ իրենք, ե՛ւ դատախազությունը:
Վերաքննիչ դատարանն արդեն ավարտել է քննությունը, որոշումը կհրապարակվի սեպտեմբերի վերջին․ «Դատախազությունը միջնորդել է բեկանել առաջին ատյանի որոշումը եւ ուղարկել նոր քննության, իսկ մենք միջնորդել ենք արդարացնել Դերմոյանին»։ Խոսելով բուն քրեական գործի վերաբերյալ, որով նախաքննությունը շարունակվում է, Պապիկյանն ասաց, որ այդ գործով զարգացումներ չկան, 1,5 տարի է՝ նախաքննություն է ընթանում, սակայն դեռեւս մեղադրյալներ չկան․ «Դատախազության ռազմավարությունը պարզ է` կհասնեն Դերմոյանի մեղավոր ճանաչելուն, դրանով էլ այդ գործով մեղադրանքներ կառաջադրեն մյուսներին»։
Հետաքրքիր է, որ այս գործով տուժող չկա, առաջին տպավորությամբ՝ տուժողը պետք է լինեին Աննա Հակոբյանը եւ նրա անչափահաս աղջիկը՝ Արփին։ Իրավապահները, ըստ էության, վարչապետի կնոջն ազատել են ցուցմունք տալու, դատարան ներկայանալու պարտականությունից:
Պապիկյանը մեզ պատմեց, որ գործը հարուցվել է անհայտ քաղաքացու ահազանգի հիման վրա, որն իբրեւ թե այդ օրը զանգահարել է ոստիկանություն եւ ասել․ «Աննա Հակոբյանի անչափահաս երեխային սթրեսի են ենթարկում», իսկ թե ով է այդ քաղաքացին, Պապիկյանն ասաց՝ չգիտեն, միայն տեղյակ են, որ անանուն զանգի հաղորդմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Բաց մի թողեք
Սննդի անվտանգության տեսչությունն ինչու է թաքցնում դաբաղի համաճարակը
Ընտրությունն այսօրվա ու արդիական տնտեսությամբ Հայաստանի միջև է
Սպանության իրական պատճառը երկրի մթնոլորտն է