27/09/2025

Մեկնարկում է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային երրորդ փառատոնը. Տեսանյութ

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 19:00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային երրորդ փառատոնի հանդիսավոր բացման համերգը` նվիրված Կոմիտասին:

Համերգի ընթացքում հայ երգեհոնահարները և հրավիրյալ երաժիշտները կներկայացնեն Կոմիտասի, Ներսես Շնորհալու, Մակար Եկմալյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի և այլ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Ծրագիրը ներկայացնում է հայ հոգևոր և ազգային երաժշտական ժառանգության բազմազան երանգները՝ երգեհոնի և այլ գործիքների՝ թավջութակի, բլուլի և շեփորի գեղեցիկ համադրությամբ։

Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային երրորդ փառատոնն այս տարի անցկացվելու է սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, որին կմասնակցեն ինչպես հայկական երգեհոնային դպրոցի լավագույն ներկայացուցիչները, այնպես էլ արտերկրի հեղինակավոր երգեհոնահարները:

Փառատոնը հյուրընկալելու է համբավավոր երգեհոնահարների Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից և Նիդերլանդներից. Հայաստան կժամանեն Փարիզի Աստվածամոր տաճարի տիտղոսավոր երգեհոնահար Վենսան Դյուբուան, բրիտանացի առաջատար երգեհոնահար Ջոնաթան Սքոթը, Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա բազիլիկայի գլխավոր երգեհոնահար Խուան Դե Լա Ռուբիան, Ռոտերդամի քաղաքային երգեհոնահար Ադրիան Հոեկը։

Կհնչեն ինչպես դասական երգեհոնային ստեղծագործություններ, այնպես Էլ հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ, հայ հեղինակների երգեհոնային գործեր:

Փառատոնային համերգները կանցկացվեն Երևանում, Կապանում և Չարենցավանում, կկազմակերպվեն վարպետության դասեր արտերկրից ժամանած երգեհոնահաների կողմից:

Միջոցառումն ամփոփվելու է դեկտեմբերին՝ գալա համերգով՝ նվիրված Յոհան Սեբաստիան Բախի 340-ամյակին:

Փառատոնն իրականացնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Մեկնարկում է Վահագն Ստամբոլցյանի անվան Երգեհոնային երաժշտության երկրորդ  միջազգային փառատոնը | Factor.TV