27/09/2025

Ավագյանը զարկերակն է կտրել` «վեննաները», փակ դռան հետեւում. «Դուռը փակ է եղել, բացել են МЧС-ով»

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի փաստաբան Նատալյա Չերնիկովան ասել է, որ չի հավատում նրա ինքնասպանության վարկածին։

Հրապարակ թերթը գրել է․ Հիշեցնենք, որ Բորիս Ավագյանը երեկ մահացած էր գտնվել Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսարանի շենքում: Փաստաբանն ասել է, որ Բորիս Ավագյանը հավատացյալ մարդ էր եւ ուներ ուժեղ բնավորություն։ RT-ին տված հարցազրույցում փաստաբանը Բորիս Ավագյանին անվանել է «մարտիկ, որը չի սիրում պարտվել»:

«Նա շատ լավ էր գիտակցում, թե ինչ է ինքնասպանությունը։ Նա բավականին կրթված անձնավորություն էր, որ մանրամասն վերլուծում էր իր գործողությունների հնարավոր հետեւանքները»,- ասել է փաստաբանը եւ հավելել, որ վերջին անգամ իր հաճախորդի հետ խոսել է չորեքշաբթի գիշերը՝ քննարկելով նրա պաշտպանության հետ կապված հետագա գործողությունները։ Ըստ փաստաբանի՝ Բորիս Ավագյանի ձայնն ընկճված չի եղել:

Ի դեպ, վախճանվելու օրը Ավագյանը զանգահարել է նաեւ մեր խմբագրություն, խնդրել օգնել իրեն: Մենք պարբերաբար անդրադառնում էինք նրա խնդրին, հրապարակում էինք նրա նամակները: Զանգահարելիս մեր լրագրողը նույնպես ընկճվածություն կամ սուիցիդի տրամադրություններ չի նկատել: Նա պատմել է, որ ՀՀ հյուպատոսարանում է, պահանջում է, որ իրեն հանձնեն Հայաստանին, որ իրեն նորից ուզում են կալանավորել:

Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ մաքսատուրքերի վճարումներից խուսափելու մեջ մեղադրվող Բորիս Ավագյանը, որի խափանման միջոցը շաբաթներ առաջ փոխել էին, երեքշաբթի օրը փախուստի էր դիմել դատարանի շենքից, երբ նրա գործով դատական լսումների ժամանակ ընդմիջում էր հայտարարվել: Փաստաբանը դատարանից նրա փախուստը վերագրել է «բնավորության յուրահատկությանը», իսկ նրան բնութագրել է որպես կենսուրախ մարդ։
Սանկտ Պետերբուրգում 2000-ականներին ՀՀ հյուպատոս աշխատած Ռուբեն Հակոբյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` հնարավո՞ր է քաղաքացին հյուպատոսարանում ինքնասպան լինի, թե՞ ոչ:

Հակոբյանը նկատեց. «Չեմ կարող ասել, նայած թե հյուպատոսության ղեկավարը ոնց է ընդունել, ինչ դիրքորոշում է ունեցել այդ տղայի` Բորիսի հարցում: Պետք է հասկանալ, թե նրանց միջեւ ինչ պայմանավորվածություն է տեղի ունեցել: Հյուպատոսությունը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածք: Պետք է հասկանալ, թե ինչ պայմանավորվածություն է եղել: Հյուպատոսության տարածք մուտք գործելը բարդ բան չէ: Իմ ժամանակ նման դեպքեր չեն եղել: Արտահանձնման պրոցեսներ եղել են, սակայն զուտ օրենքի շրջանակներում, այդ էլ՝ իշխանությունների հետ պայմանավորված: Օրենքով կարգավորված պրոցես է»:

Իսկ Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը մեզ հետ զրույցում բացառեց սպանությունը եւ ասաց. «Քանի որ հիմա քննություն է ընթանում` քննչական մարմինների կողմից, ես առաջարկում եմ մի փոքր սպասել, որ ամփոփ լինի իրավիճակը, որովհետեւ նույն կարգավիճակում է նաեւ արտաքին գործերի նախարարությունը, որը կտա տեղեկություն…. Ինչ վերաբերում է հյուպատոսարան մուտք գործելուն, ապա մուտքն ազատ է, եւ ցանկացած մարդ կարող է մտնել հյուպատոսարանի տարածք, որպեսզի, օրինակ, ստանա հյուպատոսական ծառայություններ կամ այլ հարցեր, դրա համար մարդն ազատ է՝ հյուպատոսարանը չի համարվում փակ տարածք… Այդ մարդն ինքն իր ոտքով, ազատ կամքով եկել է, մտել հյուպատոսարան»:

Դեսպանը նաեւ մեզ հաղորդեց, որ Ավագյանը զարկերակն է կտրել` «վեննաները», փակ դռան հետեւում. «Դուռը փակ է եղել, բացել են МЧС-ով»: