«Հրապարակ»-ի զրուցակիցը ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանն է:
– Փարաքարի սպանությունը ցնցել է հասարակությանը: Սկսել են հրազենով հարցեր լուծել:
– Երբ լռության արժեքն ավելի բարձր է, քան խոսքի արժեքը, ավելի լավ է լռել: Սրանից մի քանի ամիս առաջ ես հարցազրույց եմ տվել, նշել եմ, թե ինչ պետք է անել, բայց դա որեւէ հետեւանք չի ունեցել: Գիտե՞ք, երբ իրենք ասում են, որ ամեն ինչ գիտեն, էլ ի՞նչ ասես: Շատ ցավալի է, որ պետական պաշտոնյա է սպանվել, որ ոստիկանության ծառայող է սպանվել: Ես էլ եմ ոստիկանության ծառայող, շարքային ոստիկանից հասել եմ գեներալի աստիճանի եւ այսօր առավոտից շատ ծանր վիճակում եմ, երբ իմացա, որ զոհվածներից մեկը ոստիկանության ծառայող է: Ես չգիտեմ՝ ի՞նչ բարեփոխում են արել, իմ հարցազրույցներում ասել եմ՝ ցանկացած բարեփոխման տակ պետք է լինի վերլուծություն, թե ինչի հետ է կապված այդ բարեփոխումը, թե այն ինչի կհանգեցնի եւ որ պետությունում է իրականացվում: Ես 1991 թվականին դարձել եմ շարքային սպա, 91 թվականից ոստիկանությունում բարեփոխում են անում, ե՞րբ պետք է վերջանա այդ բարեփոխումը, ե՞րբ պետք է ոստիկանությունը հասկանա, որ անընդհատ աշխատանք է պետք, ոչ թե բարեփոխում: Կա ոստիկանություն, կան ծառայողներ, որոնք իրենց պարտականությունները պետք է կատարեն՝ սահմանված կարգով, ի՞նչ բարեփոխում: Մարդիկ չգիտեն՝ ինչով պետք է զբաղվեն, ես հաճախ նմանեցնում եմ ավագ դպրոցին, որ մինչեւ այսօր դասագիրք էլ չունեն, չեն հասկանում՝ այդ ավագ դպրոցը վերջը իրենից ի՞նչ է ներկայացնում: Ցավ եմ ապրում, որ համայնքի ղեկավար է սպանվել, ոստիկանության ծառայող, դա շատ վատ երեւույթ է:
– Այդքան գումար են ներդնում, սեմինարներ անում, բայց հանցավորությունն աճում է, օրը ցերեկով քաղաքի կենտրոնում կրակոցները մեր կյանքի անբաժան մասն են դարձել, անգամ անչափահասներն են հրազենով հարցեր լուծում, թմրամիջոցները դպրոց են հասել: Գուցե պատճառն այն է, որ իրավապահ համակարգն ուրի՞շ խնդիրներ է լուծում:
– Երբ ես Խորհրդայինի՝ ներկայիս Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի տեղակալն էի, մենք ուժեղ էինք բաժնով, որովհետեւ ՆԳՆ բաժնի պետն իր ենթակայության տակ ուներ օպերատիվ քրեական հետախուզության բաժանմունք, ուներ թաղայիններ, որոնք հետո համայնքային ոստիկանություն դարձան, ուներ թույլտվության համակարգ, պարեկապահակային ծառայության վաշտ, պահպանության բաժին, այսինքն՝ լուծվում էր տարածքի օպերատիվ բաշխվածության խնդիրը, այսինքն՝ մի ծառայությունը մյուսով փակվում էր: Ես ծառայության գծով տեղակալ եմ եղել, երբ տարեկան միասնական ուժերի տեղաբաշխման տեղադիրն էի պատրաստում, տեսնում էի, որ այս գործարանում պահակակետ կա տեղակայված, ուրեմն իմ պարեկապահակային ծառայության վերակարգի երթուղին դնում էի դրանից 100 մ առաջ, որովհետեւ գիտեի՝ օբյեկտը 150 մ շառավղով փակված է, օպերատիվ խումբը բերում էր օպերատիվ ինֆորմացիա՝ սպասարկվող տարածքի վերաբերյալ, համայնքային ոստիկանությունն օպերատիվ բաժանմունքին օգնում էր ծանր հանցագործություններ բացահայտելու ժամանակ՝ իր ունեցած ինֆորմացիայով: Հիմա ի՞նչ են արել. սարքել են համայնքային ոստիկանության բաժին, ասում են՝ ոստիկանությունը 4 հենասյուն ունի: Ոչ, ոստիկանությունը պետք է ունենա ուժեղ բաժին, ոստիկանության ուժեղ բաժնի պետ, որի ենթակայության տակ կլինեն ստորաբաժանումներ, ոչ թե ասեն՝ գիտե՞ք, էս իմ գործը չի, պարեկային ոստիկանության գործն է կամ մարզային քրեական ոստիկանության գործն է, իմ գործը համայնքայինն է: Այդպես չի լինում:
– Իրավապահ համակարգն ամբողջությամբ լծված է օրվա իշխանությանը սպասարկելուն: Երբ կառավարական մեքենա է անցնում, Երեւանը կանգնում է, մարդիկ ահաբեկվում են ուժայինների քանակից, որն ուղեկցում է իշխանավորներին: Անձի պաշտպանություն եւ քաղաքական հրահանգներ:
– Դուք գիտեք, որ ես շուրջ տասը տարի եղել եմ ՊՊԾ պետի տեղակալը եւ այցերի պատասխանատուն: Դուք կարծում եք, որ ես Երեւան քաղաքով շրջելիս այդ ամենը չե՞մ տեսնում, իհարկե, տեսնում եմ եւ տեսնում եմ իմ ուժերի տեղաբաշխումը, քանի որ ե՛ւ ոստիկանության, ե՛ւ այլ ուժային կառույցների եւ, ինչու չէ՝ ՏԻՄ-երի ուժերը ներգրավվում էին այցերի կազմակերպման ժամանակ, բայց, հավանաբար, Դուք էլ էիք նկատում, որ եթե չէր լինում գլոբալ մեծ միջոցառում, դա անտեսանելի էր լինում: Ես չեմ կարող ասել, թե հիմա ինչու է այդպես: Նայում ես՝ դեպքեր են տեղի ունենում, որոնք մանրամասն չեն վերլուծվում, նույն ՃՏՊ-ն, որ հղի կնոջ հետ տեղի ունեցավ: Դա պետք է մանրակրկիտ վերլուծվեր, հասկանային՝ ոնց է եղել, որն է եղել պատճառը: Այդ ամենը պետք է համալիր նայվեր, ոչ թե անհատականացվեր:
– 90-ականները վերադարձել են, ամենաթողության մթնոլորտ է, մի հայացքի համար կարող են մարդ սպանել:
– 90-ականներին էլ այդպես չէր: Ես շատ լավ հիշում եմ․ երբ մենք դուրս էինք գալիս շրջագայության, երբ, ասենք, գազը տրաքացնում էին, մեզ միանում էին Երեւան քաղաքի ու շրջանների ջոկատների աշխատողները, մեզ հետ քայլում, շրջում էին, որ ազատամարտիկների հետ իրենք խոսեն, որ ոստիկան եւ կռվող տղա կոնֆլիկտ չլինի։ Այդ ամբողջը մի համալիր էր, արվում էր, դրա մասին մտածվում էր: Գիտե՞ք, ես կողքից շատ լավ տեսնում եմ, բայց ներսում լինելն այլ է, կողքից տեսնելը՝ այլ:
– ՆԳ համակարգը բարդ համակարգ է, որտեղ, ենթադրում եմ, տարիների փորձը, անցած ուղին էական նշանակություն ունեն: Արդյո՞ք երիտասարդ, համակարգում չաշխատած կինը կոմպետենտ է՝ այն ղեկավարելու:
– Ես կարող եմ հստակ մի բան ասել՝ միայն իրավաբանական գիտելիքներ ունենալը բավարար չէ՝ համակարգ կառավարելու եւ ղեկավարելու համար: Ես չեմ ճանաչում, իմ կարծիքը գուցե սուբյեկտիվ լինի, բայց կրկնում եմ՝ թեկուզ դոկտորական աստիճանի իրավաբանական գիտելիքները, հազարավոր հոդվածներ գրելը բավարար չեն: Երբ ես իմ առաջին ինստիտուտը՝ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտն ավարտեցի, մի դասախոս ունեինք, ասում էր՝ ֆիզիկականը եւ գիտելիքը որ համատեղում ես, շատ լավ որակ ես ստանում, միայն մեկը չի կարող հանգեցնել ցանկալի արդյունքին: Մենք այսօր այդ նույն բանը տեսնում ենք սպորտում, ֆուտբոլից են խոսում, մարզիչ ցույց տվեք, որ ճանապարհ է անցել:
– Իրավապահ համակարգը քաղաքական օրակարգ է սպասարկում, օրվա իշխանության հրահանգով գործեր կարելով: Այս վիճակը նաեւ սրանով չէ՞ պայմանավորված:
– Ես քաղաքական գնահատական չեմ տա, բայց նորից եմ ասում՝ ցանկացած պարագայում պետք է լինի գաղափարախոսություն, մասնագիտական մոտեցում, խնդիր: Մենք համակարգն աշխատեցնում էինք հետեւյալ սկզբունքով․ փողոցի երթեւեկելի գոտին տվել էինք ՃՈ-ին, ասել էինք` ճանապարհային երթեւեկության պատասխանատուն դու ես, եւ քեզնից ենք պահանջելու, պարեկապահակային ծառայության գնդին տվել էինք փողոցները, հրապարակները, զանգվածային միջոցառումների անցկացման վայրերը, համայնքային ոստիկանությանը՝ թաղայիններին, տվել էինք բակն ու շենքը, ասել էինք՝ էս քեզ բակը, էս քեզ բնակիչը, ճանաչիր քո բնակչին, հասկացիր նրա խնդիրները, քրեական հետախուզությունն իր խնդիրն էր կազմակերպում, ոստիկանությունում կային հետաքննության բաժիններ, որոնք զբաղվում էին թեթեւ ու միջին հանցագործություններով՝ թեթեւացնելով քննիչների բեռը: Էսօր քննիչներն իրենց վրա վերցրել են հանրապետությունում բոլոր հանցագործությունների քննությունը, ինչի՞ համար, դուք հիմա տեսեք, թե մի քննիչի մոտ քանի քրեական վարույթ կա, անասելի թիվ է, իսկ այդ թվի մեջ որակով նախաքննություն, նախաքննության արդյունքներով համապատասխան եզրակացություն, դրա հիման վրա միջնորդագիր, որը կգնա ոստիկանության բաժին, չի կարող լինել: Մենք 6 ամիսը մեկ վերլուծում էինք, վերակարգերի տեղաբաշխում կազմակերպում՝ այս փողոցում հանցագործություն չի եղել, տանում էինք այնտեղ, որտեղ հանցագործությունները շատ էին, քրեական հետախուզությունը վերլուծում էր, թե ինչպիսի հանցագործություններ են գլուխ բարձրացրել, սկսում էր դրա դեմ պայքարել։ Այդ ամբողջը կայացվում էր համապատասխան միջնորդությունների քննարկման ու վերլուծության արդյունքում: Մի փողոցում մի երթեւեկության սխեմա փոխելու համար անգամ իմ էլփոստն էի տալիս քաղաքացիներին, որոնք առաջարկություններ էին անում, դրանք տանում էինք ՃՈ, քննարկում էինք: Հասկանո՞ւմ եք՝ բոլորը չեն կարող լինել ամենագետներ եւ ամենակարողներ, հիմա այդ բանն է կտրված: Համայնքային խորհուրդներ գոյություն ունեին, հանդիպում, լսում էինք իրենց, մարդիկ խնդրում էին, օրինակ, Սյունիքում, Գեղարքունիքում մի ակումբ կառուցել, մասնագետ ուղարկել՝ երեխաներին երգել, նվագել սովորեցնել, զբաղվածության խնդիր լուծել, որովհետեւ մարզերում մարդիկ 16:00-ից հետո չգիտեն ինչ անեն: Այսինքն՝ խնդիրը խորքային է, համակարգային: Այսօր մարզերում մի լողավազան, մի հրաձգարան թող կառուցեն, ի վերջո, դա նաեւ հնարավոր սպառնալիքի դեպքում շատ արագ կարելի է շտաբ կառուցել, հրաձգարանը՝ զորանոց: Գիտե՞ք, թե որքան բան կարելի է անել: Այսօր, երբ ասում ենք՝ կառավարության կազմ, այդ նախարարությունները միմյանց փոխլրացնող են:
– Դե, այսօր կառավարությունը մեկ անձ է, ոլորտային նախարարները խնդիր էլ տեսնեն՝ կվախենան խոսել, կլռեն:
– Չեմ ուզում մեկնաբանել: Թույլ տվեք չխոսել:
Բաց մի թողեք
Ընտրությունն այսօրվա ու արդիակն տնտեսությամբ Հայաստանի միջև է
Սպանության իրական պատճառը երկրի մթնոլորտն է
Յոթուկես տարվա ղեկավար է, փոխնախագահների մակարդակն էլ չունի