«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեքսանդր Սիրունյանն է:
– Չկա մի շաբաթ, որ Հայաստանում առանձնակի դաժանությամբ, առեղծվածային սպանություններ, բռնության դեպքեր, գողություններ, տարատեսակ այլ հանցագործություններ տեղի չունենան: Հայաստանը դարձել է փոքրիկ Սիցիլիա, որտեղ զբոսնելն անգամ վտանգավոր է դարձել: Ինչի՞ արդյունք է սա, ի վերջո՝ ո՞ւմ թերացումն է, ի՞նչ քայլեր են հարկավոր՝ իրավիճակը վերահսկելու համար: Երեկ կեսգիշերին սպանվել է Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը` իր առանձնատան դիմաց: Այսինքն` Հայաստանում արդեն մարդիկ կարող են սպանվել իրենց իսկ առանձնատների դիմաց, դիմահար ու դավադիր կրակոցից, եւ դա այլ արատավոր երեւույթների պես եւս դառնա սովորական մի բան:
– Մենք այսպիսի իրավիճակ ունեցել ենք 1992, 1993, 1994 թվականներին, երբ շաբաթը երկու-երեք սպանություն, բռնության դեպքեր էին լինում: Ես այս իրավիճակը բացատրում եմ միմիայն համապատասխան կառույցների անգործությամբ: Իրավապահ մարմինները չեն զբաղվում իրենց գործով, ընդ որում՝ չեն զբաղվում նաեւ գործերի բացահայտումով, չեն փորձում անգամ պարզել, թե ում մոտ ինչ զենք կա: Դա ոստիկանության եւ ԱԱԾ-ի խնդիրն է: Հաջորդ թերացումը` բացահայտված գործերը քննվում են անորակ, արդարադատությունն ուշանում է, մեղավորները եթե անգամ կրում են պատիժը, կրում են ուշացումով, այսինքն` ոչ լիարժեք, իսկ դա համարվում է ոչ արդյունավետ պատիժ: Դա նույնն է, որ հիվանդի բուժման ժամկետն անցնի, նոր վերակենդանացնեն: Այստեղ ո՛չ պատգամավորներն են մեղավոր, ո՛չ էլ դատարանները, մեղավոր են իրավապահ կնանիք:
– Հայաստանում բոլորը պարեկ են դարձել եւ կարմիր բերետավոր, գուցե նաեւ դա՞ է այս ամենի պատճառը:
– Այո, ճիշտ եք: Երկրի կեսը բերետավոր է, կեսը` պարեկ: Ո՞նց է այդպես ստացվել, չես հասկանում: Դրանում ո՛չ քաղաքական իշխանությունն է մեղավոր, ո՛չ դատարանները, ո՛չ էլ պատգամավորները, միմիայն այդ նախարարություններն են մեղավոր, իրենց կին ղեկավարներով հանդերձ: Ամեն ինչ անում են նրանց համար, ֆինանսավորումն ավելացնում են, այն աստիճան, որ արդեն ոստիկանը դատավորից շատ աշխատավարձ է ստանում, քննիչը դատավորից շատ աշխատավարձ է ստանում, ես չեմ զարմանում: Իմ ֆեյսբուքյան էջում ունեմ խորագիր․ «Ապահով երկիր մը»: Այժմ այդ «ապահով» երկրում շաբաթական երեքից-չորս սպանություն է տեղի ունենում, էլ չենք խոսում գողությունների եւ խուժանությունների մասին, դրանք արդեն` հեչ: Ավելի կարեւոր են սպանություններն ու ծեծուջարդը: Մարդ սպանելը դարձել է առօրյա բան, եւ դա հեչ նորմալ չէ: Իրավաբանության մեջ ասվում է, որ նման դեպքերը պայմանավորված են սոցիալական վիճակով, սակայն սա այդ դեպքը չէ, մենք նման վիճակ չենք ունեցել:
– Գուցե այս ամենին նպաստում են նաեւ ատելության, չարության մթնոլորտը, ընդդիմադիրներին մուրճով հարվածելու կոչերը եւ այլն:
– Երբ քո երկրի իրավակարգը լինի իր տեղում, նեղ մասնագիտական բան եմ ասում, մարդն ինչ-որ մի բան անելուց առաջ առնվազն երկար կմտածի` անե՞լ, թե՞ չանել: Դրա համար եմ ասում` այս ամենը կապ չունի սոցիալական վիճակի հետ: Շաբաթը երկու անգամ հարեւաններն են իրար սատկացնում, սպանում, իսկ դա սոցիալական վիճակի խնդիր չէ, դա բարձիթողի իրավիճակի արդյունք է: Այս իրավապահ կնանիք չեն հասկանում՝ որտեղ են աշխատում: Նրանք են այս ամենի համար մեկ պատասխանատուն:
– Նախկին ՆԳ նախարար Վահե Ղազարյանին հեռացրին՝ պնդելով, որ Արփինե Սարգսյանն ավելի լավ կադր է, պրոֆեսիոնալ է: Այդպես չէ՞:
– Վահեն պրոֆեսիոնալ էր, թեպետ ամենաբարձր մակարդակի վրա չէր, սակայն նրա ժամանակ իրավիճակն ավելի լավ էր: Քրեակատարողական հիմնարկներում գիտե՞ք, թե ինչեր են կատարվում, ո՞ւմ պատճառով է իրավիճակը լարվել: Լրիվ էս կնանիք են մեղավոր` դատախազ, բանտապետ, ՆԳ նախարար, նրանց բոլորին պետք է մի տեղ հավաքել ու հարցնել` ինչո՞ւ եք իրավապահ համակարգը վերածել քաոսի: Էնքան կուզեմ նրանցից լսել հետեւյալ արդարացումը` Ալիեւն է մեղավոր….
– Ալիեւին դժվար թե մեղադրեն, կասեն՝ նախկինները՝ Քոչարյանը, Սարգսյանը, Տեր-Պետրոսյանն են մեղավոր…. Ալիեւն իրենց գործընկերն ու դաշնակիցն է:
– Քոչարյանը, այո…. որ մեկին նայում ես, անվտանգություն ունի: Ասենք՝ դեպուտատին ումի՞ց են պաշտպանում, ո՞ր երկրում եք նման բան տեսել, ո՞ր նորմալ երկրում: Չկա նման բան: Բա որ ասում են` մենք չենք ուզում, ուղղակի անվտանգությունն է դա պահանջում, էդ ո՞նց: Հոլանդիայում, Ֆինլանդիայում ու այլ երկրներում ինչպե՞ս է, որ անվտանգությունը նման բան չի պահանջում:
– Ըստ Ձեզ` ընդդիմադիր համայնքապետի սպանության գործը պատշաճ կքննե՞ն, կբացահայտե՞ն այդ սարսափելի հանցագործությունը, թե՞ ոչ:
– Հայաստանում գործ բացահայտելը բարդ բան չէ: «Չերեզ ադին» բոլորս իրար բարեկամ ենք, առաջ ո՞նց էին բացահայտում: Նույն՝ Քոչարյանի դիկտատուրայի ժամանակ` ո՞նց էին գործեր բացահայտում:
– Ո՞նց….
– Չգիտեմ ոնց, բայց բացահայտվում էր: Այնպես որ, այսօր կատարվող դեպքերի, այս խայտառակության համար մեղավոր են միմիայն իրավապահները, ուրիշ ոչ ոք, ուրիշ մեղավոր ման գալ պետք չէ: Հիմա որ մեկն ասի` Նիկոլն է մեղավոր, Նիկո՞լն է ասել՝ ոստիկանությունը բարդակ սարքեք, կամ Նիկո՞լն է ասել՝ սպանության գործը քննեք ութ տարի, ժամանակ ձգեք:
– Չի ասել՝ բարդակ սարքեք, բայց անփորձ կադրերով է համալրել կառավարությունը:
– Այո, դա եմ ասում….
Բաց մի թողեք
Ընտրությունն այսօրվա ու արդիակն տնտեսությամբ Հայաստանի միջև է
Սպանության իրական պատճառը երկրի մթնոլորտն է
Յոթուկես տարվա ղեկավար է, փոխնախագահների մակարդակն էլ չունի