27/09/2025

ՆԳՆ-ն հաստատել է տեղեկությունը․ Ծեծկռտուք, բերման ենթարկվածներ․ ի՞նչ է կատարվում Չարենցի դպրոցում

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Երևանի Չարենցի անվան դպրոցը դասադուլ է սկսում։

Նրա տեղեկություններով՝ տարրական դասարանի ծնող է նախօրեին ձերբակալվել հենց դպրոցի ներսում` ծնողի ծեծելու, ուսուցչուհուն ու տնօրենին հարվածներ հասցնելուց հետո։

Ձերբակալված ծնողն արդեն 2-րդ անգամ է իր զավակի դասընկերների ծնողների հետ ծեծկռտուքի մեջ հայտնվում, ահաբեկում ու սպառնում է մյուս երեխաներին, մի անգամ ընդհուպ ավելի ծանր հետևանքով միջադեպ է հրահրել։

Նա նշել էր, որ այս ամենի հետևանքով 2-րդ դասարանի երեխաները երեկ չեն հաճախել դպրոց, նրանց փոխարեն մայրիկներն են եկել` տնօրենին ու նրա վերադասին զգուշացնելու, որ խնդիր ունեն ու կա՛մ կտեղափոխեն իրենց երեխաներին մեկ այլ դպրոց, կա՛մ խնդրին լուծում պետք է տրվի։

ՆԳՆ-ն հաստատել է տեղեկությունը, նշելով, որ սեպտեմբերի 24-ին միջանձնային միջադեպ է տեղի ունեցել Երևանի Չարենցի անվան դպրոցում։ «Այդ կապակցությամբ ենթադրյալ տուժողը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են ենթադրյալ ֆիզիկական ներգործություն գործադրած անձի ինքնությունը, հայտնաբերել նրան ու ներկայացրել նախաքննական մարմնին»։

Ինչ վերաբերում է դպրոցի տնօրենին, ապա վերջինս ծայրահեղ նյարդային վիճակում էր և լսելով, որ զանգահարողը լրագրող է, հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալուց: Իսկ ահա Երևանի քաղաքապետարանից մեզ փոխանցեցին, որ երեխաները դպրոց չեն հաճախել այն պատճառով, որ դպրոցում ջրատարի հետ կապված խնդիրներ կան: