26/09/2025

Էժանագին բեմականացում, որի նպատակը նախ` իրական մեղավորին, կամ մեղավորներին թաքցնելն է

Վալոդյա Գրիգորյանի ողբերգական սպանությունից երկու օր անց, այսօր ոստիկանները հայնաբերել են սպանության կասկածյալին և ձերբակալել:

Առաջին հայացքից թվում է, որ բնական պրոցես է, որ եթե կա սպանված, ապա անշուշտ կա նաև մարդասպան, որին արագ բացահայտել են, սակայն հետևելով իրավապահ համակարգի գործողություններին, ոստիկանության խոսնակ Նարեկ Սարգսյանի ակտիվ գրառումներին, տպավորություն է, թե այն, ինչ տեղի ունեցավ ժամեր առաջ` խուզարկություն ենթադրյալ մարդասպանի տանը, արյունոտ իրերի հայտնաբերում` երբ պարզ էր, որ սպանությունից րոպեներ անց հենց Ախտոյանների շրջապատում եւ փետրվարին սպանված անձի շրջապատում էին մարդասպանին փնտրելու, ձերբակալություն և այլն, ոչ այլ ինչ էր, քան շոու, էժանագին բեմականացում, որի նպատակը նախ` իրական մեղավորին, կամ մեղավորներին թաքցնելն է, երկրորդ, ոչ պակաս գլխավոր հանգամանք` հանրային դժգոհությունն` ուղղված իրավապահների անարդյունավետ աշխատանքին` մեղմելը:

Եթե հաշվի առնենք նաև այն, թե ինչպես սպանությունից ժամեր անց իր վարկածն առաջ քաշեց Նիկոլ Փաշինյանը, թե օրեր առաջ ֆեյսբուքում ինչ գրառում արեց Ալեն Սիմոնյանը` համոզմունք հայտնելով, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չունի քաղաքական մոտիվ, կարող ենք ենթադրել, որ իրավապահները փորձում են ծածկադմփոց անել գործը եւ միտված չեն բացի Ախտոյանների գիծը որեւէ այլ վարկած քննելու, որովհետեւ դա ամենահարմար վարկածն է իշխանության համար:

Քաղաքական խնդիրներ լուծող ոստիկանություն եւ Քննչական, գործի քննությունը բնականոն ուղուց շեղող վարչապետ` ահա այս իրականությունում ենք մենք ապրում: