27/09/2025

Իջևանն ընդդեմ Փաշինյանի եղբոր կազմակերպության հետ համագործակցող Քոքոբելյանի ընկերության

2023 թվականին Իջեւան համայնքը` ընդդեմ Երեւանում գրանցված «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ի, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել` «նախկին վիճակի վերականգնման՝ ինքնակամ կառույցի քանդման եւ արդյունքում պատճառված վնասի հատուցման պահանջներով»։

Հրապարակ թերթը գրել է․ «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ն, որը փոքր հիդրոէլեկտրակայան է շահագործում այս տարածքում, պատկանում է գործարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի ընտանիքին։

Հիշյալ քաղաքացիական վարույթով 2023թ․ օգոստոսի 3-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նախնական դատական նիստեր են կայանում։ 2024թ․ փետրվարի 27-ին դատավոր Նարինե Անանյանը ապացուցման պարտականությունը բաշխել է դատավարության կողմերի միջեւ։ 2024 թ․ հունիսի 20-ի նիստում դատավորը որոշել է Իջեւան համայնքի ներկայացուցչի միջնորդությունը բավարարել եւ քաղաքացիական գործով նշանակել դատաէկոլոգիական եւ դատաշինարարական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետ(ներ)ին, որոնց առաջադրել են հետեւյալ հարցերը. ««Կոկ սիստեմ» ՍՊԸ-ի կողմից Լուսաձորի վարչական տարածքում եւ Խաշթառակի սահմաններում կառուցված շինությունները կառուցվել են նախագծային եւ շինարարության վերաբերյալ այլ փաստաթղթերին համապատասխա՞ն, թե՞ ոչ, եթե՝ ոչ, ապա ինչպե՞ս են դրսեւորվել այդ խախտումները»: Սույն գործով դատական նախնական վերջին նիստը կայացել է 2025թ․ սեպտեմբերի 16-ին։

Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, թե որ ինքնակամ կառույցի մասին է դատական հայցը, համայնքապետարանն ինչքան է հաշվարկել պատճառված, հատուցման ենթակա վնասը։ Համայնքի ղեկավարը պատասխանել է. «ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող Իջեւան համայնքն ընդդեմ «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ի քաղաքացիական գործով հայտնում ենք, որ «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ի «Կոկ» ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցի մի հատվածը կառուցվել է մակերեսի խախտմամբ՝ հողամասի սահմանների խախտումով, սեփականության իրավունքով Իջեւան համայնքի Լուսաձոր եւ Խաշթառակ բնակավայրերի վարչական տարածքում գտնվող հողամասերում։ Պատճառված վնասի չափը որոշելու համար գործով միջնորդել ենք նշանակել դատաապրանքագիտական փորձաքննություն»։

Խաշթառակի փոքր ՀԷԿ-ի գլխամասային հանգույցը շինարարական նորմերի խախտումներով կառուցելու դեմ բողոքում էր նաեւ Խաշթառակի փոքր ՀԷԿ-ից վերեւ գտնվող «Հեքիաթ» հանգստյան գոտու սեփականատեր Սամվել Մատինյանը, որի վկայությամբ՝ նշված խախտումների պատճառով գարնանն այդ հատվածում Աղստեւի մակարդակը բարձրանում է ու հեղեղում հանգստյան գոտու շինությունները եւ տարածքը։ Ս․ Մատինյանը, երեւի չհամակերպվելով այդ վիճակի հետ, 2025-ին վաճառել է հանգստյան գոտին։

Խաչատուր Քոքոբելյանը ՀՀ իշխանության ջերմ վերաբերմունքը վայելում էր ինչպես Սերժ Սարգսյանի օրոք, այնպես էլ վայելում է Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ: Քոքոբելյան ընտանիքը շահագործում է Ենոքավանի տարածքում գործող «Խաչաղբյուր-1», «Խաչաղբյուր-2»՝ Խաշթառակի եւ բենտոնիտի գործարանի մոտ գտնվող փոքր ՀԷԿ-երը։ Հետո «Խաչաղբյուր-1» ՀԷԿ-ն օտարել են այլ ընկերության։ Փաշինյանի իշխանության օրոք Քոքոբելյան ընտանիքն Աչաջուր գյուղի տարածքում մեծ ջերմոցներ էլ է հիմնել, որտեղ հոլանդական վարդեր են աճեցնում եւ արտահանում։ Աչաջրի հողերում Քոքոբելյաններն արքայանարնջի մեծ այգիներ են հիմնել, որոնք գտնվում են միջպետական ավտոճանապարհի հարեւանությամբ։ Թերեւս այս ամենում էական դեր է խաղացել այն, որ 2021-ից Քոքոբելյան ընտանիքի հետ գործարար սերտ կապեր է հաստատել Նիկոլ Փաշինյանի միջնեկ եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, որը 4 ընկերությունների տնօրեն է նշանակվել։ Ռուսաստանում ապրող Արմեն Փաշինյանը Հայաստան է վերադարձել եղբոր՝ վարչապետ դառնալուց հետո։

Ըստ համացանցում առկա տեղեկությունների, 2021թ․ ապրիլի 9-ին Արմեն Փաշինյանը դարձել է «Գոու թրեյդ» եւ «Մինա-Մայա» ընկերությունների տնօրենը։ «Գոու թրեյդ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2018 թ․ հունիսի 14-ին, զբաղվում է գյուղատնտեսական մեքենաների եւ սարքավորումների վարձույթով եւ լիզինգով։ Ընկերության հիմնադիրը Խաչատուր Քոքոբելյանն է։ Արմեն Փաշինյանի ղեկավարած «Մինա-Մայա» ընկերությունը շահագործում է Եղեգիս գետի վրա կառուցված «Եղեգնաձոր» եւ «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1» հիդրոէլեկտրակայանները։ 2019-ին այդ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը ձեռք է բերել Խաչատուր Քոքոբելյանի եղբայրը` Վաչիկ Քոքոբելյանը, ընկերության տնօրեն է նշանակվել Տիգրան Գեւորգյանը, որը զբաղեցնում էր նաեւ «Գոու թրեյդ» ընկերության տնօրենի պաշտոնը։

Ինչպես «Գոու թրեյդի», այնպես էլ «Մինա-Մայայի» դեպքում 2021թ․ ապրիլի 9-ին Տիգրան Գեւորգյանի փոխարեն տնօրենի պաշտոնը ստանձնել է Արմեն Փաշինյանը։ 2021թ․ ապրիլի 27-ին Արմեն Փաշինյանը դարձել է նաեւ Քոքոբելյաններին պատկանող «Արգիշտի-2» ՍՊԸ տնօրենը։ «Արգիշտի-2»-ը շահագործում է «Մարցիգետ ՓՀԷԿ-2»-ը։ 2021թ․ ապրիլի 27-ին ընկերությունը ձեռք է բերել Խաչատուր Քոքոբելյանի եղբորորդին՝ 20-ամյա Յուրի Քոքոբելյանը, եւ նույն օրն էլ Արմեն Փաշինյանին նշանակել է ընկերության տնօրեն։ 2021թ․ հոկտեմբերին Քոքոբելյանի եղբորորդու՝ Յուրի Քոքոբելյանի անվամբ ստեղծվել է «Միթ ագրո» ՍՊԸ-ն, որը զբաղվում է մսի առեւտրով։ 2022թ․ փետրվարի 19-ին «Միթ ագրո» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնում Տիգրան Գեւորգյանի փոխարեն նշանակվել է Արմեն Փաշինյանը։

Իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «համակարգային կոռուպցիան վերացվել է», եւ իր ընտանիքը նախկինների նման փող չի աշխատում: