27/09/2025

Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ստատուս-քվոն, Իսրայելն ու ԱՄՆ-ն

Իսրայելի վարչապետ Նաթանյահուն ուղևորվել է Նյու-Յորք: Թռիչքից րոպեներ առաջ նա հանդես է եկել հայտարարությամբ. «Ես տիկնոջս հետ թռչում եմ ՄԱԿ-ի Գլխավոր նստաշրջանին և Վաշինգտոն:

Գլխավոր ասամբլեայում ես կպատմեմ մեր ճշմարտությունը՝ Իսրայելի քաղաքացիների, ՑԱՀԱԼ-ի զինվորների, մեր երկրի ճշմարտությունը»,- ասել է նաև:

Նա նաև վստահեցրել է, որ կդապարտի այն առաջնորդներին, ովքեր «փոխանակ դատապարտելու մարդասպաններին եւ բռնարարներին, ցանկանում են նրանց Իսրայելի սրտում պետություն տալ, դա չի լինելու»:

Նաթանյահուն ավելի հանգամանալի խոսել է ԱՄՆ նախագահի հետ սպասվող չորրորդ հանդիպման մասին՝ ներկայացնելով այնպես, որ թե Իրանի դեմ «պատմական հաղթանակը», թե ՀԱՄԱՍ-ի դեմ «պատերազմի նպատակները» միասնական են, իսրայելա-ամերիկյան:

Նաթանյահուին կարելի է հասկանալ. Նախօրեին հայտնի է դարձել, որ Դոնալդ Թրամփը, հանդիպելով արաբական և իսլամական աշխարհի մի քանի ազդեցիկ երկրների առաջնորդների և պաշտոնական ներկայացուցիչների հետ, նրանց խոստացել է թույլ չտալ, որ Իսրայելն օկուպացնի Հորդանանի արևմտյան ափի տարածքները:

Միաժամանակ Թրամփն այդ հանդիպմանը հրապարակայնացրել է Գազայի կարգավորման ամերիկյան նոր ծրագիրը, որ, ինչպես իսրայելական մամուլն է փոխանցում՝ հղելով արաբական աղբյուրներին, բաղկացած է քսանմեկ կետից: Մանրամասնություններ հայտնի չեն: Ընդհանուր առմամբ դա կարելի է համարել «Պաղեստինի պետականության պահպանման» ամերիկյան նախագիծ:

Ըստ տեղեկատվական արտահոսքի, ԱՄՆ-ը Գազայում նախատեսում է ունենալ արաբական երկրների և Պաղեստիննի ազգային վարչակազմի համատեղ կառավարում, իսրայյելական զորքերի փուլ առ փուլ հեռացում եւ վերականգնողական-ներդրումային տասնյալկ խոշոր գործարքներ, որ, անշուշտ կկնքվեն առաջին հերթին հենց ամերիկյան ընկերությունների հետ:

Արդյոք «Պաղեստինը փրկելու» ամերիկյան նախագիծը միայն տնտեսակա՞ն իմաստ և նշանակություն ունի, թե խնդիրն ավելի խորքային է: Տպավորություն է, որ Դոնալդ Թրամփը մտահոգված է, որ Իսրայելի «սիոնիստական էքսպանսիան» կհանգեցնի արաբական աշխարհի հետ ԱՄՆ հարաբերությունների բարդացմանը և աշխարհաքաղաքական վակուումը կլցնեն այլ ուժեր՝ Չինաստանի կամ Ռուսաստանի առաջնորդությամբ կամ ռուս-չինական համաձայնությամբ:

Այս իմաստով եթե ԱՄՆ-ին հաջողվի պահել Պաղեստինի խաղաքարտը, ապա Մերձավոր Արևելքից նրա ազդեցությունը կտարածվի նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում:

Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալում է Թուրքիայի նախագահ Էրդողանին: Այդ բանակցությունների արդյունքը կարող է կանխորոշել Մեծ Մերձավոր Արևելքի և նրա մաս կազմող Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ստատուս-քվոն: