26/09/2025

Ոչ Վալոդյա Գրիգորյանը, ոչ նրա եղբայրը կապ չունեն այդ սպանության հետ, անմտություն է այն վարկածը, որ վենդետա է տեղի ունեցել

«Հրապարակի» զրուցակիցը «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն է:

– Պարոն Առաքելյան, այսօր իրավապահները խուզարկում էին ոմն` Նարեկ Օհանյանի առանձնատունը, ասում են, որ ինչ-որ արյունոտ, կիսաայրված վիճակում ձեռնոցներ և այլ իրեղեն ապացույցներ, սակայն այս ամենի տպավորություն է, թե ոստիկանները փորձում են հասարակության աչքին թոզ փչել և հանրային պարսավանքից խուսափելու նպատակով իմիտացիա են ստեղծում, թե իբրև երկու օրվա ընթացքում կարողացան գտնել մարդասպանին: Ի՞նչ եք կարծում Դուք` ի՞նչ կապ կարող է ունենալ ոմն Նարեկ Օհանյանը Վալոդյա Գրիգորյանի դաժան սպանության հետ:

– Տեղեկություններ առանձնապես չունեմ, այն է, ինչ բոլորը գիտեն: Հուսով ենք, որ իրավապահները կգործեն և արդար ընթացքի արդյունքում մեղավորները կբացահայտվեն: Շատ կարևոր է, որ ոչ միայն սպանություն կատարող անձը բացահայտվի, այլև` կազմակերպիչների շրջանակը, պատվիրատուները…. ես կարծում եմ, որ բացի մարդասպան ստահակից, կան նաև անձինք, ովքեր այս ամենը կազմակերպել են:

– Այսինքն` Դուք ևս այն կարծիքն եք, որ վարձու մարդասպան է եղել տվյալ անձը, սակայն իրավապահները փորձում են տպավորություն ստեղծել, թե ոմն Նարեկ Օհանյանն է մարդասպանը:

– Չեմ կարող պնդել, վարձու մարդասպա՞ն է եղել, թե՞ ոչ, չեմ կարող նաև ասել, թե ինչ մոտիվներ է ունեցել մարդասպանը, սակայն իմ ենթադրությունն այն է, որ սա մեկի անձի կողմից իրականացրած հանցագործություն չէ, այստեղ այլ մարդիկ էլ կան: Վալոդյան որևէ մեկի հետ, որևէ անձնական խնդիր չի ունեցել, անգամ տարաձայնություններ չի ունեցել, ես բացառում եմ, որ ինչ-որ մեկը անձնական հարց է ունեցել Վալոդյայի հետ:

– Իսկ փետրվարին տեղի ունեցած հայտնի սպանությունը, որ կապում են Վոլոդյա Գրիգորյանի եղբոր հետ և պնդում, որ տեղի ունեցածը վենդետա է:

– Ոչ Վալոդյա Գրիգորյանը, ոչ նրա եղբայրը կապ չունեն այդ սպանության հետ, անմտություն է այն վարկածը, որ վենդետա է տեղի ունեցել: Նրանք ոչ մի կապ չունեն այդ սպանության հետ: Եթե այդ մարդիկ ոչ մի կապ չունեն այդ սպանության հետ, որտե՞ղ է վենդետայի տրամաբանությունը: Ինչ վերաբերում է կասկածյալին, ես նրան չեմ ճանաչում, չեմ կարող ոչինչ ասել նրա մասին:

– Իրավապահները ասում են, որ իրեղեն ապացույցներ են գտել, ի՞նչ եք կարծում` մարդասպանն իսկապե՞ս այդքան միամիտ ու փնթի էր, որ իրեղեն ապացույցները չվերացներ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե որքան «մաքուր» է աշխատել ու ոչ մի հետք չի թողել սպանության վայրում:

– Դժվար է ինչ-որ բան ասելը, հուսանք իրավապահները կկատարեն պատշաճ աշխատանք և ամեն ինչ կներկայացնեն հանրությանը:

– Ո՞վ է փոխարինելու Վալոդյա Գրիգորյանին: Ի՞նչ է ասում օրենքն այս մասով: Կուսակցությունում քննարկե՞լ եք այս հարցը:

– Օրենքը 14 օր ժամանակ է տալիս: Մեզ համար ծանր ու անձնական ողբերգություն է տեղի ունեցել: Այդ ընթացքում կքննարկենք, կհասկանանք: Փաստն այն է, որ Վալոդյայի սկսած աշխատանքը մենք միանշանակ շարունակելու ենք: Նրա բոլոր մտքերը, երեզանքները և գաղափարները իրականացնելու ենք: Անելու ենք առավելագույնը….

– ՔՊ-ն սովորություն ունի համայնքերում իշխանություն զավթելու: Հնարավո՞ր է Փարաքարում էլ հաջողվի նրանց, վստա՞հ եք, որ դավաճաններ չեն հայտնվի ավագանիում:

– Նման մտահոգություն չունենք: Մեր թիմը մեծամասնություն է ավագանիում: Համայնքապետը լինելու է ավագանու կազմից: