27/09/2025

Տեր-Պետրոսյանի անգամ մի քանի բառից բաղկացած միտքը փոթորկում է ողջ քաղաքական դաշտը

Սեպտեմբերի 24-ին Մաշտոցի անվան մատենադարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության հիմնադիր-նախագահ, Մատենադարանի երկարամյա աշխատակից Լեւոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված միջազգային գիտական նստաշրջան։

Գիտական զեկուցումները վերաբերում էին հայագիտության այն բնագավառներին, որոնք Լեւոն Տեր-Պետրոսյանի ուսումնասիրությունների առարկան են եղել, այն է՝ միջնադարում հայ-ասորական հարաբերություններին, Կիլիկյան Հայաստանի պատմությանը, հայ ինքնուրույն եւ թարգմանական մատենագրությանը։

Նստաշրջանի մասնակիցների թվում էին արտասահմանյան նշանավոր գիտնականներ Ալեքսանդր Խոսրոեւը (ՌԴ ԳԱ Արեւելյան ձեռագրերի ինստիտուտ), Իգոր Դորֆման Լազարեւը (Սոֆիայի համալսարան), Էնդի Հիլկենսը (Վիեննայի համալսարան), Կլոդ Արմեն Մութաֆյանը (Ֆրանսիա), գիտնականներ Մատենադարանից, ՀՀ ԳԱ Պատմության ինստիտուտից, Հայաստանի ամերիկյան համալսարանից։

Նստաշրջանը ողջույնի խոսքով բացել է Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Վահե Թորոսյանը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի գիտական ժառանգությունը ներկայացրել է պատմական գիտությունների դոկտոր, Մատենադարանի նախկին տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը։

Նստաշրջանին, բնականաբար, ներկա էր նաեւ հոբելյարը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նախագահը շփվել է իր վաղեմի գիտնական գործընկերների, գիտաժողովի մասնակիցների, անգամ՝ լրագրողների հետ։

Նստաշրջանի վերջում Լեւոն Տեր-Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Մատենադարանի տնօրինությանը, շնորհակալությամբ հիշել իր ուսուցիչների եւ գիտնական գործընկերների անունները, մի քանի մանր հուշապատումներ պատմել Մատենադարանի տարիներից։

«Հրապարակը» զրուցել է միջոցառման մասնակիցներից մեկի` լեզվաբան, նախկին լրագրող, այժմ հոգեւոր ճեմարանի դասախոս Ալվարդ Բարխուդարյանի հետ: 

– Ի՞նչ տպավորություններ ունեք միջոցառումից: Ինչպե՞ս անցավ այն` Ձեր կարծիքով:

– Միջոցառումն անցավ շատ սիրուն, որովհետեւ այն նվիրված էր Լեւոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին: Մենք դեռ ուսանող էինք, երբ Լեւոնն արդեն ասպիրանտ էր, եւ մենք նրան ճանաչում էինք արդեն որպես երիտասարդ գիտնականի: Կոնֆերանսի մասնակիցները հիմնականում գիտական ասպարեզի մարդիկ էին: Անշուշտ, քննարկումներ եղան նաեւ Տեր-Պետրոսյանի հրատարակած գրքերի մասին: Նա, ինչպես գիտենք, գիտությամբ է զբաղվում: Այն հետաքրքիր էր բոլորիս համար, քանի որ մենք մասնագետներ ենք, ես` ինքս, հին հունարենի եւ լատիներենի մասնագետ եմ: Հնչեցին ողջույնի եւ շնորհավորանքի խոսքեր` համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների կողմից: Լեւոն Տեր-Պետրոսյանը մի հետաքրքիր բան պատմեց…. պատմեց, որ կոմունիստական շրջանում բավականին բարդ բան էր, որ դրսից Հայաստան գիտնականներ գային, սակայն իր աշխատելու տարիներին բազում գիտնականներ եկան Հայաստան եւ դարձան ոչ միայն հայագետներ, այլեւ Հայաստանը սիրող մտավորականներ: Նա շատ բարձր գնահատեց նման մասնագետների մուտքը Հայաստան՝ կարեւորելով նրանց թողած ավանդը:

– Տեր-Պետրոսյանի՝ անգամ մի քանի բառից բաղկացած միտքը փոթորկում է ողջ քաղաքական դաշտը եւ հաճախ հենց իշխանության ներկայացուցիչներին հունից հանում է: Ինչո՞ւ:

– Անձով է պայմանավորված դա, անշուշտ: Երեւացող մարդիկ միշտ էլ քարկոծվում են: Լեւոն Տեր-Պետրոսյանը մեր առաջին նախագահն է, որի օրոք ունեցել ենք մեծ նվաճումներ, իհարկե, դժվարություններ էլ ենք ունեցել, սակայն ձեռքբերումները եղել են տեսանելի: Նա երեւացող անձ է մեր պատմության մեջ եւ այդպիսին էլ կմնա: Կարծում եմ` նա հանդարտ է վերաբերվում իր դեմ հնչող խոսքերին: Մենք երբեմն նրա հետ առիթ ունենում ենք շփվելու, նա երազում է՝ գան այնպիսի ժամանակներ, որ զբաղվի բացառապես գիտությամբ: Աստված նրան առողջություն թող տա եւ երկար տարիների կյանք: Քաղաքականությամբ զբաղվող մարդիկ միշտ էլ քարկոծվում են եւ արժանանում հարվածների, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ ամենը տանում է արժանապատվորեն:

– Մարդիկ նկատել էին, որ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը չէր բարեհաճել անգամ դիմավորել հիմնադիր նախագահին:

– Ես էլ նկատեցի, սակայն, անկեղծ ասած, այդքան կարեւորություն չեմ տալիս դրան: Ներկա էր գիտքարտուղարը եւ էլի բազմաթիվ աշխատողներ ներկա էին: Ես չեմ կարեւորում այդ ամենը: Միջոցառումը տեղի է ունեցել Մատենադարանում, այն մի կառույց է, որի համար շատ բան է արել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մենք՝ բոլորս, շատ ուրախացանք, որ այդ միջոցառումը տեղի է ունեցել հենց Մատենադարանում: Անկախ այն բանից, թե ինչպես ենք վերաբերվում կառավարությանը, միջոցառումը տեղի ունեցավ Մատենադարանում, դա ճիշտ քայլ էր: Ներկա էին տարբեր գիտնականներ, օրինակ` Ալեքսանդր Խոսրոեւը, որը մեծ գիտնական է եւ ընկերն է Տեր-Պետրոսյանի: