27/09/2025

«Մենք»-ը նոր հարթակ է գտել, հանդիպումը կայացել է․ Լուսանկար

Նախորդ շաբաթ բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր.

«Ես Սովետում եմ ծնվել ու մեծացել, բայց մաշկիս վրա ցենզուրայի դանակը ոչ մի անգամ չէի զգացել։ Էսօր զգացի։ Իլիկի Անահիտը մի քիչ առաջ քնքուշ նամակ գրեց ինձ եւ ասեց, որ չեղարկում ա վաղը կայանալիք մեր ՄԵՆՔ-ի հավաքը՝ «վերնագրի» պատճառով։ Ձեռքերս դողում են, շատ երկար գրել չեմ կարող։ Դժվար օրեր են գալիս, հայրենակիցներ, «Իրական» Հայաստանում սառնամանիքներ են լինելու»:

Պարզվեց՝ խոսքը հետեւյալ «վերնագրի» մասին է. «Ո՞նց անենք, որ եկող ընտրություններում հաղթի ոչ թե Նիկոլի թիմը, այլ՝ ՄԵՆՔ»:

Մենք այդ օրերին զրուցել էինք «Իլիկ» սրճարանի հիմնադիր-տնօրեն Անահիտ Սահակյանի հետ, որը պնդել էր, որ իրեն ոչ ոք չի սպառնացել եւ ոչինչ չի պարտադրել, պարզապես ինքն այդպես է ցանկացել, այդպես է վարվել, որովհետեւ ուզում է բազմակարծություն ապահովել, միակողմանի զրույցի համար հարթակ չտրամադրել, եւ իր հետ նախապես համաձայնեցված չի եղել հավաքի թեման: Մենք հետաքրքրվեցինք, թե, ի վերջո, «Ո՞նց անենք, որ եկող ընտրություններում հաղթի ոչ թե Նիկոլի թիմը, այլ՝ ՄԵՆՔ» խորագրով հավաքը կայացա՞վ:

Մարինե Պետրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում միայն նշեց, որ «Մենք»-ի հերթական հավաքը տեղի է ունեցել, սակայն, որքան էլ որ տարօրինակ թվա, ընդդիմադիր եւ համարձակ թվացող բանաստեղծը խուսափեց ասել, թե որտեղ են այն հրավիրել, հավանաբար՝ այն մտավախությամբ, որ «Իլիկի» պատմությունը կարող է կրկնվել, կամ էլ՝ նոր հարթակը տրամադրողներն են գուցե նման նախապայման դրել, որ հավաքներն անցկացնեն գաղտնի: Սակայն մեր աղբյուրներից պարզեցինք, որ «Մենք» ակումբն օրեր առաջ հերթական հավաքն է անցկացրել «Ռիո Մոլ»-ում գործող «Բրանչ» սրճարանում:

«Հրապարակ». «Մենք»-ը նոր հարթակ է գտել