ՄԱԿ-ը սեպտեմբերի 27-ին վերականգնել է Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն և այլ պատժամիջոցներ՝ եվրոպական առանցքային տերությունների նախաձեռնած գործընթացից հետո, հայտնում է Reuters-ը։
ՄԱԿ-ի պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Անվտանգության խորհրդի կողմից 2006-2010 թվականներին ընդունված բանաձևերով, վերականգնվել են չնայած նրան, որ այս շաբաթ ՄԱԿ-ում համաշխարհային առաջնորդների ամենամյա հանդիպման շրջանակներում Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցների վերականգնումը հետաձգելու փորձերը ձախողվել էին։
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնել էին Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումը՝ երկրին մեղադրելով միջուկային ռումբի մշակման դադարեցմանն ուղղված 2015 թվականի համաձայնագիրը խախտելու մեջ։
Իրանը հերքում է, որ ձգտում է միջուկային զենք ստեղծել։
Իրանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Չինաստանի կողմից սկզբնապես համաձայնեցված տասնամյա միջուկային գործարքի դադարեցումը, հավանաբար, կհանգեցնի Մերձավոր Արևելքում լարվածության սրմանը՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծումից ընդամենը մի քանի ամիս անց։
Եվրոպական տերությունները առաջարկել էին հետաձգել պատժամիջոցների վերականգնումը մինչև վեց ամսով՝ երկարաժամկետ գործարքի շուրջ բանակցությունների հնարավորություն ընձեռելու համար, եթե Իրանը վերականգնի ՄԱԿ-ի միջուկային տեսուչների մուտքը, վերացնի հարստացված ուրանի պաշարների վերաբերյալ մտահոգությունները և բանակցություններ սկսի Միացյալ Նահանգների հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ հասկացրել է, որ դիվանագիտությունը դեռևս տարբերակ է Իրանի համար, և գործարքը մնում է լավագույն արդյունքն իրանցի ժողովրդի և ողջ աշխարհի համար: Այս մասին ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնումից հետո իր հայտարարության մեջ նշել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Դա տեղի ունենալու համար Իրանը պետք է համաձայնի բարեխիղճ, առանց ձգձգումների և խաբեության անցկացվող ուղիղ բանակցություններին», – ասել է նա՝ ընդգծելով, որ մինչև նոր գործարքի կնքումը կարևոր է, որ երկրները անհապաղ պատժամիջոցներ կիրառեն, «որպեսզի ճնշում գործադրեն իրանցի ղեկավարների վրա՝ անելու այն, ինչ ճիշտ է իրենց ազգի համար, և այդպես ավելի լավ կլինի ողջ աշխարհի անվտանգության համար»։
Սեպտեմբերի 25-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հայտարարել է, որ Իրանը միջուկային զենքի պլաններ չունի:
«Թեհրանը հույս ունի, որ պատժամիջոցների ավտոմատ շարունակականության ապահովումը չի ակտիվանա. եթե դա տեղի ունենա, Իսլամական Հանրապետությունը պատրաստ կլինի արձագանքե: Ես այս ժողովին կրկին հայտարարում եմ, որ Իրանը երբեք չի ձգտել միջուկային զենք մշակել և երբեք էլ չի անի դա: Մենք չենք ձգտում միջուկային զենք մշակել, և սա հավատքի և մեր առաջնորդի ֆաթվայի հարց է (կրոնական որոշում, որն արգելում է Իրանում զանգվածային ոչնչացման բոլոր տեսակի զենքերի արտադրությունը, որը մտցվել է 2005 թվականին), հետևաբար, մենք երբեք չենք ձգտել մշակել զանգվածային ոչնչացման նման զենք և չենք էլ անի դա», – ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից վստահեցրել է Փեզեշքիանը։
Բաց մի թողեք
Մոլդովայում խորհրդարանական ընտրություններ են. պայքարի մեջ է 15 կուսակցություն
Զելենսկու ծննդավայրում սպանել են նախագահին
Ռոք խմբի նկատմամբ սանկցիաներ են կիրառվել