«Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ակնհայտորեն փորձում է այնպես անել, որ Փարաքարի ընտրված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի եւ նրա ընկեր, ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանի սպանությունները համարվեն վենդետա` իսպառ փակելով մյուս հնարավոր վարկածների թեման՝ մաքրելով ՔՊ-ական Ախտոյան եղբայրներին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ Հ1-ով կազմակերված հարցազրույցի ժամանակ քաղաքականապես ուղղորդված հարցազրուցավարը խիստ պասիվ էր, մի քանի հարց հնչեցրեց, որին պատասխանելիս Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանն ընդգծեց, թե սեպտեմբերի 23-ին կատարված դաժան սպանությունը վենդետա է: Հետո` փորձեց իրեն ուղղել, թե քննությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ բոլոր հարցերի պատասխանները հանրությունը ստանա:
Այս առիթով անհրաժեշտ ենք համարում հրապարակավ հնչեցնել հարցեր Քննչական կոմիտեի ղեկավարին, որը նախընտրեց ոչ թե մամուլի ասուլիս անել եւ պատասխանել գոյություն ունեցող իրական հարցերին, այլ մենախոսել Հ1-ով:
Պարզվեց նաեւ սպանություն կատարող անձի ինքնությունը, ով սկզբնական շրջանում գտնվում էր փախուստի մեջ, այնուհետեւ հայտնաբերվեց, կալանավորվեց, նրա նկատմամբ էլ գործը հունիսին ուղարկվեց դատարան:
Վեճի առարկան նախաքննությամբ հաստատվել է, որ առաջացել է ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ առաջացած վեճը, որի արդյունքում կողմերից մեկը ծեծի է ենթարկում մյուս կողմին, եւ դրանից հետո տեղի է ունենում իմ մատնանշած դեպքը, երբ հավաքվում են եւ տեղի է ունենում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանվում է Գրիգոր Օհանյանը, մեկ անձ էլ հրազենային վիրավորում է ստանում: Դարձյալ վեճի շարժառիթը իմ մատնանշած հանգամանքն է:
ՔԿ-ի կողմից ներկայացված կալանքի 13 միջնորդություններից միայն 6-ն է բավարարվել սկզբնական շրջանում, իսկ վերջում, միայն 3 անձի կալանքով է գործը դատարան ուղարկվում, հետագայում նրանց խափանման միջոցները փոխվում են:
Մենք ունեինք տվյալներ, որ կողմերի միջեւ կան լարված փոխհարաբերություններ, որը հնարավոր է ծանր հետեւանքների հանգեցնի: Արվել են համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ ….»:
Հարցեր Քննչական կոմիտեի ղեկավարին.
Հարց 1. Պարո՛ն Պողոսյան, ո՞ւմ միջեւ կար լարված հարաբերություն. հնչեցրե՛ք հստակ անուններ՝ ի՞նչ նկատի ունեք «կողմեր» ասելով:
Հարց 2. Ինչո՞ւ ոչ մի խոսք չասացիք ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանի մասին, ինչո՞ւ էր նրա տան լուսամուտի տակ տեղի ունեցել փետրվարի 5-ի ծեծկռտուքը, եթե չկար իշխանական կուսակցության ներկայացուցչի մասնակցությունը որեւէ կերպով:
Հարց 3. ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող կայքը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ այդ օրը հարձակում է եղել համայնքի ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա: Փետրվարի 5-ին սպանվածի եղբայրը նույն ԶԼՄ-ի հետ զրույցում ասում է, որ հարձակում էր Մհեր Ախտոյանի տան վրա, եւ իրենք չեն թողել, որ Մհերը դուրս գա: Իրենք եղբայրներով են դուրս եկել եւ տեսել զինված մարդկանց` այդ թվում եւ Վալոդյա Գրիգորյանի կրտսեր եղբորը` Պայքար Գրիգորյանին: Իսկ դուք ասում եք` ավտոմեքենան արագ վարելու թեմա էր. քննության ընթացքում տուժողի պնդումները արդյո՞ք հերքվել են:
Հարց 4. Ինչո՞ւ է սեպտեմբերի 23-ի սպանության գործով հարցաքննվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, Փարաքարի ավագանու անդամ Դավիթ Ախտոյանը, եթե նա կամ նրա՝ Հայաստանում չգտնվող եղբայրը` Մհերը, Վալոդյա Գրիգորյանի սպանության հետ առնչություն չունի:
Սպանության ենթադրյալ պատվիրատուի վարկած քննվո՞ւմ է, ո՞վ կամ ովքե՞ր կարող են դիտարկվել որպես այդպիսին. պատվիրատուի վերաբերյալ որևէ տեղ նշված չէ:
Հարց 5. Սպանությունների դեպքից հետո Ձեր հրամանով Արմավիրի մարզային քննչական վարչության պետն ազատվել է պաշտոնից: Ինչո՞ւ է նա հեռացվել, եթե Դուք հայտարարում եք, որ փետրվարի սպանությունը բացահայտելու համար նախաքննությունը հանձնարարել եք ՔԿ ՀԿԳ վարչությանը, ստեղծել եք նախաքննություն կատարող քննիչների խումբ, որոնց աշխատանքից գոհ եք, դատարաններն են մեղավոր:
Հարց 6. Արդյո՞ք Արմավիրի պետին աշխատանքից ազատելով՝ Դուք կատարել եք պոպուլիստական քայլ` ընդառաջ գնալով ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան գրառմանը, որ կլինեն հետեւություններ, ենթադրաբար նաեւ պաշտոնանկություններ. ուստի զոհաբերեցիք Արմավիրի վարչության պետին, որ ասելու բան ունենաք:
Հարց 7. Եթե փետրվարի 5-ի սպանության գործի քննչական խմբի ղեկավարից եւ կամ ՀԿԳ վարչության պետի աշխատանքից դուք այդքան գոհ եք, ի՞նչ հիմքով եք պնդում, որ վենդետա է եղել: Եթե բոլորը օրենքով իրենց հասանելիք պատիժը, ըստ Ձեզ, ստացել են, ինչո՞ւ պետք է մյուս կողմը անարդարության զգացողություն ունենար եւ վենդետա իրականացներ` սպանելով փետրվարի 5-ի սպանության հետ որեւէ առնչություն չունեցած Վալոդյա Գրիգորյանին:
Հարց 8. Եթե քննությունը տեղի է ունեցել օբյեկտիվ, բազմակողմանի, ինչու էր սպանվածի եղբայրը սպանությունից հետո Նիկոլ Փաշինյանի ընտանեկան ԶԼՄ-ին փաստացի բողոքում քննության ընթացքից, Ձեր ուշադրությունը հրավիրում տարբեր հանգամանքների վրա:
Հարց 9. Ողջ զրույցի ընթացում ո’չ լրագրողը, ո’չ Քննչական կոմիտեի ղեկավարը չխոսեցին այն մասին. իսկ գուցե սպանություն կատարողը ունեցել է ա՞յլ շարժառիթ եւ փորձել է կյանքից զրկել ոստիկանության օպերլիազորին, որը սկզբունքային, ազնիվ եւ համարձակ ոստիկան է եղել: Ավելին՝ կայքերում հրապարակումներ կային, որ նա է նախկինում խուզարկել Օհանյանների տունը, ինչը դուր չի եկել Նարեկ Օհանյանին: Այս վարկածը արդյո՞ք որեւէ կերպ քննարկվում է Քննչական կոմիտեում, թե՞ հանցանք կատարողի տված ցուցմունքը միայն բավարար է որեւէ վարկած պնդելու համար:
Հարց 10. Այդ օրը վիրավորված Արծրուն Գալստրյանի երկու որդիները անցնում են փետրվարի 5-ի սպանության գործով, գտնվում են տնային կալանքի տակ. իսկ գուցե հանցագործը հետապնդել է Արծրուն Գալստյանի՞ն, կրակել նրա՞ ուղղությամբ, բայց սպանվել են Վալոդյա Գրիգորյանն ու Կարեն Աբրահամյանը, թե՞ հանցանք կատարողի տված ցուցմունքը միայն բավարար է որեւէ վարկած պնդելու համար:
Հարցեր էլի կան: Հաջորդ 10 հարցերը կհնչեցնենք այս պատասխանները ստանալուց հետո»:
Բաց մի թողեք
Անպատկառություն
«Չինգաչունգ» են անում ծառայողական մեքենաների համար
Էդմոն Մարուքյանը դատի է տվել ՀՀ կառավարությանը