16/10/2025

Պուտինը դեռ կարողանում է մերժել Թրամփին, որովհետև ԱՄՆ նախագահ «նե նաստայաշչի»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաքաղաքացիներին շնորհավորել է «Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի Ռուսաստանին միավորվելու օրվա» առթիվ:

Ուղերձի տեքստը հատվածաբար ներկայացնում են Ռուսաստանի պաշտոնական լրատվամիջոցները: Վլադիմիր Պուտինը երկրի քաղաքացիներին ներշնչում է, որ երեք տարի առաջ «Դոնբասի և Նովոռուսիայի բնակիչները ինքնուրույն որոշել են իրենց ապագան՝ անցկացնելով հանրաքվեներ և իրականություն են դարձրել այն երազանքը, որով ապրել են երկար տարիներ, կայացրել բախտորոշ վճիռ՝ լինել հայրենիքի հետ»:

Ըստ Պուտինի, այսօր «ամբողջ երկիրն արդարացի ճակատամարտ է մղում՝ պաշտպանելով այդ ռեգիոնների բնակիչների ընտրությունը, գրոհի են նետվում զինվորները և հրամանատարները, միասին մենք պաշտպանում ենք պատմական ճակատագրի միասնությունը, կռվում և հաղթում ենք՝ պահպանելու ազգային շահերը, ընդհանուր արժեքները, ռուսաց լեզուն, ավանդույթները, մշակույթը և հավատը»:

Կարելի է ասել, որ Ռուսաստանի նախագահի այս ծայրահեղ ազգայնական և ռազմաշունչ դիմումը փակում է ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հետ մեկուկես ամիս առաջ Ալյասկում ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների էջը:

Վլադիմիր Պուտինը փաստացի գծում է այն սահմանները, որոնց հասնելու դեպքում կարող է համաձայնել կրակի դադարեցմանը: Պուտինի ուղերձում խոսք չկա Ղրիմի մասին, նա շեշտադրում է Ռուսաստանին Դոնբասի և «Նովոռուսիայի միավորումը» և բացահայտում, որ Խերսոնի և Զապորոժիեի մարզերից հրաժարվելու մտադրություն չունի:

Ռուսաստանի նախագահի ուղերձը երկրի քաղաքացիներին ներշնչում է, որ Ուկրաինայում պատերազմը շարունակվելու է, պետք է պատրաստ լինել նոր զոհողությունների և զրկանքների, իսկ միջազգային հանրությանը Վլադիմիր Պուտինը բաց տեքստով հասկացնում է, որ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորումը միայն մի բան է նշանակում՝ Դոնբասի և Խերսոնի ու Զապորոժիեի մարզերից Կիևի կամավոր հրաժարում:

«Նեզավիսիմայա գազետա»-ի մեկնաբանի գնահատմամբ՝ Միացյալ Նահանգների նախագահի հետ կապված հույսերը «Կրեմլում չեն արդարացել»: