Սեպտեմբերի 9-ին արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը եւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ներկա էին ստացիոնար բժշկական ստորաբաժանման բացմանը։
Հրապարակ թերթը գրել է․ Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ Սրբուհի Գալյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է անազատության մեջ գտնվող անձանց համար նոր բժշկական հաստատության ստեղծման կարեւորությունն ու անհրաժեշտությունը։
Նախարարի խոսքով՝ նոր բժշկական հաստատության ստեղծումն արդարադատության նախարարության ռազմավարական խնդրի լուծումն է, որը ծառացած էր դեռ 2019 թվականից։ Սրբուհի Գալյանը նշել է, որ այս բժշկական հաստատությունը նոր հնարավորություն է՝ նոր որակի բժշկական ծառայություններ մատուցելու անազատության մեջ գտնվող անձանց համար։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եւս խոսքով է հանդես եկել՝ նշելով, որ երկու գերատեսչությունների՝ առողջապահության եւ արդարադատության նախարարությունների համատեղ աշխատանքի շնորհիվ, ազատազրկված քաղաքացիներին պատշաճ բուժծառայություններն արդեն հասանելի կլինեն հենց քրեակատարողական հիմնարկներում: Բացման միջոցառմանը ներկա են գտնվել նաեւ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանը, ԱԺ պատգամավորներ, Արմավիրի մարզպետը։
Արդարադատության նախարարության մեր աղբյուրը փոխանցում է, որ այս ստորաբաժանման բացումից առաջ լարվել են Գալյանի եւ Ավանեսյանի հարաբերությունները։ Բանն այն է, որ Անահիտ Ավանեսյանը աշխատանքների ընթացքում նախապես չի հանդիպել Գալյանի հետ, այդ ստորաբաժանման հետ կապված հարցերը չի քննարկել, հարցուփորձ չի արել՝ ինչպես անել, ինչպես կահավորել, առաջնահերթ ինչ է անհրաժեշտ եւ այլն: Իր անձի նկատմամբ այդ քամահրական վերաբերմունքից Գալյանը նեղսրտել է։
Ի դեպ, նախարարությունում նաեւ խոսում են, որ Անահիտ Ավանեսյանը վերեւից է նայում Գալյանին: Եվ ասում են, որ դա պայմանավորված է իր քաղաքական կարգավիճակով․ ինքը ՔՊ-ական է, պատրաստվում էր ՔՊ վարչության անդամ դառնալ, մինչդեռ Գալյանը նոր-նոր է նախարար դարձել եւ ուզում է «տանտիրոջ» իրավունքով որոշումներ կայացնել` առողջապահության նախարարին իրեն ենթարկեցնել։ Կրակի վրա յուղ է լցրել նաեւ այն, որ ստորաբաժանման բացման օրվա վերաբերյալ արդարադատության նախարարին տեղյակ են պահել ընդամենը մեկ օր առաջ։
Առողջապահության նախարարությունից մեր հարցին ի պատասխան, թե երբ է նախարարին տեղյակ պահվել բացման արարողության մասին, արձագանքեցին․ «Համատեղ կատարված աշխատանք է, այդ շինարարական ամբողջ ընթացքում գնացել ենք, հետեւել ենք, օր ենք նշանակել բացման, քրեակատարողական ՊՈԱԿ-ն առողջապահության նախարարության տիրույթում է»։
Ըստ ամենայնի, Անահիտ Ավանեսյանի տրամադրվածության վրա ազդել են նաեւ այն լուրերը, թե Սրբուհի Գալյանի աշխատանքից Նիկոլ Փաշինյանը դժգոհ է, եւ անգամ քննարկվում է նրա պաշտոնանկության հարցը։
Բաց մի թողեք
Անպատկառություն
«Չինգաչունգ» են անում ծառայողական մեքենաների համար
Էդմոն Մարուքյանը դատի է տվել ՀՀ կառավարությանը