«Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչությունը լեհական հատուկ ծառայությունների հետ սադրանքի նոր սցենար է մշակել»,- ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի պետական գործակալությունը, այդ մասին «իմացել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունում»:
Ըստ այդմ, Կիևը «նախապատրաստվում է Լեհաստանի տարածք «նետել» դիվերսիոն-հետախուզական խմբեր, որ, իբր, կազմավորված կլինեն Ռուսաստանի և Բելառուսի հատուկ նշանակության ստորաբաժանումներից»:
ՌԴ ԱԴԾ գնահատմամբ, «իրականում այդ խմբերը կկազմավորվեն Ուկրաինայի կողմից կռվող «Ազատ Ռուսաստանի լեգեոն» և բելառուսական «Կ. Կալինովսկու անվան» գնդի գրոհայիններից»:
ՌԴ ԱԴԾ-ում ենթադրում են, որ այդ խմբերը «կհարձակվեն Լեհաստանի կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների վրա, լեհական հատուկ ծառայությունները շատ արագ կբացահայտեն և կկանխեն նրանց գործողությունները, հետո վարձկանները մամուլի ներկայությամբ կհայտարարեն, որ կատարում էին Ռուսաստանի և Բելառուսի հատուկ ծառայությունների հանձնարարությունը»:
Այդպիսով, ինչպես եզրակացնում են Ռուսաստանի ԱԴԾ –ում, Լեհաստանը «կարող է Ռուսաստանի դեմ կոշտ քայլերի դիմել, ընդհուպ մինչև ռազմական»: ԱԴԾ-ն համարում է, որ «Կիևի վարչախումբը, պարտվելով մարտադաշտում, պատրաստ է անգամ ռազմական բախում հրահրելու միջոցով Եվրոպայի երկրներին ներքաշել Ռուսաստանի հետ առճակատման մեջ»:
ՌԴ ԱԴԾ-ն այս բովանդակությամբ մամուլի հաղորդագրություն տարածել է նույն օրը, երբ Վլադիմիր Պուտինը «Դոնբասի և Նովոռուսիայի միավորման օրվա» առթիվ ուղերձ է հղել և միջազգային հանրությանը բաց տեքստով իրազեկել, որ ուկրաինական պատերազմը շարունակվելու է այնքան, մինչև ամբողջական Դոնբասը, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը «չազատագրվեն»:
Ժամեր անց Ուկրաինայի Պետական անվտանգության ծառայությունը հայտնել է Ստավրոպոլի երկրամասում «Ռոստգվարդիայի» մի փոխգնադապետի և ևս երկու սպայի «չեզոքացման հաջող գործողության» մասին:
Ուկրաինայի տարածքում կամ նույնիսկ հարեւան երկրներում ի՞նչ «հատուկ գործողություններ» է ծրագրում Ռուսաստանը՝ կարելի է միայն ենթադրել: Ակնհայտ է, որ Ուկրաինայի կողմից Լեհաստանի տարածք դիվերսիոն-հետախուզական խմբեր «նետելու» մասին ՌԴ ԱՀԾ մամուլի հաղորդագրությունը ֆոն է, որպեսզի Մոսկվան իր հնարավոր գործողությունները «հիմնավորի ուկրաինական սպառնալիքը չեզոքացնելու անհրաժեշտությամբ»:
Ուկրաինայում պատերազմն առնվազն տեղեկատվա-քարոզչական և հատուկ ծառայությունների մրցակցության առումով «հատել է» Արևելյան Եվրոպայի սահմանները:

Բաց մի թողեք
ԵՄ ջանքերը՝ Չինաստանի պառակտումներին դիմակայելու համար
ԵՄ-ն շտապում է Բուդապեշտ՝ բանակցություններ վարելու սառեցված միջոցները Ուկրաինայում լարվածության ֆոնին վերաբացված
Օրբանը հեռացել է։ Ովքե՞ր են ԵՄ-ում հաջորդ գլխավոր խափանողները