Բուլղարիան, լինելով Եվրամիության անդամ, իր քայլերը համապատասխանեցնում է եվրոպական օրենսդրությանը և մինչև 2027 թվականը Ռուսաստանից էներգակիրների ներմուծումը փուլ առ փուլ դադարեցնելու քաղաքականությանը:
Այդ մասին ասել է Բուլղարիայի էներգետիկայի նախարար Ժեչո Ստանկովը՝ politico-ին հարցազրույցում, հաղորդում է inosmi.ru կայքը:
Բուլղարիայի կառավարության այդ որոշումը, կարելի է ասել, «մարում է» Եվրամիության շուկային էներգակիրներ մատակարարելու Ռուսաստանի վերջին հույսերը, քանի որ Հունգարիան և Սլովակիան զրկվում են ռուսական գազի տրանզիտից:
Բուլղարիայի էներգետիկայի նախարարը, սակայն, չի կարծում, որ այդ երկրները կհայտնվեն անելանելի վիճակում, քանի որ ունեն այլընտրանքային աղբյուրներից գազ ներկրելու հնարավորություն:
Նա, մասնավորապես, ասել է, որ իր երկիրը պատրաստ է ապահովել, որպեսզի Հունգարիան և Սլովակիան ամերիկյան հեղուկ գազ գնեն:
Միացյալ Նահանգները, ինչպես հայտնի է, Եվրամիության առջև խնդիր է դրել մինչև 2028 թվականը լիովին հրաժարվել ռուսական էներգակիրներից, առաջին հերթին՝ գազից:
Փորձագետները գտնում են, որ ԱՄՆ-ն չի կարող լիովին բավարարել Եվրամիության էներգետիկ կարիքները և կանխատեսում են, որ եվրոպական շուկային գազի մատակարարման հարցում «մրցակցությունը մեծանալու է»:
Այս ֆոնին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Կիպրոսի իշխանություններին «զգուշացրել է» Միջերկրական ծովում երկրաբանա-հետախուզական միակողմանի աշխատանքների անթույլատրելիության մասին:
Պաշտոնական Անկարայի գնահատմամբ՝ Կիպրոսի տարածքային ջրերի նկատմամբ հավասար իրավունք ունի նաև «Հյուսիսային Կիպրոսի հանրապետության» ժողովուրդը։
Դիտարժան է, որ, ըստ թուրքական մամուլի, Միջերկրական ծովի այդ հատվածում Կիպրոսը և Իսրայելը համատեղ էներգետիկ ծրագրեր են մշակում: Այդ հարցը, երևում է, Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահների բանակցությունների առարկա է դարձել:
Միաժամանակ Բաքվի մամուլը շատ թափանցիկ ակնարկել է, որ Ադրբեջանը «հազիվ թե թույլ տա, որ Ռուսաստանն իր տարածքով Իրանին գազ մատակարարի»:
Եվրամիության այսպես կոչված էներգետիկ անվտանգության ծրագիրը, որ հովանավորում է Միացյալ Նահանգները, այսպիսով, կարող է ոչ թե կայունության, այլ նոր հակամարտությունների պատճառ դառնալ:
Բաց մի թողեք
Փաշինյանը սկսեց գրոհը. հոգևորական է ձերբակալվել, թեմի առաջնորդի տուն են խուզարկել․ Լուսանկար
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել Բաքվում 23 հայերի կալանքի վերաբերյալ
Քանի՞սն է Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերել, քանի՞սն է մասնակցելու քվեարկությանը