Վալդայի խորհրդաժողովին ելույթում Վլադիմիր Պուտինը հակադարձել է Դոնալդ Թրամփին, որ Ռուսաստանն անվանել է «թղթե վագր» և մարտահրավեր նետել. «Թող փորձեն «թղթե վագրի» հետ կռվել»:
Նույն օրը տարբեր աղբյուրներ տարածել են Չեչնիայի ղեկավար Կադիրովի՝ ՌԴ պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի հերոս, գեներալ-գնդապետ Շամանովին հղած «ուղերձը»: Կադիրովին զայրացրել է պետդումայի նիստում Շամանովը ելույթը, երբ նա դժգոհել է, որ Չեչնիայի իշխանությունները նախ «կազակական բնակավայրերից ռուսներին դուրս են շպրտել, հետո էլ անցել են անվանափոխությունների միջոցով պատմությունը ջնջելուն»:
Կադիրովը հիշեցրել է, որ չեչենական երկու պատերազմի ընթացքում Շամանովը եղել է զորքերի հրամանատար և «ամենաանմարդկային վերաբերմունք է ցուցաբերել խաղաղ բնակչության նկատմամբ»: Նա Ռուսաստանի հերոս գեներալին անվանել է «ստոր», որ փոխանակ «գործած հանցանքների համար բանտում լինի, իրեն ապահովագրել է պատգամավորական անձեռնմխելիությամբ»: Կադիրովը սպառնացել է Չեչնիայում գործած ռազմական հանցագործությունների համար դատի տալ Շամանովին:
Կադիրովի ուղերձը քաղաքական է և նրա հասցեատերն ամենևին էլ Շամանովը չէ: Չեչնիայի ղեկավարը պարզորոշ գրել է, որ չեչենական հողի իսկական տերը չեչեն ժողովուրդն է, և ինքն ամեն ինչ անում է «նրա անունիղ և ի բարօրություն նրա»: Նա գեներալ Շամանովին հորդորել է իր նմաններին հավաքել և մեկնել «հատուկ ռազմական գործողության գոտու առաջնագիծ»:
Չեչենական երկրորդ պատերազմում Ռուսաստանի նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար է եղել Վլադիմիր Պուտինը, գեներալ Շամանովը նրա հրամանները հաջողությամբ կատարելու համար է արժանացել Ռուսաստանի հերոսի կոչման: Շամանովին անվանել «ռազմական հանցագործ» և վստահաբար պնդել, որ «դատարանը դա կապացուցի», նշանակում է նույնը հասցեագրել Վլադիմիր Պուտինին:
Կապացուցի՞ Պուտինը, որ գոնե ինքը «թղթե վագր» չէ և Կադիրովին «կարգի կհրավիրի՞»: Ըստ ամենայնի՝ ոչ: Իսկ գուցե ԱՄՆ նախագահը Պուտինի այդ թուլությունը նկատի ունենալո՞վ է Ռուսաստանն անվանել «թղթե վագր»:
«Եվրամիությունն, այո, ինքնուրույն բեւեռ է, բայց արդեն՝ խամրող»,- հոկտեմբերի 2-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահը Պուտինը, երբ գրեթե նույն ժամերին Կոպենհագենում ընթանում էր Եվրոպայի ժողովրդավարական ընկերակցության խորհրդաժողովը:
Նույն օրը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույց է տվել One America News Network հեռուստաընկերությանը և հավաստիացրել, որ Գազայում պատերազմի ավարտից հետո ձեռնամուխ կլինի ռուս-ուկրաինական կարգավորմանը: Թրամփն ասել է, որ նպատակը «համապարփակ խաղաղության հաստատումն է»:
Իսրայելական վերնախավը և փորձագիտական հանրությունը Միացյալ Նահանգների նախագահի լավատեսությունը չեն կիսում: Երուսաղեմում գերիշխում է մոտեցումը, որ քանի դեռ իրանական սպառնալիքն առկա է, և Թեհրանը «պրոքսի ուժերի միջոցով շարունակում է առաջ մղել հրեական պետության ոչնչացման ծրագիր, խաղաղություն չի կարող հաստատվել»:
Տպավորություն կա, որ Գազայի և Պաղեստինի պետականության հարցում Թրամփը «որոշակի զիջումներ է արել արաբա-իսլամական աշխարհին, որպեսզի կանխի Իրանի հետ նրանց դաշնակցությունը»:
Վերջին մի քանի օրերին ադրբեջանական մամուլում ռուս-իրանական ռազմավարական համագործակցության ակնհայտ հակաքարոզչություն է տարվում: Ադրբեջանցի փորձագետների գնահատմամբ՝ պաշտոնական Բաքուն «պետք է խուսափի միջազգային մեկուսացման ենթարկված երկու երկրի՝ Ռուսաստանի և Իրանի, միջև կապող օղակ լինելուց»:
Միամտություն կլիներ ասել, որ ԱՄՆ նախագահը չի գնահատում համապարփակ խաղաղություն հաստատելու շանսերը, որ, եթե առարկայորեն դատենք, թե իսրայելա-պաղեստինյան, թե Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի, թե հատկապես ռուս-ուկրաինական կարգավորման առումով չափազանց նվազ են:
Իսրայելի «զսպման» գինը կարող լինել միայն Իրանի միջուկային և հրթիռային ծրագրի ապամոնտաժումը: Թեհրանը վճառականապես մերժում է «կապիտուլյացիան» և սպառնում «խորտակիչ պատասխան հարվածներով», եթե Իսրայելը և Միացյալ Նահանգները դիմեն ուժի: Տարածաշրջանում, այսպիսով, նոր պատերազմի սպառնալիքն ավելի առարկայական է, քան՝ «համապարփակ խաղաղության» խոստումը:
Բաց մի թողեք
Մեհթիևը դատարանում խոսի՞. Ադրբեջանում սրան դատելը ստվերում է Հեյդար Ալիևին
Ռուսաստանին կվտարե՞ն Մերձավոր Արևելքից
Պուտինը պայթեցնում է իր պիստոններին, հերթում՝ Բաշար ալ-Ասադն է