15/10/2025

Հրայր Թովմասյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար. դատախազություն

2025 թվականի սեպտեմբերի 30-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը անփոփոխ է թողել ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով նրան 18.04.2003 թվականին ընդունված, Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման համար:

Մեղսագրված արարքները վերաբերել են Հրայր Թովմասյանի կողմից ՀՀ արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն: Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ի դատավճռով՝ մեղավոր էր ճանաչել Հրայր Թովմասյանին 18.04.2003 թվականին ընդունված, Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման համար (երկու դրվագ) և նրան ազատել քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետները 2019 թվականին անցած լինելու պատճառաբանությամբ։

Դատավճռի դեմ արարքների վերաորակման և վաղեմության ժամկետի կիրառման մասով դատախազի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք, իսկ պաշտպանների կողմից ներկայացվել էին բողոքներ՝ խնդրելով ճանաչել նրա անմեղությունը:

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 30-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու և դատավճիռն անփոփոխ թողնելու մասին: