15/10/2025

Դուք շարունակո՞ւմ եք հավատալ, բիոսարք է` ուղղակի ստում է

Մոտ 7-ամսյա լռությունից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ասուլիս էր հրավիրել: Երկժամանոց ասուլիսը, կարելի է ասել, նախընտրական բովանդակություն ուներ՝ ուղղված թե՛ արտաքին, թե՛ ներքին լսարանին։ 

Հրապարակ թերթը գրել է․ Նախ, նա ներածական խոսքով հանդես եկավ, որը վերաբերում էր օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված համաձայնագրի ամենախնդրահարույց կետին՝ ապաշրջափակմանը:

Եթե Քոչարյանի ասելիքն ամփոփենք, ապա իշխանության գալու դեպքում նա չի պատրաստվում չեղարկել այդ փաստաթուղթը, այլ որոշ առաջարկներով կփոխի դրա բովանդակությունը։ Ասուլիսի սրահում տեղադրված մոնիտորի վրա` քարտեզի միջոցով նա մանրակրկիտ ներկայացրեց բոլոր կոմունիկացիաները, կապուղիները, որպեսզի հերքի իշխանության այն պնդումները, թե Թրամփի ուղին կարեւոր հանգույց է տարածաշրջանի երկրների համար, եւ դրանից օգտվելու են բոլորը։ Ասաց, որ միջանցքը տարանցիկ ներուժ ունի, բայց դա փոքր-ինչ չափազանցված է։

«Ավելի իրատեսական է հետեւյալը. ճանապարհը հետաքրքրում է Թուրքիային՝ իր աշխարհաքաղաքական նախագիծն իրականացնելու, Ադրբեջանի եւ Միջին Ասիայի հետ կապվելու համար։ Ադրբեջանի համար՝ Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ կապվելու համար։ Եվ ԱՄՆ վերահսկողության տակ գտնվող միջանցքը շատ հետաքրքիր է Իսրայելին՝ Իրանի դեմ իրենց երկարատեւ ծրագրերի համար»։ Իսկ ինչ է ստացել Հայաստանը վաշինգտոնյան համաձայնագրերով։ «Ի՞նչ է ստացել ՀՀ վարչապետը․ ստացել է մեկ նկար՝ նախագահ Թրամփի ստորագրությամբ, եւ իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս եւս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին»,- հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը՝ նկատելով, որ Փաշինյանն ԱՄՆ-ում դեկորացիայի դերում է եղել՝ ինչպես դուռը, լուսամուտը եւ այլն։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն այս հռչակագրով ստացել է ապագայում ձեւավորվող միջանցքի նկատմամբ վերահսկողություն, Իրանի հետ սահմանին` փաստացի վերահսկողության հնարավորություն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նոբելյան մրցանակի է ներկայացվել, Ադրբեջանը՝ միջանցքի հնարավորություն ՀՀ տարածքով, Մինսկի խմբի լուծարում, 907-րդ բանաձեւի չեղարկում։ Ինչ վերաբերում է իշխանությունների պնդումներին, թե վաշինգտոնյան փաստաթղթերով խաղաղություն է հաստատվել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, երկրորդ նախագահը հայտարարեց՝ խաղաղություն չկա, կա զինադադար՝ կախված մեկ մարդու՝ Ադրբեջանի նախագահի ցանկությունից:

«Մտածում եք, որ այն ճանապարհի վրա, որի հետեւում կանգնած է լինելու ԱՄՆ-ն, ՀՀ-ն ի վիճակի՞ է լինելու ինչ-որ բան թելադրել»։ Ինչո՞վ է պայմանավորված Քոչարյանի համոզմունքը, որ միջանցքի վերահսկողությունն իրականացնելու է ԱՄՆ-ն, ՀՀ իշխանություններն այլ բան են պնդում, մտավախություն ունի՞, որ Բաքուն ի վերջո ճանապարհների ապաշրջափակում չի անելու։ Այս հարցին Քոչարյանն արձագանքեց. «Դուք շարունակո՞ւմ եք հավատալ այն ամեն ինչին, ինչի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, ունենք հազարից ավելի գրանցված ստեր, բիոսարք է` ուղղակի ստում է: Չի լինելու»:

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ եթե ստորագրված փաստաթղթով առանձնացվում է այդ ճանապարհը, սա հուշում է, որ այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը տարբեր է լինելու մյուսներից: Քոչարյանի համոզմամբ՝ մյուս ճանապարհներն արդեն հետաքրքիր չեն, քանի որ մնալու են միայն Հայաստանի օգտագործման համար. «Հայաստան-Հայաստան` ներսում, կամ Հայաստան-Վրաստան, որն օգտագործվում է, Հայաստան-Թուրքիան գուցե կբացվի: Այդ պրոյեկտի շահառուն մենք չենք լինելու, եթե մինչեւ Երասխ գիծը չգա, եթե երկաթուղային ճանապարհը նաեւ իրանական Ջուլֆայով չմտնի Իրան»: Ներկայիս նախագծի թերությունները թվարկելուց հետո, երկրորդ նախագահը նշեց, որ տարբերակներից մեկը նախագծի ընդլայնման առաջարկն է, քանի որ ԱՄՆ շահագրգռությունն ակնհայտ է: «Եթե ընդլայնումը ձախողվի, կարծում եմ, որ Ալիեւը կհրաժարվի․ կարելի է ընտրել երկրորդ տարբերակը»: «Երկրորդ տարբերակն ԱՄՆ-ին շնորհակալություն հայտնելն է եւ ասելը, որ դա լավ գաղափար է, բայց մենք՝ Հայաստանը, ինքներս կկառուցենք այդ հատվածը։ Մենք կարող ենք պահպանել «Թրամփի երթուղի» անվանումը, բայց վերահսկողությունը կմնա Հայաստանին։ Սա կլուծի կարեւոր հարց։ Իրանը սահմանակից է 7 երկրների։ Եվ միայն հայ-իրանական սահմանին կհայտնվեն ամերիկացիները։ Բռավո։ Եթե որեւէ մեկը կարծում է, որ Իրանն ուրախ է սրանից, ես ձեզ կհիասթափեցնեմ։ Երկրորդ ամենահեռավոր ամերիկյան ներկայությունը Ինջիրդիկն է՝ Միջերկրական ծովում։ Սա շատ ռիսկային է Հայաստանի համար։ Հարցն այն է, թե որն է ավելի վատ Իրանի համար՝ ԱՄՆ-ի՞, թե՞ Ադրբեջանի ներկայությունը սահմանին։ Ես այս հարցի պատասխանը չունեմ եւ վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները նույնպես չունեն»,- նշեց Քոչարյանը՝ հիշեցնելով Թեհրանի դիրքորոշումը, որ Իրանը թույլ չի տա սահմանների փոփոխություններ։

Բանախոսին հարցրինք՝ ճի՞շտ ենք հասկանում, որ ինքը հաշտ է միջանցքի գաղափարի հետ, պարզապես առաջարկելու է ընդլայնել, 42 կիլոմետրանոց հատվածը մի քանի անգամ երկարացնել, որ Երասխով Իրան ելք ունենանք, Ռ. Քոչարյանը հանդիմանեց մեզ, թե ինքն ընդամենը նշել է, որ ճանապարհը երկարացնելուց Հայաստանի շահերը գոնե տեսանելի կլինեն, բայց վստահություն հայտնեց, որ Ալիեւը չի համաձայնի դրան․ «Ավելի իրատեսական համարեցի, որ մենք ենք ճանապարհը սարքում, կոնտրոլը պահում մեր ձեռքում, ավելի իրատեսականը սա է, բայց սրա ճանապարհը նրա միջոցով է, իսկ եթե նրան համաձայնի, ապա գործող տարբերակը սա է»։

Անդրադառնալով իշխանության խոսույթին, որ իրենք խաղաղություն են բերել, որի այլընտրանքը պատերազմն է, երկրորդ նախագահն ասաց. «Ի՞նչ խաղաղության մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը։ Խոսում է մի խաղաղության մասին, որը կախված է մեկ մարդու` Ալիեւի տրամադրությունից, որովհետեւ այդ փաստաթղթում չկա երաշխիք, չկան երաշխավորներ եւ մեխանիզմներ։ Այդ հաստատված խաղաղությունը կախված է մեկ մարդու խղճից, նա այդ օրը կարող է վատ երազ տեսնել»։ Ինչ վերաբերում է իրենց` իրենք դեմ չեն խաղաղությանը, իրենք առաջարկում են այնպիսի խաղաղություն, որը կունենա երաշխավորներ եւ մեխանիզմներ։

Ըստ Քոչարյանի՝ ԱՄՆ նախագահի կողմից որեւէ երաշխիք չկա ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված խաղաղության պայմանագրի մասով։ «Սա ժողովրդին խաբելու հերթական փորձն է։ Քանի՞ անգամ կարելի է խաբել հայ ժողովրդի մի մասին։ Խաղաղություն չկա, կա զինադադար՝ կախված մեկ մարդու ցանկությունից»,- պնդեց Քոչարյանը։