Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 7-ին հանդես եկավ ասուլիսով, անդրադարձավ երկրում առկա իրավիճակին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը: Նա իր խոսքում ընդգծեց, որ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ազգային շահերի հաշվին իրականացվում են զիջումներ։ Նրա խոսքով՝ այս մոտեցմամբ իշխանությունները պատրաստ են հրաժարվել Արցախի նկատմամբ պահանջներից եւ կատարել այլ երկրների ղեկավարների ցանկացած ցանկություն։
Հրապարակ թերթը գրել է․ Քոչարյանը նաեւ կտրուկ արտահայտվեց Փաշինյանի վարքագծի մասին՝ նշելով, որ ՀՀ վարչապետի քաղաքականությունը վնասում է Հայաստանի պետական շահերին եւ ազգային արժանապատվությանը։ «Արցախը տանք Ալիեւին, ինչ ուզում է Էրդողանը՝ տանք: Վաղն ասելու է՝ Մակրոնն ինչ ուզում է՝ տանք, Թրամփն ինչ ուզում է՝ տանք: Հաստանի Հանրապետության հաշվին Մայր Թերեզա է աշխատում էս մարդը: Բարեբախտաբար, աղջիկ չի ծնվել, ազգային խայտառակություն կլիներ»,- նշել է նա: Երկրորդ նախագահը խոսել է նաեւ այն մասին, որ ուրախ կլինի, եթե ընդդիմադիրները գնան կոնսոլիդացիայի, եւ ինքն էլ պատրաստ է կոնսոլիդացիայի:
Երկրորդ նախագահի ասուլիսի մեսիջների եւ խոսքի բովանդակության մասին «Հրապարակը» զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ: Բադալյանը, անդրադառնալով ասուլիսին, նկատում է. «Նախընտրական քարոզարշավը փաստացի Հայաստանում սկսված է: Թե՛ իշխող ուժը, թե՛, բնականաբար, ամենախոշոր ընդդիմադիր ուժի առաջնորդը իրենց ասուլիսներն այդ տրամաբանության ներքո են իրականացնում: Այնպես չէ, որ Քոչարյանի մամուլի ասուլիսի ժամանակ հնչեց նոր բան, որն առաջ չէինք լսել, սակայն այս ասուլիսը կարեւոր էր նրանով, որ իմացանք «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը մի շարք հարցերի նկատմամբ: Օրինակ, Նախիջեւանի հետ կապված խոսվեց: Քոչարյանն ասաց, որ պետք է Նախիջեւանը եւս ներառվեր ճանապարհի մեջ, որ Ադրբեջանը ստիպված լիներ կառուցել այն, ինչը կունենար արժեք, հակառակ դեպքում` այն ճանապարհ չէ, այլ՝ Զանգեզուրի միջանցք, որի մասին Ադրբեջանի նախագահը հենց այսօր խոսել է: Երկրորդ նախագահը պնդեց, որ Զանգեզուրի միջանցքը հնարավոր է դարձնել Թրամփի ճանապարհ, եթե Երասխից մինչեւ Կովսական հնարավորություն լիներ: «Հայաստան» դաշինքից դեռ ոչ մեկը հստակ չէր նշել այս մասին, ի վերջո, փորձագետի ասածը մի բան է, քաղաքական թիմի ղեկավարի ասածը` մեկ այլ բան: Քոչարյանը նաեւ խոսեց այն մասին, որ «Հայաստան» դաշինքը մասնակցելու է ընտրություններին, իսկ թե ով կլինի առաջնորդը, այդ մասին կհայտարարվի հունվար-փետրվար ամիսներին: Նրա խոսքում կային նորություններ, ինչ-ինչ հարցերի վերաբերյալ հստակեցումներ, միեւնույն ժամանակ այդ ասուլիսը չփոթորկեց քաղաքական դաշտը եւ չստեղծեց իրավիճակ, որ ոմանք շիվարեն, չիմանան ինչ անել»:
Արմեն Բադալյանն անդրադարձավ նաեւ Մոլդովայի ընտրությունների դասերին. «Ասում են` ընդդիմության վարկանիշն է նվազել, սակայն, մեծ հաշվով, դա մեծ նշանակություն չունի, տեղի ունեցած խորքային իրադարձությունները վարկանիշ ասվածը հետին պլան մղեցին: Մոլդովայի ընտրությունները դրա վառ ապացույցն էին: Ի՞նչ տեղի ունեցավ Մոլդովայում: Մայա Սանդուն, որի վարկանիշը բավականին ցածր էր, Մոլդովայի տարածքում պարտվեց տեղի ընդդիմությանը, կարողացավ իր «հաղթանակը» լեգիտիմացնել: Այդ ընտրությունը ցույց տվեց, որ վարկանիշ ասվածն արդեն մեծ դերակատարում չունի: Վարչական տեխնոլոգիաների բիրտ կիրառում տեղի ունեցավ, ինչի արդյունքում վարկանիշ ասվածը դարձավ ոչ ակտուալ: Եթե անգամ ընդդիմության վարկանիշը 50 տոկոս լինի, իսկ իշխանության վարկանիշը՝ 16 տոկոս, դա չի նշանակում, որ ընդդիմությունը կարողանալու է հաղթանակ տանել 16 տոկոսի դեմ: Մայա Սանդուի դեպքում եղավ այդպես: Կա՞ երաշխիք, որ նույն բանը Հայաստանում էլ տեղի չի ունենա, կարծում եմ` չկա»:
Բաց մի թողեք
Անպատկառություն
«Չինգաչունգ» են անում ծառայողական մեքենաների համար
Էդմոն Մարուքյանը դատի է տվել ՀՀ կառավարությանը