16/10/2025

3 խոշոր միավորները կարող են շատ համոզիչ հաղթանակ տանել

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի մյուս հատվածում խոսքը վերաբերում էր ներքաղաքական, նախընտրական գործընթացներին։ Ինչպե՞ս է պատկերացնում ՀՀ նախկին նախագահը նախընտրական  գործընթացները, ի՞նչ ձեւաչափով, արդյո՞ք ինքն է գլխավորելու ցուցակը, ճիշտ չէ՞ արդյոք, որ ընդդիմությունը մոլդովական օրինակով առաջնորդվի՝ լայն կոնսոլիդացիայի գնա, ի՞նչ ուժեր կարող են համախմբվել իր առանցքի շուրջ… մեր այս հարցերին ի պատասխան՝ երկրորդ նախագահը փակագծեր գրեթե չբացեց։

Հրապարակ թերթը գրել է․ Թե ինչ ձեւաչափով են մասնակցելու, «Հայաստան» դաշինքի առաջնորդն ասաց՝ այդ մասին քննարկում դեռ չի եղել, որոշումը կկայացնեն հունվար-փետրվար ամիսներին: «Ես չեմ ուզում՝ մենք մտնենք նախընտրական տրամադրությունների մեջ հիմա: Թե ով է գլխավորելու ցուցակը` կախված է հետեւյալից, թե ով կունենա առավելագույն շանսեր՝ սոցիոլոգիայի համաձայն»,- ասաց նա։

Հարցին` հնարավո՞ր է ընդդիմադիր ուժերի առանձին-առանձին մասնակցելու պարագայում հեռացնել իշխանություններին, թե՞ կոնսոլիդացիա է պետք, Քոչարյանը պատասխանեց. «Ես չեմ կասկածում, որ երեք միավորով կարելի է։ Այդ խոշոր միավորն արհեստական չի կարող լինել։ Ես գիտեմ, որ քաղաքական դաշտում այսօր որոշ ուժեր բանակցում են, եւ միայն ողջունում եմ դա։ Բայց նաեւ ձայներ փոշիացնելու խնդիր կա։ Մարդիկ այդ պատասխանատվությունը զգում են եւ գնում են խոշորացման։ Իմ տպավորությամբ, այո, երեք աշխատող միավորները կարող են բավական համոզիչ միասին հաղթանակ տանել այս ընտրություններում»։

Մեր ճշտող հարցին՝ ինքը տեսնո՞ւմ է այդ երեք ուժերին, թե՞ տեսականորեն է ասում, երկրորդ նախագահն արձագանքեց. «Ես դա տեսնում էի տեսականորեն մի 6 ամիս առաջ։ Նույնիսկ տեսնում էի, թե ինչ դիրքավորմամբ է դա կարող լինել։ Մեկը բնական ձեւով եղավ՝ Սամվել Կարապետյանը։ Իմ տպավորությամբ՝ լինելու են եւս մի քանի միավորումներ, միանալու են, փորձելու են ավելի միավորված մասնակցել ընտրություններին, որից մեկն առավելություն է ստանալու մյուսների հանդեպ։ Ես չգիտեմ՝ ով է լինելու։ Ես չգիտեմ՝ եթե Սամվել Կարապետյանին չկալանավորեին, ինչ շարունակություն սա կունենար, բայց ստացվեց բնական եւ ոչ բնական ձեւով, որովհետեւ կալանավորելը հեչ բնական չէ»։

Ներկայացրինք փորձագետների կանխատեսումները, որ երրորդ միավորը հնարավոր է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լինի, ի՞նչ ազդեցություն կունենա այդ հայտը ներքաղաքական գործընթացներում։ Երկրորդ նախագահը բացատրեց, որ չի հավատում արհեստական բեւեռներին, քանի որ, իր կարծիքով, արհեստական առաջնորդ գոյություն չունի, եւ ընդգծեց, որ եթե ստեղծվի երրորդ ուժ, այն պետք է ստեղծվի անհատների կողմից եւ այնպիսի գործողությունների միջոցով, որոնք համոզիչ կլինեն ընտրողների մեծ մասի համար։ Նա նշեց, որ այս դերի համար կլինեն էական պայքար եւ մրցակցություն։ Քոչարյանը դա անվանեց նորմալ երեւույթ՝ ողջունելով մրցակցությունը բոլոր ոլորտներում։ Նա վստահ է՝ գործող իշխանությունը վերընտրվելու հնարավորություն չունի, չունի նաեւ ասելիք. «Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ձգտում է զրոյի»։

Այնուհետ ավելի բացեց փակագծերը․ «Այսօր երեւում է երկու միավոր, որ մտնում են խորհրդարան, շատ քիչ են զիջում ՔՊ-ին, մեկը «Հայաստան» դաշինքն է, մյուսը՝ Սամվել Կարապետյանի ուժը»: Նա վստահություն հայտնեց, որ այս երկու ուժերը միասին զգալիորեն կգերազանցեն իշխող կուսակցությանը։ Երկրորդ նախագահը հայտարարեց նաեւ, որ Դաշնակցության հետ համագործակցությունը շարունակվում է, ըստ էության։ «Մենք դեռ ոչինչ չենք քննարկել։ Քննարկումները տեղի կունենան հունվար-փետրվար ամիսներին, եւ մենք կփորձենք ընտրել ամենապրագմատիկ ձեւաչափը»,- հավելեց Քոչարյանը։ Նա կարծում է, որ հասարակական տրամադրությունների մեջ ինչ-որ բան փոխվել է։ «Այս առումով ես հիմա ավելի լավատես եմ. 2021 թվականին ես այդ լավատեսությունը չունեի։ Այն ժամանակ մենք պետք է ներխուժեինք եւ օգտվեցինք առիթից»։

Նաեւ զգուշացրեց Փաշինյանին՝ չկրկնել Մոլդովայի օրինակը, կեղծել ընտրությունների արդյունքները, ասաց, որ դա կհանգեցնի հեղափոխության։