Արցախյան պատերազմից ու Արցախի հայաթափումից հետո Հայաստանի հասարակությունը դեռ ուշքի չի եկել, դեռ վերքերը չեն բուժվել, դեռ արցախցի մեր հայրենակիցները լիարժեքորեն չեն ինտեգրվել հայաստանյան կյանքին՝ չունեն աշխատանք, մշտական բնակության վայր։
Հրապարակ թերթը գրել է․ Դրան գումարած՝ կան որոշ մարդաչնման արարածներ, որոնք վիրավորում, հալածում են նրանց, նրանց նկատմամբ թույն շնչում։ Արցախցիները նաեւ չեն մոռացել, թե ինչ տմարդի պահվածք դրսեւորեց Հայաստանի իշխանությունը, ինչպես անտեր ու մենակ թողեց Արցախը՝ թշնամու առաջ։ Եվ բնական էր, որ նրանցից ոմանք նաեւ ցավի ու կսկիծի, վրեժխնդրության զգացում կունենային։
Մենք հիշում ենք, որ 2020-ից հետո մի քանի նման դեպք գրանցվեց, երբ տունուտեղից, հայրենիքից, իրենց գերեզմաններից զրկված արցախցիներն իրենց վրդովմունքը հայտնեցին՝ մի կին հովանոց նետեց Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, մի տարեց մարդ պատշգամբից խնձոր շպրտեց։ Եվ Արցախը հանձնած վարչապետն անմիջապես հանձնարարեց գտնել, բռնել, պատժել հայրենազուրկ արցախցիներին։ Դրանց մեջ հանցանք տեսնելու համար պետք է մարդը կորցրած լինի բարոյականությունը, խիղճն ու պատիվը, բայց մեր իրավապահները, հնազանդորեն կատարելով երկրի առաջին դեմքի հանձնարարությունը, վարույթներ հարուցեցին նրանց նկատմամբ։
Արցախցի Ալբերտ Առստամյանը 2024թ․ օգոստոսի 23-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր էր նետել, նրա նկատմամբ քրեական հետապնդում էին սկսել, մեղադրանք առաջադրել։ Բարեբախտաբար, առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, նրան արդարացրել է։ Առստամյանն իրեն մեղավոր չի համարում՝ իր արարքը ներկայացնելով որպես քաղաքական դժգոհության արտահայտում։ Գործով հանրային մեղադրող Եսայի Աբովյանը բողոքարկել է դատավճիռը՝ պահանջելով ամբողջությամբ բեկանել 26.05.2024թ. կայացված արդարացման դատավճիռը եւ վարույթը փոխանցել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Բողոքն ընդունվել է վարույթ։ Այս բողոքը քննելու է իշխանության սրտի դատավորներից կազմված եռյակը՝ Վաչե Մարգարյան, Էդգար Մանասյան, Նարինե Հովակիմյան։ Կարելի է ենթադրել, որ բողոքը կա՛մ մասնակի, կա՛մ ամբողջությամբ կբավարարվի։ Բողոքի քննությունը շարունակվում է։ Կհետեւենք ընթացքին։
Բաց մի թողեք
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է
75 մլն դրամ հերթական ֆորումի համար