17/10/2025

Թուրքիան «հարյուր հինգ տարի հետո վերադառնում է Պաղեստին»

Քնեսեթում ողջունելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և երախտագիտություն հայտնելով խաղաղության հաստատման նախաձեռնության համար, Իսրայելի խորհրդարանի խոսնակ Ամիր Օխանան նրան համեմատել է Աքեմենյան Պարսկաստանի տիրակալ Կյուրոս Մեծի հետ:

Միջազգային մամուլի մի շարք հրապարակումներում այդ «արտառոց փաստը» պատմա-քաղաքական ենթադրությունների տեղիք է տվել: Վերլուծաբանների մի զգալի մաս կարծում է, որ Թրամփին համեմատելով Կյուրոս Մեծի հետ, Իսրայելի խորհրդարանի նախագահը նկատի է ունեցել ավելի քան երկու հազար հինգհարյուրամյա վաղեմության փաստը, երբ Բաբելոնը գրավելուց հետո Աքեմենյան Պարսկաստանի տիրակալն արտոնել է այնտեղ հրեաների վերադարձը և երաշխավորել նրանց հավատի ու ինքնության ազատությունը:

Այս տեսակետի կողմնակիցները հիշեցնում են, որ Քնեսեթի ելույթում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Իսրայելը հասել է այն ամենին, ինչին հնարավոր է ուժով և ժամանակն է, որ հաշտության ձեռք մեկնի Իրանին»:

Ավելի վաղ Թրամփն ասել է, որ Իրանից «խաղաղության ազդակներ են ստացվում», իսկ իսրայելցի խորհրդարանականների առջև ելույթում հավաստիացրել, որ «կցանկանար անհապաղ չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները, եթե նրանք ընդառաջ քայլ կատարեին»:

Եթե Գազայում պատերազմի դադարեցման պայմանավորվածությունները գործնականում իրականացվեն, ապա, ըստ էության, ներգրավված բոլոր կողմերը շահում են, բայց հատկապես՝ Թուրքիան, որ, ինչպես թուրքական իշխանամետ մամուլն է կանխատեսում, «հարյուր հինգ տարի հետո վերադառնում է Պաղեստին»:

Այդ դեպքում կորուստներ է ունենում թե սիոնիզմը, թե իրանական իսլամականությունը: Եվ ստացվում է այնպես, որ իսրայելա-իրանական շուրջ կեսդարյա կենաց-մահու մրցակցությունից երկու կողմերն էլ ոչինչ չեն շահում, միայն կորցնում են և դադարում լինել Մերձավոր Արևելքում «առաջին ձեռքի դերակատար», իրավիճակ, որ, անկասկած, լրջագույն ազդեցություն է թողնելու այդ երկրների ապագայի վրա:

Հնարավո՞ր է, որ Իսրայելը և Իրանը ճանաչեն միմյանց անկախությունը, դիվանագիտական և այլ կարգի հարաբերություններ հաստատեն: Պետք է նկատի ունենալ, որ Իրանում հրեական համայնքը շարունակում է մնալ որպես առանձին ինքնության կրող:

Ամեն դեպքում, ԱՄՆ նախագահին համեմատելով Աքեմենյան Պարսկաստանի տիրակալ Կյուրոս Մեծի հետ, Իսրայելի խորհրդարանի նախագահը, թվում է, որոշակի ակնարկ է արել պաշտոնական Թեհրանին: