16/10/2025

Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը երկու նոր տուն է ձեռք բերել

2021 թվականի փետրվարի 26-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Դիլիջան խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց 1984 թվականին ծնված Դավիթ Սարգսյանը։

Նա նախկինում Դիլիջան համայնքի ավագանու անդամ է եղել, ավարտել է Դիլիջանի պետական քոլեջը, համայնքի ղեկավար դառնալուց հետո հեռակա կարգով ավարտել է Եվրոպական համալսարանի Իջեւանի մասնաճյուղը։

Դավիթ Սարգսյանը հանրությանը հայտնի է նրանով, որ իր անձնական գործում «սեռ» նշման դիմաց գրել էր «արու», ինչն աղմուկի, զավեշտական քննարկումների առարկա էր դարձել։

Մինչ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվելը Դ․ Սարգսյանը բիզնեսով էր զբաղվում, նա իրենց ընտանիքին պատկանող բենզալցակայանում լիցքավորում էր մարդկանց ավտոմեքենաները, նաեւ բեռնատարով ավազ, ցեմենտ էր տեղափոխում, վաճառում։ Դիլիջանում ծիծաղով են պատմում այն մասին, որ երբ Դ․ Սարգսյանը նշանակվել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար, նրա բջջային հեռախոսահամարին զանգահարել է Պարզ լճի ճանապարհի մոտ օբյեկտ կառուցող մի երեւանցի ու Սարգսյանին  պատվիրել, որ նա իր բեռնատարով մի քանի պարկ ցեմենտ ու ավազ տեղափոխի իր օբյեկտ։ Դ․ Սարգսյանը պատասխանել է, որ չի կարող, քանի որ մի քանի օր առաջ ինքը Դիլիջան խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել։ Պատկերացրեք՝ գործարարի զարմանքը։

2021թ․ հոկտեմբերի 17-ին Դիլիջանում կայացան համայնքի ավագանու ընտրություններ, որի ժամանակ «Քաղաքացիական  պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում էր Դիլիջանի համայնքապետի պաշտոնակատար, ՔՊ կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանը։ ՔՊ-ն ընտրություններում հաղթեց, ապա նորընտիր ավագանու կողմից Դ․ Սարգսյանն ընտրվեց Դիլիջան քաղաքը եւ հարակից 6 գյուղերն ընդգրկող Դիլիջան մեծ համայնքի ղեկավար։

Համայնքապետ դառնալով՝ նա մեծ թափով սկսեց կասկածելի աճուրդներ իրականացնել եւ շուկայականից էժան գներով օտարեց Դիլիջան քաղաքին պատկանող որոշ հողեր, որոնք գնեցին շատ դեպքերում Երեւանի ու Հայաստանի այլ բնակավայրերի բնակիչներ, այլ ոչ թե տավուշցիներ։

Դիլիջան քաղաքի մի խումբ բնակիչներ մեզ բողոքել են, որ համայնքի ՔՊ-ական ղեկավար Դ․ Սարգսյանը քաղաքի Ջրհողեր թաղամասից վերեւ գտնվող հատվածում էլ հողեր է տվել իր համագյուղացիներին՝ Հաղարծին գյուղի բնակիչներին։ Այդ տարածքը Պուճուր Դիլի է կոչվում։ Դ․ Սարգսյանը 2024-ին մի ձեւական աճուրդով էլ Դիլիջան քաղաքում հող է օտարել իր հարազատ եղբայր Սասունին, որի համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 300 հազար դրամով տուգանվել է։ Դիլիջանի բնակիչները մեզ հայտնել են նաեւ, որ Դ․ Սարգսյանը Դիլիջանով հոսող Աղստեւ գետի հունը հաստաբուն ծառերից մաքրելու ծրագրի շրջանակներում Հաղարծին եւ Թեղուտ գյուղերի բնակիչներից բրիգադ է ձեւավորել, ապա հատված հաստաբուն ծառերի փայտը մի կապույտ գույնի «Ֆորդ» ավտոմեքենայով տեղափոխել են եւ իրացրել։ Դիլիջանցիները բողոքեցին նաեւ, որ համայնքապետարանը քաղաքում հատված ծառերից գոյացած, դժվարությամբ կտրվող, դժվարությամբ ջարդվող, նաեւ շատ դժվար վառվող ծառերի թափուկը` որպես օգնություն, տրամադրել է Դիլիջանի կարիքավոր բնակիչներին` 2-ական խորանարդ մետր ծավալով։ Բնակիչները մեզ պատմեցին, որ համայնքապետ Դավիթ Սարգսյանի բարեկեցությունն այս տարիներին աճել է, նա քաղաքի Շամախյան եւ Պապանինո թաղամասերում մեկական տուն է ձեռք բերել:

2025թ․ հոկտեմբերի 1-ին Դիլիջան համայնքի ղեկավարին, Դիլիջանի համայնքապետարանի եւ Դավիթ Սարգսյանի անձնական էլեկտրոնային հասցեներով հարցում եմ արել` մի քանի հարց առաջադրելով․ «Դիլիջան քաղաքում Աղստեւ գետը ծառերից մաքրելու շրջանակներում բազում հաստաբուն ծառեր են հատվել, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով այդ փայտը տեղափոխվել է։ Գոյացած փայտը Դիլիջան քաղաքի սոցիալապես անապահով ընտանիքների՞ն է հատկացվել, քանի՞ ընտանիքի է տրվել, որ բնակիչներին քանի՞ խմ գետի հունից հատված փայտ է տրամադրվել, ընդհանուր քանի՞ խմ է կազմել գետի հունից հատված փայտը։ Մեզ հայտնել են, որ քաղաքի Շամախյան թաղամասում, բազմաբնակարան շենքերի մոտ իրար կողքի գտնվող 3 քոթեջներից մեկը եւ քաղաքի Պապանինո թաղամասում կարմիր տուֆից կառուցված առանձնատունը, փաստորեն, պատկանում են Ձեզ։ Ո՞ւմ անունով են գրանցված այդ տները, ե՞րբ եք Դուք դրանք ձեռք բերել, ի՞նչ գնով»։

Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը, խախտելով ՀՀ սահմանադրությունը եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, մինչ օրս այս տեղեկատվական  հարցմանը չի պատասխանել, ժամանակ էլ չեն խնդրել` հարցմանը պատասխանելուն ուղղված հանգամանքներն ուսումնասիրելու համար, ինչպես նաեւ չեն հերքել հարցման մեջ առկա տեղեկությունները, ինչից մենք իրավունք ունենք եզրակացնելու, որ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, եւ համայնքապետն ուղղակի որոշել է չպատասխանել մեր եւ իր համաքաղաքացիների առաջ քաշած հարցերին։